Բաժիններ՝

Ուսուցիչների վերապատրաստման մասին

Տարածված տեսակետ կա այն մասին, որ պետությունը լավ մենեջեր չէ։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, շատ հաստատությունների կառավարումը պետությունները տալիս են մասնավորին։ Մեկ այլ տարբերակով էլ փորձ է արվում բիզնես կառավարման մոտեցումները տարածել պետական համակարգում։ Մշակվում են արդյունավետության ցուցանիշներ, թվերը դառնում են որոշիչ։

Այս մոտեցումներն աստիճանաբար տարածում են գտնում նաև Հայաստանի կրթական համակարգում։ Օրինակ, տարիներ առաջ որոշվեց, որ ուսուցիչների վերապատրաստումը պետությունը պետք է իրականացնի մրցույթի միջոցով։ Այս համակարգն ունի բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր։ Պաշտոնյաների կազմակերպությունները մասնակցում են այդ մրցույթին, հաղթում են, և օգտագործելով իրենց լծակները՝ ուսուցիչներին հավաքագրում են իրենց կազմակերպության վերապատրաստումների ծրագրում։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կասեցրեց այս ծրագիրը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այն բյուջեի վրա թանկ է նստում, և ճիշտ կլինի, որ այդ վերապատրաստումներն իրականացվեն Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման։ Խնայողություն անելով ուսուցիչների վերապատրաստման վրա՝ համակարգին վնաս հասցվեց։ 30-60 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներն իրենց հաշվին հսկայական ճանապարհ էին կտրում վերապատրաստումների գնալու համար։ Սննդի ծախսերը նույնպես հոգում էին ուսուցիչները։ Իսկ վերապատրաստողները որևէ լրացուցիչ գումար այդ վերապատրաստումների համար չէին ստանում, ինչը չէր կարող բացասաբար չազդել նրանց մոտիվացիայի վրա։

Հեղափոխությունից առաջ հայտարարվեց, որ Կրթության ազգային ինստիտուտն այլևս վերապատրաստումներ չպետք է անցկացնի։ Ճիշտ կլինի, որ ինստիտուտը մշակի վերապատրաստումների քաղաքականությունը, և մրցույթի միջոցով ընտրվեն վերապատրաստող կազմակերպությունները։ Հայաստանում մի խնդիր կա, որը շատ տիպական է։ Եթե ինչ-որ բան լավ չի աշխատում, մենք միշտ մտածում ենք փակելու կամ փոխելու մասին։ Բայց միգուցե ինչ-որ բան լավ չի աշխատում վատ կառավարման, անուշադրության պատճառով։ Ցավոք, նման դեպքերում մենք խորքային ռեֆլեքսիաներ չենք անում։ Ճիշտ կլիներ, որ հեղափոխությունից հետո խորքային ռեֆլեքսիա արվեր այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է Հայաստանում իրականացվի ուսուցիչների վերապատրաստումը։ Բայց չարվեց։ Եվ հիմա, ամենայն հավանականությամբ, ուսուցիչների վերապատրաստումը կիրականացվի մրցույթների միջոցով։

Ես այն կարծիքին եմ, որ ուսուցիչների վերապատրաստումը կրթական քաղաքականության գլխավոր հարցերից մեկն է, և շատ լուրջ ուսումնասիրություններ ու քննարկումներ պետք է արվեն որոշումներ կայացնելուց առաջ։ Սա նաև այն հարցն է, որտեղ չպետք է մտածել գումար խնայելու մասին։ Իմ առաջարկը հետևյալն է. Հայաստանում պետք է հայտարարվի մրցույթ՝ ուսուցիչ վերապատրաստող աշխատելու համար։ Այդ մրցույթի արդյունքում պետք է ընտրվեն լավագույնները։ Մրցույթը պետք է լինի թափանցիկ և օբյեկտիվ։

Բարեկամ, կուրսեցի, կուսակից լինելը որևէ ազդեցություն չպետք է ունենա մրցույթի արդյունքների վրա։ Պետությունը պետք է նրանց ապահովի բարձր աշխատավարձով, տարվա մեջ 1-2 անգամ արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռի։ Այս մարդիկ պետք է ծանոթ լինեն ոլորտի բոլոր հետազոտություններին, ինտենսիվ աշխատեն դպրոցների հետ, չափորոշիչներ ու դասագրքեր գրող մասնագետների հետ։ Բացի վերապատրաստումներից, այս մասնագետները պետք է նաև պարբերաբար աջակցեն ուսուցիչներին՝ ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, էլեկտրոնային նյութեր հրապարակելով։ Մի խոսքով, հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ պետք է հայտարարել մարդկային կապիտալի մոբիլիզացիա։ Պետության համար էլ մեծ դժվարություն չի լինի նման կառույցին տարեկան 1 մլրդ դրամ բյուջե հատկացնելը։

Ինչո՞ւ այլ կազմակերպությունների միջոցով վերապատրաստումներ անելու մոտեցումը Հայաստանում կարող է ձախողվել։ Խնդիրն այն է, որ այդ դեպքում բազմաթիվ մարդիկ ստեղծելու են կազմակերպություններ, կամ էլ մասնակցելու են գործող որևէ կազմակերպության միջոցով։ Արդյունքում՝ տեղի է ունենալու լավագույն կադրերի ցրում տարբեր կազմակերպություններում։ Օրինակ՝ մի կազմակերպությունում ընդգրկվելու է Մաթեմատիկայի լավագույն մասնագետը, մյուսում՝ Քիմիայի, երրորդում՝ Պատմության։ Մարդկային կապիտալի նման ցրման արդյունքում ոչ մի կազմակերպություն չի կարողանալու իր մոտ կենտրոնացնել լավագույն մասնագետներին։ Բացի այդ, նման կազմակերպությունները հարակից այլ ծրագրեր էլ են իրականացնում, քանի որ միայն վերապատրաստումների գումարը չի բավարարելու աշխատակազմին մշտական զբաղվածության մեջ պահելու հարցում։ Գումարած՝ այս դեպքում պետք է վճարել մի քանի կազմակերպությունների վարչական ծախսերը։ Արդյունքում՝ գումարը նույնպես մասնատվելու է։ Չկա նաև երաշխիք, որ այդ կազմակերպությունները վերապատրաստողներին այնպիսի աշխատավարձ կառաջարկեն, որ լավագույն մասնագետները կուզենան ընդգրկվել այդ ծրագրերում։

Մի խոսքով, ուսուցիչների վերապատրաստումը թիվ մեկ նշանակության խնդիր է։ Եթե կառավարությունը սրտացավ մոտեցում ցուցաբերի, ապա կկարողանա այս հարցն իր անմիջական մասնակցությամբ լուծել։ Եթե նախընտրեն ավելի հեշտ ճանապարհը, ապա տեղի կունենա մարդկային կապիտալի և ֆինանսների փոշիացում, ինչի արդյունքում էական փոփոխություններ չեն լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս