Բաժիններ՝

«Զինված ուժերում կտրուկ նվազել է սուր շնչառական հիվանդացության դեպքերի քանակը». Սահակ Օհանյան

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ասուլիսի ժամանակ 168.am-ն առցանց տարբերակով հարց էր ուղղել` եթե ժամկետայինների դեպքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կան հստակ սահմանափակումներ, ապա ինչպե՞ս է խնդիրը վերահսկվում պայմանագրային ծառայողների և սպայական անձնակազմի պարագայում, որոնք, բնականաբար, մուտք ու ելք են անում, շփվում ընտանիքի անդամների հետ, ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց դեպքում:

Մեր հարցադրմանն ի պատասխան ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը նշեց, որ նշված կատեգորիայի զինծառայողները, երբ ժամանում են զորամաս, անցագրային կետում հատուկ` ոչ հպվող ջերմաչափով, ջերմաչափում է կատարվում, ջերմության արձանագրման դեպքում բժշկական ծառայությունն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Այսինքն` միանգամից մեկուսացում է իրականացվում, քննարկվում, թե ինչի հետևանքով կարող էր ջերմություն ունենալ:

«Մեկ ամսվա ընթացքում դեռևս նման խնդիր չենք ունեցել, որ կորոնավիրուսի մասին մտածենք: Շատ խորը անալիզ է արվում և մեկ ամսվա ընթացքում ջերմող զինծառայողների պարագայում բացահայտվել են որոշ հիվանդություններ, որոնք կարող են լինել բնակչության շրջանում` սուր շնչառական, խրոնիկ հիվանդության հետ կապված ջերմություն: Կրկնում եմ` ԶՈՒ-ում կորոնավիրուսի դեպք չկա»,-շեշտեց Սահակ Օհանյանը` հավելելով, որ առնվազն 2 անգամ ջերմաչափում է կատարվում մինչև ընդմիջման ժամը, այնուհետ, երբ պայմանագրային զինծառայողները, սպաները վերադառնում են ընդմիջումից:

«Երեկոյան տողանի ժամանակ բժշկական ծառայությունը հարցում է անում, բոլորը կապ են պահում զորամասի բժիշկների հետ, եթե ծառայությունից հետո որևէ առողջական խնդիր են ունենում: Ամեն ինչը վերահսկվում է, զեկուցվում վերադասին, ըստ այդմ` կայացվում է որոշում»,-լրացրեց գնդապետը` վստահեցնելով, որ քաղաքացիական անձանց մուտքը ՀՀ ԶՈւ մաքսիմալ սահմանափակված է:
Ըստ այդմ` այն կազմակերպությունները, որոնք սնունդի մատակարարում են իրականացնում, նրանց նկատմամբ կրկնակի աշխատանք է կատարում ԶՈւ բժշկական ծառայությունը:

168.am-ի հարցին` առհասարակ, գրիպով, թոքաբորբով կամ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության ընդհանուր պատկերն ինչպիսի՞ն է բանակում` ցուցանիշը նվազե՞լ է, թե՞ ունենք ավելացում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ուրախությամբ նշեց, որ այն բոլոր միջոցառումները, որոնք այսօր իրականացվում են, զինված ուժերում կտրուկ նվազեցրել են սուր շնչառական հիվանդացության դեպքերի քանակը:

Ըստ Սահակ Օհանյանի` սա պայմանավորված է նաև նրանով, որ ներս-դուրս շարժը չկա, զինվորներին չեն տրամադրվում արձակուրդներ, արգելված են քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր, զինվորների հարազատների այցելությունները, կապոցների ուղարկումը:

«Այս միջոցառումները բերեցին նրան, որ մենք վերջին տասը տարում, կարելի է ասել, հիվանդացության և ինֆեկցիոն հիվանդների նման ցածր ցուցանիշ չենք ունեցել»,-ընդգծեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը` վստահեցնելով, որն անում են ամեն ինչ, որ զինված ուժեր կորոնավիրուսը չներթափանցի:

«Ներկա իրավիճակը մեզ համար ասես զորավարժություն լինի: Երևի սրանից լավ «պայմաններ» մեզ համար չէր կարող լինել, երբ առավելագույն աշխատանք է տարվում: Այս պայմանները մոտեցված են պատերազմական իրավիճակին, դրա համար ես այսօր զինվորական համազգեստով եմ եկել»,-եզրափակեց գնդապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս