«Ինչքան հասարակության մակարդակը իջնում է, այնքան հեշտ է կառավարվում բացասական էմոցիաներով». Հարություն Մեսրոբյան
168.am–ում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական հյուրը կառավարման հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանն էր:
– Ինչո՞ւ են իշխանությունները նպատակադրված ուզում փոխել Սահմանադրական դատարանը (ՍԴ): Հրայր Թովմասյա՞նն է մեղավոր, որ ճանապարհները վատ են ասֆալտապատված, Հրայր Թովմասյանը կամ ՍԴ մյուս անդամնե՞րն են մեղավոր, որ երկրում կոռուպցիա կա, ինչո՞վ ձեռք չի տալիս, և ինչո՞ւ է ուզում այդպես արագ ու կտրուկ փոփոխությունների գնալ հանրաքվեի ճանապարհով:
– Նույն թրենդն է գնում: Այսինքն՝ տարբեր կառույցները սարքել ստորադաս ռեժիմով աշխատող: Պետական կառավարման իմաստով դա շատ վտանգավոր է ու կործանարար, առաջին հերթին՝ տվյալ իշխանությունների համար: Միշտ 3 թևի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ փորձագիտական կառավարման վրա, դատական համակարգի և մամուլի: Օրինակ, երբ մամուլն աշխատում է հետադարձ կապի իմաստով, դա ցանկացած պետության կառավարման վերնախավի համար պարգև է, որովհետև ինքը դառնում է արդեն կառավարող՝ բոլոր կողմերի իմաստով: Նման մոտեցումը միայն բարձրացնում է կառավարման որակը և երկարացնում է տվյալ իշխանության ղեկավարման ղեկին մնալը: Իսկ մեզ մոտ, քանի որ մենք գավառական մտածելակերպ ունենք շատ երկար ժամանակ, ճիշտ հակառակն է:
– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի հանրաքվեին մասնակցությունը, որովհետև մարդիկ հիմնականում չգիտեն՝ ինչի՞ համար պիտի գնան, քվեարկեն: Կա մի հատված, որ ասում է՝ չգիտենք՝ այս Սահմանադրության ո՞ր նախադասությունն է փոփոխվելու, բայց եթե Նիկոլ Փաշինյանն է ասում՝ կգնանք: Իշխանությունները, ի վերջո, կկարողանա՞ն հասնել իրենց նպատակին:
– Դուք երևի կհիշեք, որ առաջին նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր բաճկոնն ուղարկեց քննարկումներին, և ինքը 80 տոկոս ավելի ձայն ստացավ: Եվ այստեղ մենք ընկնում ենք մի հատ էլ հոգեբանական ծուղակի մեջ: 88-98-2008-2018թթ. այ հենց Ձեր նշած մոտեցմամբ: Ինչ ուզում են՝ անեն, թող ինքը լինի: Իսկ ո՞նց է լինում, որ 10 տարի հետո պոզիտիվը դառնում է նեգատիվ, նեգատիվը՝ պոզիտիվ: 88թ. Կարեն Դեմիրճյանը վատն էր, Լևոն Տեր-Պետրոսյանը լավն էր, իսկ 98թ. Կարեն Դեմիրճյանը լավն էր, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վատը: Անկախ նրանից՝ երբ է ձևավորվել ՍԴ-ն, նորից եմ կրկնում, պետական կառավարման իմաստով պարգև է, որ հիմա մենք ունենք այսպիսի ՍԴ: Եվ դա թիվ 1 խնդիր չէ, որ մենք երկրով մեկ դրանով զբաղվենք: Ես փորձ ունեմ: Բոլորը, երբ իշխանության մեջ են, խուլ են: Վստահ եմ, այս նոր իշխանություններն էլ չեն լսի իմ խոսքերը, բայց հետո մի քանի տարուց թող չզարմանան: Երբ պետական կառավարման մեջ կտրվում են ֆիդբեքները, իշխանությունը բավականին շուտ է փլուզվում:
– Ըստ որոշ փորձագետների, քաղաքական գործիչների կամ այլ ոլորտի մասնագետների՝ պատճառն այն է, որ Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է քննարկվել ՍԴ-ում, և այս նպատակն են հետապնդում իշխանությունները:
– Ղարաբաղի հարցը թղթով չի որոշվելու:
– Ինչո՞վ է որոշվելու:
– Մարտի դաշտում: Անգամ, եթե ընդունվեն հազարավոր փաստաթղթեր, որ Ղարաբաղը Հայաստանինը չէ ու անկախ չէ, դրանից հետո արյուն է թափվելու: Դա՝ միանշանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք մարդիկ, որոնք հլու-հնազանդ ընդունեն նման տեսակի որոշում և մարսեն: Դա անհնարին բան է:
– Եթե ուզում է այս ՍԴ-ն փոխել, ասենք, Հրայր Թովմասյանին՝ Վահե Գրիգորյանով, Արևիկ Պետրոսյանին՝ Գագիկ Ջհանգիրյանով, Ալվինա Գյուլումյանին՝ Նիկոլայ Բաղդասարյանով: Ավելի լա՞վն է դառնալու ՍԴ-ն: Կապ ունի, չէ՞, անձերն ովքեր են:
– Շատ ճիշտ և նուրբ հարց եք տալիս, որովհետև մենք հիմա անձերի միջոցով դուրս ենք գալու բարոյականության վրա: Վահե Գրիգորյան…Ո՞նց ենք մեկնաբանելու, որ քանի ամիս ինքը փաստորեն չի աշխատում և ստանում է աշխատավարձ, պարգևավճար… Բայց քանի որ մեզ՝ հայերիս մոտ բարոյականությունը միշտ հետին պլանում է, ամեն 10 տարին մեկ մենք սկսում ենք մեր ծոծորակը քորել՝ չհասկանալով, որ անձերը շատ մեծ դերակատարություն ունեն:
Բարձրացրեք Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ բոլոր հոդվածները և այն բոլոր պրոցեսները, երբ ինքը ՀՀ զինվորական դատախազն էր: Մարդկանց, որոնք միանշանակ չեն ընկալվում բարոյականության իմաստով, չի կարելի ընդհանրապես մոտ թողնել պետական կառավարման համակարգին: Ինչո՞ւ: Որովհետև բարոյական անկումը միշտ բերում է մտավոր անկման: Եթե մենք անձերի միջոցով թքում ենք բարոյականության վրա, նշանակում է՝ մենք թքում ենք որակյալ պետական կառավարման վրա:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ Կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել և հայտարարել, որ կոռուպցիայի մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն, նախկին կամ ներկա պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերը ապացուցող փաստեր չեն գտնում։ Զարմանալի չէ՞, երբ երկրի վարչապետն այդ աղաղակող փաստերի մասին գիտի, իսկ իրավապահ մարմիններն ինչ-որ չեն գտնում: Եվ մի քիչ շատ չե՞ն վարչապետի կողմից որակումներ ու գնահատականներ տրվում, անմեղության կանխավարկած է խախտվում, իսկ իրավապահ մարմիններն էլ ամեն դեպքում գիտեն, որ հայտարարելը բավարար չէ, պետք է ապացուցել: Սա չի՞ խոսում այն մասին, որ երկրում բոլոր հարցերում միանձնյա որոշում է կայացվում:
– Բանն այն է, որ նոր իշխանությունների մոտ մի հատ հոգեբանական խնդիր կա: Ակտիվիստի կարգավիճակն այլ լեզվամտածողություն է թելադրում: Իրենք դեռ չեն դառնում պետական պաշտոնյա, և այդ մկրատը լեզվի իմաստով շատ չար ազդեցություն ունի հենց իրենց վրա: Երբ հայտարարվում է, որ նախկինները կապված են ինչ-որ կոռուպցիոն սխեմաների հետ… Մեր աչքի առաջ եղավ «Կամազների» պատմությունը: Եվ այստեղ երկու հանգամանք արդեն ակնառու պետք է բոլորիս զգաստացներ: Առաջինը, որ առաջին փուլում փորձում էին դա բավականին գաղտնի անել: Եվ երկրորդը, որ «Կամազների» նվիրատվությունը և թույլտվությունները, այդ թվում՝ շինթույլտվությունները ժամկետային իմաստով շատ են համընկնում: Ցանկացած իրեն հարգող իրավապահ մարմին մենակ այդ երկու պատճառաբանությամբ պետք է հետաքրքրվեր: Փաստարկները շատ ծիծաղելի են: Որ ասում են՝ դե, իրենք՝ քաղաքապետարանի վերնախավը, հո իրենց համա՞ր չէին վերցնում:
Հարց է ծագում՝ իսկ եթե իրենց համար չէին վերցնում, ինչի՞ էին գաղտնի անում: Եթե միայն գիշեր-ցերեկ մտածում են Երևանի մասին, ավելի լավ: Բաց անեիք, որ ժողովուրդը նեցուկ լիներ, չէ՞: Ինչո՞ւ էին փակ անում: Ինչո՞ւ են համընկնում: Որովհետև կաշառակերությունից բարձր կա ուրիշ հասկացողություն՝ կոռուպցիա: Եթե դուք վերցնեք միջազգային չափանիշերով կոռուպցիայի սահմանումը, էդ «Կամազների» գործը լրիվ կոռուպցիայի տակ է ընկնում շատ հարցերով: Ինչո՞ւ ոչ մեկը չի շարժվում: Ինչո՞ւ նույն Քաղաքապետարանի վերնախավը հիմնականում դեմ է տալիս Հայկ Մարությանին: Ինչո՞ւ: Հայկ Մարությա՞նն է ամեն ինչ արել, ստորագրել, շինթույլտվությունները տվել, ինչո՞ւ չկան:
– Եթե ինքը տեղյակ չէ, դա էլ է խնդիր: Եթե քաղաքապետը տեղյակ չէ, դա էլ է պրոբլեմ: Ուրեմն ինքն այնքան չկա, որ իր ենթակաները կարող են թռչել իր գլխի վրայով:
– Առավել ևս: Բայց անգամ, եթե ինքը կա, ուրիշները որտե՞ղ են: Ինչո՞ւ են խորաթափանց լռում: Ասում են՝ բայց չէ՞ որ Քաղաքապետարանը լուծեց աղբահանության խնդիրը: Այո: Գիտե՞ք՝ ինչ տեղի ունեցավ: Քաղաքապետարանը «պռավալ» տվեց աղբահանությունը, հետո «դզեց», և դրա շնորհիվ «Կամազների» միլիարդանոց գործարքնե՞ր գնացին: Դա էր գինը: Այսինքն՝ մենք միշտ պետք է նման գի՞ն տանք:
– Ավելին, «Սանիթեքը» միջազգային արբիտրաժ է մտնելու, որովհետև դրսում այս պատմությունը դիտարկվելու է, որ ընկերության ձեռքից խլում են բիզնեսը: Դա երկրի հեղինակության առումով լուրջ վնաս է, չէ՞:
– Որովհետև չեն գալիս իշխանության՝ առանց ծրագրի: Չի կարելի «ռոլիկներ» անել՝ կմաքրենք, «կդզենք»: Հիշո՞ւմ եք քաղաքապետի ընտրությունները՝ կանենք, կմաքրենք, կսարքենք: Ինքն ընտրվեց: Հետո ձևավորվեց Քաղաքապետարանի վերնախավը: Ո՞ւր են իրենք: Քանի որ պրոցեսը սկսվել է, բնական է, որ հաջորդ իշխանությունները պահանջելու են նախորդ իշխանությունների հաշվետվությունները: Որովհետև ջինն արդեն բաց է թողնված: Նույնը՝ պարգևատրումների հարցը: Ես չեմ բացառում, որ հաջորդ իշխանությունները պահանջեն մինչև վերջին լուման պետբյուջե վերադարձնել այդ միլիարդավոր պարգևատրումները: