Մարդու իրավունքներ Հայաստան 2019. ԱՄՆ Պետական դեպարտամենտը տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործին
ԱՄՆ Պետական դեպարտամենտը մարտի 11-ին հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իր տարեկան ընդհանրական զեկույցը, որտեղ երկիր առ երկիր առանձին զեկույցներով ներկայացվում է մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը: Հայաստանի վերաբերյալ զեկույցը բավականին ծավալուն է, որի նախաբանում Պետդեպը ներկայացնում է ՀՀ կառավարման համակարգը, նշում, որ վարչապետն ընտրվում է խորհրդարանի կողմից, ղեկավարում է Կառավարությունը, իսկ նախագահը, որին ևս ընտրում է Խորհրդարանը, ընդհանուր առմամբ արարողակարգային դերակատարություն ունի։
Զեկույցի այս հատվածում Պետդեպն ընթերցողին ներկայացնում է 2018 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունները, «Իմ Քայլը» խմբակցության ստացած ձայները, տեղերը Խորհրդարանում և ԵԱՀԿ-ի ներքո դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գնահատականը։
Պետդեպի զեկույցում արձանագրված մարդու իրավունքների կարևորագույն հարցերն են եղել՝ խոշտանգումը, կամայական կալանքը, չնայած դրա մասին ավելի քիչ հաղորդումներ են եղել, բանտային ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական միջամտությունն անձնական կյանքին, էական խնդիրները՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ բռնության սպառնալիք՝ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր կամ ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ինչպես նաև երեխաների հարկադիր և ուժի գործադրմամբաշխատանքը։
Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել ոչ միայն՝ նախկին իշխանությունների, այլև՝ իր կառավարման օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները բացահայտելու, հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։
«Օրինակ, տարվա ընթացքում շարունակվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որը վերաբերում է 2008 թվականի հետընտրական ցույցերի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք հանգեցրել են 8 քաղաքացիական անձանց և 2 ոստիկանական սպաների մահվանը»,-ասված է Պետդեպի զեկույցում։
Ուշագրավ է զեկույցի առաջին՝ «Կյանքից կամայական զրկում և այլ հակաօրինական կամ քաղաքականապես մոտիվացված սպանություններ» վերտառությամբհատվածը, որտեղ անդրադարձ կա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
«Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատաքննությունը` պարզելու նրանց ենթադրյալ մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բանակը ցուցարարների դեմ հանելու գործին, որում 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան են սպանվել»,- ասված էր զեկույցի այս հատվածում, որտեղ ներկայացված էին բոլոր մեղադրյալների անունները։
Միևնույն ժամանակ՝ Պետդեպի փորձագետները հիշեցրել էին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հունվարի 29-ի զեկույցը, որտեղ նշված էր, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում 2008 թվականի մարտյան դեպքերի և մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ։
Սակայն, ըստ փորձագետների, հանձնակատարը նաև կարևորել էր, որ նման քայլերն իրականացվեն զգույշ և օրենքի գերակայության խստորեն պահպանմամբ, դատարանների անկախության, թափանցիկության սկզբունքին հավատարիմ՝ խուսափելով հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության կիրառումից:
Թարգմանությունը՝ 168.am-ի