Բաժիններ՝

Ի՞նչ է դարքնեթը և ինչո՞ւ է պետք հեռու մնալ դրանից

Այն ամենը, ինչ պետք է իմանալ «գաղտնի ցանցի» մասին։

Ի՞նչ է դարքնեթը 

Դա հասկանալու համար հարկավոր է հասկանալ ինտերնետի կառուցվածքը: Համաշխարհային ցանցը պայմանականորեն բաժանված է երեք շերտերի.

  • Մակերեսային կամ տեսանելի: Դրանք ներառում են հանրային, բաց վեբ ռեսուրսներ: Այսինքն՝ ցանկացած կայք, որ կարելի է այցելել ստանդարտ հղումով և գտնել որոնիչներում:
  • Խորքային։ Ներառում է բովանդակություն, որը չի հայտնվում որոնիչներում: Անհատական ամպային պահեստների, կորպորատիվ ցանցերի և տարբեր փակ տվյալների շտեմարանների պարունակությունը. այս ամենը խորը ինտերնետ է: Ամենից հաճախ նման ռեսուրսների հասանելիությունը պաշտպանված է մուտքանունի և գաղտնաբառի միջոցով:
  • Մութ, դարքնեթ: Սա համակարգչային ցանցերի կոլեկտիվ անվանումն է, որը նախատեսված է տեղեկատվությունն անանուն փոխանցելու համար: Կան նաև ծառայություններ առևտրի, հաղորդակցման և բովանդակության փոխանակման համար, բայց դրանք չեն կարող բացվել սովորական բրաուզերի միջոցով կամ գտնել սովորական որոնման համակարգում:

Քողարկված ցանցերի ճարտարապետությունը խոչընդոտում է օգտագործողների հսկմանը և տեղեկատվության փոխանցման վերահսկմանը: Հետևաբար՝ դարքնեթը կարող է լինել՝ ինչպես գրաքննության դեմ ուղղված գործիք, այնպես էլ՝ հանցագործությունների խթան։

Շատ երկրներում դարքնեթը հասանելի է, բայց շատ գործողություններ, որոնք տեղի են ունենում համացանցի թաքնված շերտում, արգելվում են: Բիթքոինի հայտնվելուց հետո, որը թույլ է տալիս անանուն գումարներ ուղարկել, թաքնված ինտերնետը դարձել է վիրտուալ սև շուկա: Ի տարբերություն օրինական կայքերի, դարքնեթը հեղեղված է մանկական պոռնոգրաֆիայով, գողացված տվյալներով, թմրանյութեր, զենք և այլ ապօրինի ապրանքներ վաճառող կայքերով:

Ինչո՞վ է վտանգավոր դարքնեթը

Դարքնեթում շատ են նրանք, ովքեր ոչ միայն ապօրինի ապրանքներ և ծառայություններ են առաջարկում, այլև փորձում են թալանել կամ շահագործել այլ օգտվողների: Իհարկե, նման մարդիկ կան նաև սովորական ինտերնետում: Բայց թաքնված ցանցերի անանունությունը նրանց թույլ է տալիս գործել ավելի արդյունավետ:

Բնորոշ սպառնալիքներ, որոնց կարելի է հանդիպել դարքնեթում․

Կիբերհանցագործություն: Մի շտապեք որևէ բան գնել: Ստանալով գումարը՝ անանուն հեղինակը կարող է չկատարել իր պարտավորությունները: Բացի այդ, թաքնված ցանցերում տարածված է ֆիշինգը՝ հաշիվների և արժույթների հափշտակությունը, օգտագործելով կեղծ կայքեր:

Շոկկոնտենտ․ ցենզուրայի բացակայության պատճառով դարքնեթում հեշտ է գտնել բռնության և/կամ էրոտիկ կոնտենտ,եթե անգամ չէիք փնտրում դա։ Մարդիկ, ովքեր շատ զգայուն են, պետք է զգույշ լինեն մութ ցանցում։

Հոգեբանական գրոհներ: Մանիպուլյատորներն ու փսիխոպատներն անպատժելիության պատճառով կարող են դարքնեթում հարձակվել զոհերի վրա: Առավել վտանգավորներն ունակ են անկայուն հոգեբանությամբ մարդուն ինքնասպանության հասցնել:

Հակերների գործողություններ։ Ձեր էջերը պարզապես կարող են կոտրել՝ գողանալով ձեր անձնական տվյալները։ Նվազագույն դեպքում չպետք է սեղմել անհայտ հղումները և ներբեռնել կասկածելի ֆայլեր:

Եթե դուք ինքներդ մտադրություն ունեք խախտել օրենքը և կարծում եք, որ մութ ցանցը ձեզ անպատժելիություն կտա, կրկին մտածեք: Չնայած թաքնված ցանցերը մասնավոր են, անփութության կամ տեխնիկական անգրագիտության պատճառով դուք դեռ կարող եք բացահայտել ձեր ինքնությունը: Օրինակ՝ բավական է պատահականորեն ներբեռնել տրոյան դարքնեթից կամ կոնտակտներ թողնել սխալ տեղում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս