Կրթության ոլորտում ժամկետների խախտումներ կան
ՀՀ կառավարությունը 2019թ. մայիսի 16-ի նիստում հաստատել է 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Այս ծրագրում մանրամասն նշվում է, թե առաջիկա 4 տարիներին ինչ փաստաթղթեր պետք է ընդունվեն, ինչ արդյունքներ պետք է ապահովվեն։ Դիտարկենք ծրագրի կրթության հատվածին վերաբերող որոշ դրույթներ։
Ծրագրի առաջին կետում նշված է, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է համապատասխանեցվեն հեռանկարային զարգացման ռազմավարական ուղղություններին։ Սա մեզ համար, թերևս, ամենակարևոր հարցերից մեկն է։ Հայտնի է, որ Հայաստանի կրթության ոլորտում չկա երկարաժամկետ մտածողության և պլանավորման մշակույթ։ Մեր բոլոր զարգացման ծրագրերը մեծ մասամբ մնացել են թղթի վրա։ Բացի այդ, մենք այսօր չենք կարողանում ռազմավարական ծրագրեր հաստատել։
Իմ կարծիքով՝ նման ձախողման պատճառն այն է, որ նախարարությունը չունի ռազմավարական հարցերով զբաղվող համարժեք օղակ։ Արդյունքում՝ նախարարությունը փորձում է միջազգային և տեղացի լոյալ փորձագետների հետ կարճաժամկետ պայմանագրերի միջոցով մշակել ծրագիր։ Բայց փոխվում է նախարարը։ Ստեղծվում է նոր աշխատանքային խումբ, որում ընդգրկվում են նոր նախարարի լոյալ փորձագետները, որոնք ինչ-որ նախագիծ են մշակում։ Բայց դա էլ է մնում կիսատ, քանի որ նորից նախարարը փոխվում է։ Այսպիսի ընթացք է ունեցել մեր կրթական համակարգը վերջին 5-6 տարիներին։
Եվ ահա հետհեղափոխական ծրագրով նախատեսված էր, որ մինչև 2019թ. օգոստոսի վերջին եռամսյակը պետք է մշակված լինեին կրթության ոլորտի հետագա զարգացման հիմնական սկզբունքները։ Գուցե այդ սկզբունքների սևագիրը մշակված է։ Բայց առ այսօր ոչ մի փաստաթուղթ հանրությանը չի ներկայացվել։ Նույն տասնօրյակում պետք է նախարարի հրամանով հաստատվեր կրթության ոլորտի զարգացման միասնական հայեցակարգը։ Այս փաստաթուղթը նույնպես չկա։ Մինչև 2020թ. մայիսի 20-ը «Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման թիրախների և 2020-2025թթ. զարգացման պետական ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Թեև դեռ 2 ամիս կա այս փաստաթղթի ժամկետին, բայց պարզ չէ, թե ինչ վիճակում է այն։ Այս պահին գոնե մասնագիտական հանրությանն ինչ-որ նախագիծ պետք է ներկայացված լիներ։
Ծրագրի երկրորդ կարևոր կետը ձևակերպված է այսպես. «Իրատեսական, կրթության ոլորտի շահառուների իրավիճակը բարելավող, հետազոտահենք քաղաքականության մշակում»։ Այս կետով նախատեսվում էր, որ մինչև 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ամբողջականացման գործողությունների պլանը պետք է հաստատված լիներ։ Այստեղ խնդիր կա՝ բարձրագույն կրթության հետ կապված։ Բանն այն է, որ մի շարք համալսարաններ ստեղծել են իրենց կառավարման տեղեկատվական համակարգը և չեն ցանկանում միանալ կենտրոնացված համակարգին։ Այս խնդիրը պետք է լուծվեր նախորդ տարի։ Բայց դեռևս առաջընթաց չկա։ Այս կետի հետ կապված՝ 2 գործողությունների վերջնաժամկետ է սահմանված 2020թ. մարտ ամիսը։
Երրորդ կետով նախատեսվում էր բարձրացնել Հանրակրթության կառավարման համակարգի արդյունավետությունը։ Ծրագրի համաձայն՝ 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակում նախարարի հրամանով պետք է հաստատված լիներ Հանրակրթության կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգը։ Այս կետն էլ չի կատարվել։ Անցած տարի դպրոցների կառավարման խորհուրդների հետ կապված նախագիծ հայտնվեց e-draft կայքում։ Բայց այն ընթացք չստացավ, և այս պահին խորհուրդների ճակատագիրն անորոշության մեջ է։
Հանրակրթության մասով նախատեսված էր նաև մինչև 2020թ. հունվարի 2-րդ տասնօրյակը վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հանրակրթության պետական չափորոշիչը վերանայելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Բայց այս կետը նույնպես կատարված չէ։
Անցած աշնանը պետք է իրականացվեր նաև Ուսուցիչների մասնագիտական որակավորման պահանջների համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշերին։ Մասնավորապես, 2019թ. հոկտեմբերին նախարարի հրամանով պետք է հաստատվեին ուսուցիչների մասնագիտական որակավորումների բնութագրերը։ Իսկ նոյեմբերին նախարարը պետք է հաստատեր ուսուցիչների որակավորումների բնութագրերի ներդրման քաղաքականությունը և ժամանակացույցը, որը նույնպես չի արվել։ Իսկ 2020թ.-ի ապրիլին պետք է ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը համապատասխանեցված լինեն որակավորումների նոր պահանջներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ փաստաթղթերն ընդունված չեն, չունենք նաև հանրակրթության գծով փոխնախարար, չի ստեղծվել Կրթության ազգային ինստիտուտին փոխարինող կառույցը, կարելի է ենթադրել, որ այս կետը նույնպես չի կատարվի։
Փաստաթղթից զգացվում է, որ նախարարությունը հատկապես հավակնոտ փաստաթղթեր է ներկայացրել հանրակրթության ոլորտում։ Օրինակ՝ մասնագիտական կրթության ծրագրերի հետ կապված՝ ժամկետներն ավելի հեռահար ու զգուշավոր են գրված։
Սահմանված ժամկետին քիչ թե շատ համապատասխանում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ի դեպ, կառավարության ծրագրով նախատեսված է եղել օրենքը կոչել «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենք։ Այս օրենքի նախագիծը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվեր 2019թ. նոյեմբերի 1-ին։
Նույնը կարելի է ասել նաև «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի մասին, որն արդեն Ազգային ժողով է հասել։
Իսկ ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում դանդաղ ենք շարժվում։ Մենք վաղուց պետք է գոնե ունենայինք մեր կրթության տեսլականը։ Ցավալի է, որ այս ձգձգումների համար ոչ մի բացատրություն չի տրվում։ Երբ ներքևի օղակներն ուշացնում են իրենց պարտավորությունների կատարումը, անպայման պատժվում են։ Բայց վերևների համար հաշվետվողականության մեխանիզմը չի աշխատում։