Բաժիններ՝

«Իսկ Դուք լսե՞լ եք մյուս տնօրեններին, որ նորմալ են գնահատում էս ամեն ինչը, թե՞ Դուք լսել եք երկու տնօրենի». Շենգավիթի թաղապետ

ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ժողովի է հրավիրել համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի գրանցամատյանները: Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել են դրանք:

Փետրվարի 12-ին 168.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից հարցրել էր, թե 21 տնօրեններից քանիսի՞ կատարածի փաստի առթիվ է հարուցված քրեական գործ: Ստացել էինք հետևյալ պատասխանը. «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հրապարակման ենթակա տվյալներ չկան։ Իրականացվում են համապատասխան նսխաքննական միջոցառումներ, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Ավելի ուշ՝ փետրվարի 17-ին, ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն»:

Նշվել էր նաև, որ նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի և ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետևանքով անհետացող գրելանյութով գրիչներ: Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքների մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են:

Այսօր ևս մենք ՔԿ-ին հարցրինք, թե արդյո՞ք նշված դեպքերով կոնկրետ անձանց մեղադրանքներ առաջադրված են: ՔԿ-ից կրկին ստացանք ոչինչ չասող ստանդարտ պատասխան. «Նախաքննությունն ընթանում է, լրացուցիչ հրապարակման ենթակա տեղեկությունների դեպքում կհրապարակենք»:

168.am-ը խնդրի շուրջ զրուցեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք ՔԿ հաղորդագրությունից հետո հանդիպել է վարչական շրջանի մանկապարտեզների տնօերնների հետ՝ զրուցելու, իրավիճակը հասկանալու համար:

«Ես չգիտեմ, թե որ մանկապարտեզներում է խնդիրը, ուստի և, կարծում եմ, տարանջատել և առանձին հանդիպում կազմակերպելու խնդիրը ևս չկա: Գործը դեռ ընթացքում է, և ինչ-որ մեկին այս պահին մեղադրել ինչ-որ մի գործողության մեջ, կարծում եմ, տեղին չի լինի: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ մենք ոչ ոքի ոչինչ ասելու ուղղակի իրավունքը չունենք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Մեր հարցին՝ ե՞րբ կպարզվի, թե ո՞ր մանկապարտեզներն են ամեն դեպքում ներգրավված այս գործում, մյուսների հետ պատրաստվո՞ւմ է հանդիպել, զրուցել, միգուցե ներողություն խնդրել նրանց պատճառած անհարմարության համար:

«Իսկ եթե բոլոր 21-ում լինե՞ր… Մենք չենք կարող, չէ՞, դիտարկել, թե որտեղ կա խնդիրը: Մենք մեկ մանկապարտեզի վերաբերյալ ունեցել ենք հիմնավոր կասկած և տեղեկացրել ենք ոստիկանությանը: Դրանից հետո ոստիկանությունը որոշել է, որ պետք է հավաքագրվեն բոլոր մատյանները և ուսումնասիրություններ անցկացվեն»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը՝ հերքելով այն տեղեկությունները, որ ինքն ի սկզբանե հերքել է, որ ինքն է ոստիկաններին հրավիրել:

Վարչական շրջանի ղեկավարը նաև չէր հասկանում, թե ինչո՞ւ պետք է ներողություն խնդրի՝ հարցնելով. «Իսկ Դուք ներողություն կխնդրեի՞ք: Ումի՞ց, Ձեր գործընկերների՞ց, ինչի՞ համար»:

Պատասխանին, թե՝ այո, եթե 21 մանկապարտեզների տնօրենների հանիրավի մեղադրեինք հանցագործության մեջ, շուրջ 6 ժամ՝ մինչև ուշ երեկո, մարդկանց զրկեինք ազատ տեղաշարժի իրավունքից, նա վրդովված արձագանքեց.

«Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքից զրկելը ոչ իրավաչափ գործողություն է: Դիմեք ոստիկանություն, թող իրենք գան, ես հերքումը տամ, այս հարցը փակվի: Ամեն ինչ տեղի է ունեցել վարչական շրջանի շենքում, ոստիկանների ներկայությամբ: Ի՞նչ է, ոստիկաննե՞րն են նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից: Չի եղել նման բան»:

Մեր դիտարկմանը, թե եթե մեկ մանկապարտեզի մասով է եղել հիմնավոր կասկածը, ինչո՞ւ են բոլորին հրավիրել, կամ ինչո՞ւ տեղում չեն գնացել մանկապարտեզ՝ խնդիրը հասկանալու համար, Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ, եթե իրենք տեղեկացնեին մեկ մանկապարտեզի տնօրենի, մյուսներն անմիջապես կիմանային այդ մասին, իսկ իրենք երաշխիքներ չունեին, որ մյուս մանկապարտեզներում ամեն ինչ կարգին է:

«Մենք գնում ենք ուսումնասիրության, մի տնօրենը մյուսին ասում է՝ դուրս են եկել ուսումնասիրության: Մենք փորձում ենք այնպես անել, որ կամաց-կամաց վերանա այդ մթնոլորտը»,- նշեց թաղապետը:

Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ ինքը նշանակվելուց հետո հանդիպել է բոլոր տնօրենների հետ ու խնդրել՝ մեկ ամիս ժամկետում վերացնել բոլոր խնդիրները: Դրանից հետո մտել են ուսումնասիրությունների, ունեն 70-ից ավելի արձանագրություններ, բայց միայն 8-ն են ստացել նկատողություն:

«Այսինքն՝ մենք մեր առջև խնդիր չենք դրել՝ բոլորին հանենք կամ նկատողություն տանք»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը, ապա վերադարձավ իր պատմության սկզբին, թե իրենք ունեցել են ինֆորմացիա ու ցանկացել են, որ իրավապահներն իրավական գնահատական տան դրան:

Նկատառմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են բոլորը թիրախավորվել, և, ի վերջո, եթե դա եղել է գրիչը ջնջելու կամ տվյալ փոխելու խնդիր, դա մեկ շաբաթ անց էլ կերևար, ասաց, որ հենց այդտեղ է խնդիրը:

«Տեղեր կան, որ 2 մատյան են պահել, տեղեր կան, որ այլ խնդիրներ կլինեին: Մեկ օրում կարելի էր ամբողջությամբ նոր մատյան վերցնել, որը սովորական մատյան է ու վաճառվում է, ու փոխել ամեն ինչ: Եթե ինֆորմացիան արդեն տարածվեր, կարծում եմ, որ սա ևս խնդիր կլիներ, ու շանս կլիներ այն մանկապարտեզներին, որտեղ նման խնդիր ևս կար, ու չէր բացահայտվելու»,- պնդեց թաղապետը՝ հավելելով, որ տնօրենների մեջ եղել է մարդ, ով երկու օրվա նշանակված է եղել, ինքն էլ եկել է ու մատյանը տվել:

Ռազմիկ Մկրտչյանը զարմանում է, թե ինչո՞ւ լրագրողները, որ այդքան թմբկահարեցին թեման, չեն գրում, թե ինչ վատ է, որ 5 դեպքում խնդիր կա: Մեր նկատառմանը, թե դեռևս ապացուցված չէ, որ խնդիր կա, նախաքննություն է ընթանում, ու պետք չէ խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը, նա պատասխանեց.

«Կարևորագույն խնդիրը նա է, որ մեր երեխաները պատշաճ կերպով, ճիշտ չափաբաժնով սնունդ ստանան, վերահսկողությունն ուժեղացվի: Մենք այլ խնդիր չունենք: Մենք խնդիր չունենք մանկապարտեզի տնօրենների հետ»:

Նաև հավելեց. «Ես շատ պարզ ձևով ասում եմ՝ ես եկել եմ աշխատելու, և ես չեմ հանդուրժի, որ իմ աշխատողը նստի-ասի՝ դե լավ, հա դե, ոչ մի բան չանենք: Նորմալ է, որ գնացել, ուսումնասիրել ենք: Իսկ Դուք լսե՞լ եք մյուս տնօրեններին, որ նորմալ են գնահատում էս ամեն ինչը, թե՞ Դուք լսել եք երկու տնօրենի: Զանգեք մյուս տնօրեններին, թող մյուս տնօրեններն էլ ասեն, որ նորմալ երևույթ է»:

Խնդրեցինք, որ վարչական շրջանի ղեկավարը հեռախոսահամարներ տրամադրի, և մենք սիրով կզրուցենք մյուս տնօրենների հետ: Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ պետք է ճշտել, թե ինքն իրավունք ունի՞ արդյոք մեզ այդ հեռախոսահամարները տրամադրել:

«Մենք մանկապարտեզներն այսօր բերել ենք մի հատ բարձր մակարդակի: Ես վստահ եմ, որ մանկապարտեզներում առկա ամենալավ իրավիճակը՝ թե՛ երեխաների սննդի մասով, թե՛ այլ մասերով, Շենգավիթ վարչական շրջանում է»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդպես կարծում, նա պատասխանեց. «Դուք չեք կարծո՞ւմ: Ես փաստեր ունեմ»:

Նկատառմանը, թե գուցե այդ հայտարարությունը կոռեկտ չէ, որովհետև ստացվում է, որ միայն ինքն է լավ աշխատում, սակայն մյուս վարչական շրջանների ղեկավարներին հարցնելու դեպքում էլ նրանք կպնդեն, որ իրենք են լավագույնը, Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ ինքը դա նկատի չուներ, և, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանում բոլոր մանկապարտեզները լավը լինեն, ուղղակի ինքն ուզում էր ասել, որ իրենց մոտ վերահսկողությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է:

«Իմ ասածն այն էր, որ մենք հասցրել ենք դրան: Ինչ-որ մի տեղ, որպես վարչական շրջանի ղեկավար, այո, ես գտնում եմ, որ ամենալավը մեզ մոտ է: Բոլորովին չեմ ուզում իմ գործընկերների աշխատանքը նսեմացնել»,- ասաց Շենգավիթի թաղապետը:

Վերադառնալով խնդրո առարկային՝ նա ընդգծեց, որ գրառումների վերափոխումներ չպետք է լինեն:

«Ես չեմ խոսում սննդի յուրացումների մասին: Մենք դեռ դրա մասին չենք խոսում: Մենք ասում ենք, որ մատյանում գրառումների վերափոխումներ են եղել: Ինչ իրավական հետևանքներ են դրանք թողել, դա հարցի երկրորդ կողմն է: Դրանից հետո նոր ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը՝ կրկին նշելով, որ մյուս մանկապարտեզների տնօրենները դժգոհ չեն, որովհետև հասկանում են, որ սա գործընկերային նորմալ իրավիճակ է:

Վարչական շրջանի ղեկավարն ասաց նաև, որ այդ օրը ժամը 21:00-ից հետո թաղապետարանի շենքում մարդ չի եղել. Առաջին մարդը շենքից դուրս է եկել 17:30-18:00-ի սահմաններում, հետո գնացել են մյուսները: Որևէ մեկը մարդկանց տեղաշարժը չի սահմանափակել, ով երբ ուզենար՝ կարող էր գնալ, պարզապես գործընթացն է երկար տևել:

«Մենք առհասարակ չենք խառնվել: Ոչ էլ արձանագրություն ենք կազմել: Ամեն բան ոստիկանությունն է արել, պարզապես ամեն ինչ տեղի է ունեցել մեր շենքում: Ես ընդամենը 2 րոպեով եմ եղել շենքում այդ օրը»,- ասաց թաղապետը:

Հարցին, թե ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղյա՞կ էր արդյոք, որ մանկապարտեզների տնօրեններին հրավիրել են թաղապետարան, նա պատասխանեց, թե նա տեղյակ է եղել, որ ժողով է լինելու:

«Ես պարոն Վիրաբյանի հետ այդ նույն ժամանակահատվածում եղել եմ գործակարգավարականի: Այն տեղի է ունենում որբաթ օրը՝ 17:00-ին: Որ ոստիկանությունն այդ ժամին պետք է գա, անգամ ես չեմ իմացել»,- ասաց թաղապետը:

Հարցին էլ, թե փոխքաղաքապետը տեղյա՞կ էր, որ ոստիկանությունը պետք է գա, նա պատասխանեց՝ կարծում եմ՝ այո:

«Ես ուղիղ պարոն Վիրաբյանին չեմ ասել, բայց այնպես չէ, որ պարոն Վիրաբյանը տեղյակ չէր, որ պետք է ժողով լիներ: Էդ ժողովը մեկը մյուսի հետ չկապենք,  որովհետև մենք որ ժողով ենք անում, շատ ժամանակ չենք ասում»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը:

Վերջինս կրկին նշեց, որ, երբ եղել է ինֆորմացիայի փոխանակում, որ խնդիր կա, ինքը մտածել է, որ կարելի է գործընթացը հեշտացնելու համար բոլորին մեկտեղել, բայց իրենք չեն մտածել, որ այսպիսի ալիք կբարձրանա:

«Մենք խնդիր չունենք, մենք ամեն ինչ արել ենք օրենքի շրջանակում»,- եզրափակեց Ռազմիկ Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս