Բաժիններ՝

Երբ «թողեք՝ աշխատեն»-ը Շենգավիթի թաղապետարանում հասկանում են՝ «թողեք՝ բռնենք»

Փետրվարի 9-ին ողջ համացանցով  լույսի արագությամբ տարածվեց մի հրապարակում, որտեղ ասվում  էր, թե Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի գրանցամատյանները: Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել են դրանք:

Լրատվամիջոցի հետ զրույցում թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հերքել էր տեղեկությունը, թե ինքն է կանչել ոստիկաններին, սակայն չէր թաքցրել, որ եղել է նման հանդիպում:

«Նախ և առաջ, այդ հանդիպումը նախօրոք պլանավորված եղել է, և ուղիղ կապել նրա հետ, որ  մենք գրանցամատյաններ ենք իրենցից վերցրել, ճիշտ չի լինի: Որովհետև այդ հանդիպման ընթացքում նոր ի հայտ է եկել, որ հարկավոր է գրանցամատյանները վերցնել, և դա արել է ոստիկանությունը: Այդ ամենը, պարզ ասենք, տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի  վարչական շենքում: Ոստիկաններն իրենք են եկել ու արձանագրություն են կազմել»,- ասել էր թաղապետը:

Ոստիկանությունից, սակայն, 168.am-ին ասացին, որ «Թաղապետարանից 07.02.2020թ. գրություն է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կասկածներ կան իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզներում վարվող փաստաթղթերում կեղծիքների վերաբերյալ: Գրությունում նշված հանգամանքները պարզվում են: Նյութեր են նախապատրաստվում»:

Թե ինչո՞ւ են հակասում իրար ոստիկանության ու երիտասարդ թաղապետի ասածները, թող իրենք իրենց մեջ պարզեն, սակայն մի բան ակնհայտ է՝ չէին կարող 21 տնօրեններն էլ չարաշահում արած լինել, էլ չենք խոսում այն մասին, որ ըստ էության տնօրեններին շուրջ 6 ժամ վարչական շրջանի շենքում պահելով՝ խախտել են նրանց  ազատ տեղաշարժի իրավունքը: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես զբաղվում է այս հարցով:

Բացի դրանից, մանկապարտեզները գործում են Քաղաքապետարանի ենթակայության ներքո, վերահսկողական հազար ու մի մեխանիզմներ կան, նույն թաղապետարանի աշխատակիցներն ու անձամբ թաղապետը կարող են ցանկացած ժամանակ մտնել ցանկացած մանկապարտեզ ու ստուգել՝ ինչ ուզում են, սակայն 21 տնօրենի պոտենցիալ հանցագործ ներկայացնելն ու նրանց հրապարակավ խայտառակելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Ու պատահական չէ, որ դեպքն այսքան մեծ ռեզոնանս գտավ հայ հասարակության մեջ ու լրատվամիջոցներում:

168.am-ը հետևողական կլինի ու կներկայացնի այս պատմության ավարտը, թե ի վերջո, մանկապարտեզի քանի՞ վարիչ ենթարկվեց պատասխանատվության ու ինչի՞ համար, կամ խնդրե՞ց արդյոք ներողություն Շենգավիթի թաղապետը նրանցից, ում հանիրավի հանցագործ էր ներկայացրել հանրության աչքում: Կամ ի՞նչ բարոյական իրավունք ունի իշխանությունը, որի մանկավարժն Ամանորից այս կողմ դեռ իր ողորմելի աշխատավարձը չի ստացել՝ այն դեպքում, երբ իրենց՝ թե բարձր աշխատավարձերը, և թե նույնքան պատկառելի պարգևավճարները վճարվում են ժամանակին, առանց փաստերի ու ապացույցների՝ պախարակել նրանց:

Ինքը՝ թաղապետը, իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես այսպես էր արդարացրել իր գործողությունները՝ «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը:

Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ: Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտությունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին):

Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները՝ համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով, տարվել են ուսումնասիրության»՝ այնուամենայնիվ չպատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են կամ կարո՞ղ են արդյոք վարչական շրջանի բոլոր մանկապարտեզների տնօրենները միաժամանակ  հանցագործ լինել:

Թեման երեկ շարունակվեց Երևանի ավագանու նիստի ժամանակ, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը առաջարկեց վերահսկողական նոր մեխանիզմներ գտնել կրթական հաստատությունները ստուգելու համար, հարց ուղղեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վերահսկողության ու մշտադիտարկման համակարգը կոնցեպտուալ փոխվի: Ավագանու իմքայլական անդամը թեպետ նշեց, որ հարցը գլոբալ է, սակայն չհերքեց, որ այն առնչվում է Շենգավիթի թաղապետի գործողություններին՝ ըստ էության արդարացնելով նրա քայլը:

Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ում ենթակայության ներքո է ոլորտը:

«Պիտի լինեմ շատ անկեղծ: 1 տարի և 3 ամիսների ընթացքում, որ ասում են՝ մանկապարտեզ, ինձ համար այն չի ասոցիացվում երեխայի, կրթական մեթոդների, բարի տրամադրությունների հետ: Ասում են՝ մանկապարտեզ, մտածում ենք՝ ստուգում, ասում են՝ մանկապարտեզ, մտածում են՝ ում բռնենք»,- ասաց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ ընդգծելով, որ ինքը հավաստիացնում է՝ համակարգում հանցագործներ չկան, և այնպիսի տպավորություն է, որ ամեն օր մտածում են՝ ինչ մեխանիզմներ ստեղծեն, որ բռնեն մարդկանց, ու ինչպե՞ս էլ ավելի խստացնեն:

Վիրաբյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տնօրեններին ավելի շատ ստուգում են, քան իրենք ժամանակ են ունենում աշխատելու, որովհետև տնօրեններին ստուգում է վարչական շրջանի համապատասխան բաժինը, Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչությունը, սննդի անվտանգության տեսչական մարմինը, Առողջապահության նախարարության այլ տեսչական մարմիններ:

«Շենգավիթ վարչական շրջանում 1 տարվա մեջ 240 անգամ ստուգել են, շաբաթ-կիրակի օրերը չեն ստուգել: Ես չեմ հիշում ավագանու մի նիստ, որ մենք չխոսենք՝ էլ ի՞նչ մեթոդներ կիրառենք ավելի շատ ստուգելու համար: Հանգիստ թողեք այդ մարդկանց, վստահեք, թող այդ մարդիկ աշխատեն: Մենք ստուգում ենք, ոչ այնքան, որ դա մարդուն ներվայնացնի, ինքը թողնի գնա, կամ ինքը մտածի, որ իրեն հանցագործի պես են վերաբերվում: Ստուգման արդյունքները մեզ բավարարում են»,- ասաց փոխքաղաքապետը:

Տիգրան Վիրաբյանը շեշտում է, որ, եթե կան չարաշահումների մասին տվյալներ, դրանք պետք է ստուգվեն ու պատժվեն, բայց չպետք է կոլեկտիվներին ամեն օր սթրեսի ենթարկել:

Ըստ փոխքաղաքապետի՝ իրենք ունեն այն գործիքակազմը, որ վստահ լինեն՝ մանկապարտեզներում տիրում է հանգիստ ու խաղաղ վիճակ:

«Եթե ստուգումների արդյունքում ոչինչ չի բացահայտվում, դա չի նշանակում, որ վատ են ստուգում, դա նշանակում է, որ չկա բացահայտելու բան: Օրինակ, երբ ստուգել են Շենգավիթ վարչական շրջանում, որևէ երեխայի ավելի թիվ չի եղել: Հիմա էն ստուգումները, որոնց արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, մենք ասում ենք, որ ուրեմն դա նորմալ ստուգում չէր: Ոչ, ստուգել ենք,  ու բան չի բացահայտվել»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Նա պնդում է՝ չկա մի դեպք, որ քաղաքապետի կամ իրենց կողմից որևէ մեկն արտոնություն ստացած լինի, և վերահսկողության վարչությունն ազատ է իր գործողություններում:

«Ստուգել ենք մի քանի դեպք, և այդ մարդիկ հայտնվել են համապատասխան ոլորտում, առանց աղմուկի: Մենք մեր գործն ենք անում, ամեն դեպքի համար աղմուկ բարձրացնելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մի քանի մանկապարտեզի տնօրենների գործեր ուղարկվել են համապատասխան կառույցներ: Բայց երբ դա մենք չենք հանրայնացնում, չենք ասում՝ էսինչ մանկապարտեզի տնօրենը դատվում է, շոու չենք անում, չի նշանակում, որ մենք չենք աշխատում»,- եզրափակեց Տիգրան Վիրաբյանը:

Ըստ էության Երևանի փոխքաղաքապետն իր այս պատասխանով դուրս եկավ համակարգի ընդհանուր մոտեցման ու տրամադրվածության դեմ, ու թե ի՞նչ հետևանք սա կունենա կոնկրետ իր համար, մենք դեռ կտեսնենք, սակայն շատ կարևոր մի եզրահանգում այս ամենից, այնուամենայնիվ, արվեց՝ թող ամեն մեկը զբաղվի իր գործով, և իմ փոխարեն՝ դուք մի աշխատեք: Թերևս, հենց սա էր այս ելույթի ուղերձը:

168.am-ը այսօր ևս Ոստիկանություն դիմեց՝ հասկանալու համար, թե Շենգավիթի թաղապետի հաղորդման ու ոստիկանների այցելությունից հետո ի՞նչ արդյունքներ կան, քրեական գործ հարուցվե՞լ է արդյոք:

«ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով երկու օր առաջ հարուցվել, ուղարկվել է քննչական»,- ասացին ոստիկանությունից:

Ճշտող հարցին, թե 21 տնօրեններից քանիսի՞ կատարածի փաստի առթիվ է հարուցված քրեական գործը, պատասխանեցին՝ «գրության հիման վրա ստեղծված նյութերով»:

Այլ մանրամասներ չհաղորդվեցին, և մենք այդպես էլ չհասկացանք, թե 21 «բերման ենթարկված» տնօրեններից քանի՞սն են ենթադրյալ հանցագործներ:

Փորձեցինք այդ անչափ կարևոր դրվագը ճշտել Քննչական կոմիտեից, սակայն ապարդյուն: Երեք ժամից ավելի սպասեցինք, որ ընդամենը մեկ թիվ ասեն, և ստացանք հետևյալ պատասխանը՝«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հրապարակման ենթակա տվյալներ չկան։ Իրականացվում են համապատասխան նսխաքննական միջոցառումներ, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Այս պատասխանը մեզ իրավունք է վերապահում մտածել, որ իրավապահ մարմինները միտումնավոր չեն ասում, թե, ի վերջո, 21 մանկապարտեզներից քանիսի տնօրեններն էին հավանական օրինախախտներ: Իսկ չասելը, կարծում ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն ուզում խնդիրներ ստեղծել Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի համար, քանի որ մենք չէինք ուզել, որ մեզ տրամադրեն անձանց անունները, մանկապարտեզների համարները. Ընդամենը հարցրել էինք՝ քանի՞ տնօրեն է օրինախախտում կատարել, և նախաքննական գաղտնիք վկայակոչելն այս պարագայում, մեղմ ասած, մանիպուլյացիա է:

Իսկ Ռազմիկ Մկրտչյանի քաղաքական թիմը պիտի պարտավորեցնի իր թիմակցին ներողություն խնդրել չստացված շոուի համար: Պոպուլիզմն էլ պիտի սահման ունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս