«Առաջարկում եմ հավաքագրվող գումարներ փնտրել ուրիշ հիմնադրամներում». Վիկտոր Սողոմոնյան

«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։ Այս նյութն իր մամուլի տեսության բաժնում տեղադրել էր նաև aravot.am-ը:

«Համացանցում փնտրեցինք այդ անունով ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Հայաստանում գրանցված նման ընկերություն չհաջողվեց գտնել։ Եվ քանի որ պարզ էր, որ չգրանցված կազմակերպության անունից նման առաջարկների մասին դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար մեկնաբանություն տալ, որոշեցինք զանգահարել այն հեռախոսահամարով, որով առաջարկներն արվում են, և ներկայանալով ՀԿ ներկայացուցիչ՝ մանրամասներ պարզել։

… Ինչպես և երևում է՝ առաջին հայացքից շատ բարի նպատակ է հետապնդում «Goal it»-ը. օգնելու է երիտասարդներին՝ գտնել անձանց, կազմակերպություններ, որոնք պատրաստ են անվճար պարապել, մասնագիտացնել իրենց։ Երբ մի փոքր ավելի հեռուն ես փորձում նայել՝ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Մասնավորապես, Առաջին տիկնոջ կարգավիճակից հետո ե՞րբ է վերջին անգամ Բելլա Քոչարյանը բարեգործությամբ զբաղվել, ի՞նչ կապ ունեն այդ բարեգործությունները Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացի, դատարաններում կազմակերպվող ակցիաների հետ, ո՞րն է Բելլա Քոչարյանի անելիքը, եթե այսպիսի ծրագրեր հասարակական կազմակերպություններն իրենք էլ իրականացնում են, ո՞րն է նրա բարեգործության բնույթը, եթե իրականում բարի գործ անում են երեխաներին կրթություն տվողները, և այսպես շարունակ»,-մասնավորապես գրել էր թերթը:

168.amՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ  են թերթի տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

«Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց խոսքն այն մասին է, որ սոցիալապես անապահով մարդկանց օգնում են որոշակի մասնագիտացում ձեռք բերել, աշխատանք գտնել: Խոսքն այժմ շատ փոքրաթիվ աշխատանքների մասին է: Կազմակերպությունը նորաստեղծ է, մեծ փորձառություն չունի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ինչո՞ւ այդ կազմակերպությունը հիմա սկսեց իր գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասաց, որ ինքը որևէ կերպ չի մասնակցել այդ կազմակերպության ստեղծմանը կամ մտահղացմանը:

«Ինքս իմացել եմ զրույցների ժամանակ և շատ ուրախ եմ դրա համար, որովհետև սա գործունեության այն տեսակն է, որը հարիր է Բելլա Քոչարյանին: Գիտեք նաև, որ Հայ օգնության ֆոնդում է շատ երկար ժամանակ զբաղված եղել բարեգործությամբ, նաև ոսկրածուծի դոնորների հիմադրամում է լայն գործունեություն ծավալել: Կարծում եմ, որ իր գաղափարն է, և, իհարկե, աջակցելու եմ, ինչով որ կկարողանամ: Եթե «Հայկական ժամանակը» գրել է այն տեսանկյունից, որ այդտեղ ինչ-որ գումարներ են հավաքվում, ապա սխալվում է: Առաջարկում եմ հավաքագրվող գումարներ փնտրել ուրիշ հիմնադրամներում, բայց ոչ այդ կազմակերպությունում»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս