Ի՞նչ է խոստացվել և ի՞նչ է արվում ներդրումների ներգրավման համար Հայաստանում

Տնտեսությանն առնչվող որևէ թեմայով պետական մարմինների աշխատանքի գնահատման համար առավել կարևոր է ուսումնասիրել կատարված աշխատանքը, քան դիտարկել միայն արձանագրված թվային ցուցանիշները՝ աճերը կամ անկումները, քանզի այս թվային արձանագրումները միշտ չէ, որ գործադիր մարմնի գործունեության ուղղակի հետևանքն են։

Արդյո՞ք արդյունավետ է գործել կառավարությունը, կամ ի՞նչ է արել վիճակի բարելավման և հետագա զարգացման համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։

Այս անգամ խոսենք ներդրումների մասին։

Առաջիկա տարիներին Հայաստանում կայուն և կանխատեսելի (առավել ևս՝ կտրուկ) տնտեսական աճ ապահովելու համար, ի թիվս այլ գործոնների, իրավամբ մեծապես կարևորվում է տնտեսության մեջ ներդրումների ավելացման հարցը։ Հիմնականում ի՞նչ են խոստացել պետական մարմինները ներդրումների ներգրավման առումով և ի՞նչ են կատարել։

1. Ներդրումային միջավայրի բարելավում

Խոստում․ Իրականացնելու ենք օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործելու ենք իրավական դաշտը։

Իրավիճակ. Ներդրումների մասին օրենքի փոփոխությունների ուղղությամբ որևէ տեսանելի աշխատանք չկա, նախագիծ չի շրջանառվել, հանրային քննարկում այս մասով առկա չէ։

Խոստում․ Միջազգային վարկանիշային ինդեքսներում զգալիորեն բարելավելու ենք ՀՀ դիրքը, ներդնելու ենք սեփական ինդեքս։

Իրավիճակ. «Moody’s» և «Fitch» վարկանիշային կազմակերպությունների գնահատումների և Գլոբալ մրցունակության ինդեքսի կողմից կա դիրքի փոքր բարելավում, «Գործարարությամբ զբաղվելը» և «Տնտեսական ազատությունը» ինդեքսներում կա ավելի մեծ ցուցանիշներով դիրքերի վատթարացում։ Սեփական ինդեքս չի ներդրվել, սրա մասին որևէ հանրային քննարկում չի իրականացվել։

Խոստում. Զարգացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ), ապահովելու ենք այս գործիքի կիրարկման համար անհրաժեշտ մեխանիզմներ։

Իրավիճակ. ՊՄԳ մասին նախկին կառավարության կողմից մշակված օրենքն ընդունվել է, սակայն կիրառելիության տեսանկյունից դեռևս մնում են խնդիրներ և չկարգավորված հարցեր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի հետ կապակցված։ Առանց հետագա օրենսդրական լրամշակումների և ենթաօրենսդրական հիմքերի ապահովման, համակարգը լրիվ և արդյունավետ չի կարող կիրառվել։

Խոստում. Ներդրումների արագացման նպատակով բարելավելու ենք ոչ միայն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումները, այլ նաև դրանց պաշտպանության մեխանիզմները։

Իրավիճակ. Իրավական կարգավորումների առումով որևէ փոփոխություն չկա արված, համակարգը գործում է այնպես, ինչպես գործել է մինչև իշխանափոխությունը։

Եթե ընդհանրացնենք ներդրումային միջավայրի խոստումների մասով՝

  • ոլորտի զարգացման հայեցակարգային, ռազմավարական փաստաթուղթ մշակված չէ,
  • բացի նախկին կառավարության մշակած ՊՄԳ օրենքը ընդունելուց, որևէ իրավական բարեփոխում իրականացված չէ,
  • ներդրողի պաշտպանվածության իրավական հիմքերի կատարելագործման ուղղությամբ բարելավում չկա։

2. Ներդրումների խրախուսում

Խոստում. Ներդրողին առաջարկվելու են «մեկ պատուհանի» ծառայություններ:

Իրավիճակ. այս գործառույթն ըստ էության իրականացնող պետական մարմինը՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամը, օտարվել է, պետական ֆինանսավորմամբ նման գործառույթ չի իրականացվել։ Միայն 2019 թվականի վերջին փորձ է արվել այլ կառույցի հիման վրա վերագործարկել նման գործառույթ։

Խոստում. Օտարերկրյա ներդրողներին տրամադրվելու են հետներդրումային սպասարկման ծառայություններ:

Իրավիճակ. ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ձևավորված այս ուղղությունը նույնպես չեղարկվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի օտարման հետևանքով, իսկ ձևավորված կարողությունները փոշիացվել են։

Խոստում. Կգործարկվի ներդրումային ծրագրերի հարթակ և կստեղծվի ներդրումների խթանման նպատակով անհրաժեշտ տեղեկատվական հենք:

Իրավիճակ. Նախկինում ստեղծված հարթակները,  ըստ էության, վերացվել են, կամ թողնվել են անգործության, որևէ նոր բան չի ստեղծվել։ Նման հարթակ փորձ է արվել ձևավորել Տարածքային կառավարման նախարարության կայքում, որը ներդրումների խթանման հարցում էական դերակատարում չի կարող ունենալ։

Խոստում. Ստեղծել ազգային վենչուրային ներդրումային հիմնադրամ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարել անհրաժեշտ ներդրումներ:

Իրավիճակ. Նման կառույց ստեղծված չէ: Եվ այլն:

Ընդհանրապես, ներդրումների խրախուսման մասին խոսելիս պետք է խնդիրը բաժանել երկու հիմնական մասի. այս հարցով զբաղվող կառույց՝ իր լավ մշակված խրախուսման ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքներով, և պետական ֆինանսավորում։

Կարելի է արձանագրել, որ ներդրումների խրախուսման պետական կառույցը՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամը, խիստ խնդրահարույց մոտեցմամբ օտարվել է՝ փոշիացնելով տարիների ընթացքում ձևավորված կարողությունները։ ՀՀ-ում կիրառվող՝ ներդրումների խրախուսման գործիքակազմն էապես տուժել է սրա արդյունքում։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա 2019 թվականի մասով, բնականաբար, առկա է էական անկում, քանի որ պետական համակարգում այլևս չկար այն կառույցը, որը պետք էր ֆինանսավորել։

Եթե չենք իրականացնում անհրաժեշտ (և խոստացված) իրավական բարեփոխումները, չենք իրականացնում բավարար խրախուսում, այս ամենի արդյունքում հնարավո՞ր է արդյոք համարել, որ ստեղծված են անհրաժեշտ նախադրյալները ներդրումային բում (կամ գոնե ներդրումների աճ) ունենալու համար. կարծում եմ՝ հետևությունը պարզ է։ Պատկերը չի փոխվում նաև այս հարցում ավելի կոնկրետ և խորքային մասնագիտական գնահատական իրականացնելիս։

Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս