«Փաշինյանն իշխանության է եկել արևմտյան, արևմտամետ ուժերի աջակցությամբ». Ալեքսանդր Ռար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակը, ըստ էության, փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին մասնակցությունն է, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեստագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Ուշագրավն այն է, որ սա Նիկոլ Փաշինյանի արդեն երկրորդ այցն է ԳԴՀ:

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի առաջին այցը ԳԴՀ կայացավ կանցլեր Անգելա Մերկելի՝ 2018 թ. օգոստոսի 24-ին ՀՀ կատարած այցից հետո: Գերմանիայի կանցլերի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան, մեծ ուշադրության արժանացավ փորձագիտական և մեդիա համայնքի կողմից, քանի որ նման մակարդակի առաջին այցն էր հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և Մերկելը եվրոպացի այն բարձրաստիճան գործիչներից մեկն էր, ով առաջինն էր շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մի շարք դիվանագետների և միջազգայնագետների համաձայն՝ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերություններին այդ այցը նոր լիցք և թափ պետք է հաղորդեր, քանի որ Երևանում Մերկելի կողմից մի շարք ուշագրավ խոստումներ էին հնչել:

«Մենք ցանկանում ենք մասնակցել Հայաստանում անցկացվող բարեփոխումներին, ուշադիր հետևում ենք ձեր երկրում այս տարվա գարնանը տեղի ունեցած և ընթացող փոփոխություններին և գործընթացներին։ Պատրաստ ենք համագործակցությունը շարունակել այդ թեև բարդ, բայց կարևոր ճանապարհին»,- ասել էր կանցլեր Մերկելը։

Նա նաև նշել էր, որ Գերմանիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը հասնելու, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ողջ ներուժն իրացնելու հարցում:

Հայ-գերմանական հարաբերությունների վերջին միտումների, հնարավորությունների շուրջ «168 Ժամը» զրուցել է գերմանացի հեղինակավոր վերլուծաբան Ալեքսանդր Ռարի հետ:

– Պարոն Ռար, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցը ԳԴՀ: Հիշեցնեմ, որ այս ընթացքում կայացել է նաև կանցլեր Մերկելի այցը ՀՀ, այս այցերի ընթացքում հնչած մի շարք ձևակերպումներ թույլ էին տալիս ենթադրել, որ հայ-գերմանական հարաբերություններում նոր խորություն է ի հայտ գալու: Ինչպե՞ս կբնութագրեիք հայ-գերմանական հարաբերություններն այս երկու տարվա ընթացքում:

– Փաշինյանը նախ գալիս է մասնակցելու Մյունխենի կոնֆերանսին, որը մեծամասշտաբ քաղաքական միջոցառում է: Դրան մասնակցելու են պատվիրակություններ 100-120 երկրներից՝ ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Այս տարի մեծ հետաքրքրություն կա անվտանգության այս ամենամյա համաժողովի նկատմամբ, քանի որ աշխարհը վտանգի մեջ է, և չկան պատասխաններ շատուշատ հարցերի, թե ինչ է հարկավոր անել այդ վտանգները վերացնելու նպատակով: Ուստի Փաշինյանը մյուխենյան «տուսովկայի» ընթացքում հնարավորություն կունենա զրուցել մի շարք գործիչների հետ, հասկանալ, թե ինչի հետ կարող է հույսեր կապել Եվրոպայում և Արևմուտքում, ինչով է ներկայումս աշխարհը շնչում:

Ինչ վերաբերում է հայ-գերմանական հարաբերություններին, օրակարգին, ապա պետք է հասկանալ, որ Գերմանիայում ներքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է, քանի որ Գերմանիայում թուլանում է բարձրագույն իշխանությունը, տիկին Մերկելն արդեն «կաղ բադիկ» է, մեկ տարի անց նա կհեռանա, սկսվել է դաժան պայքար նրա ժառանգության համար, դա շատ բարդ փուլ է լինելու Գերմանիայի ներքին կյանքում: Խնդիրը միայն անձերը չեն, այլև քաղաքական կուրսը, քրիստոնեա-դեմոկրատները և սոցիալ-դեմոկրատները, կոալիցիոն մյուս կուսակցությունները պետք է կողմնորոշվեն կուրսի հարցում՝ որ ուղղությամբ կշարժվեն, դեռ դժվար է ասել: Երբ ԵՄ անդամ նման երկիրը, ինչպիսին Գերմանիան է, ունի այսպիսի խնդիրներ, ապա Եվրոպան ևս անկայունանում է: Ես անձամբ չեմ տեսնում ԵՄ-ում ընդլայնման միտումներ, նոր գաղափարներ և պրոյեկտներ ԵՄ արտաքին բլոկում:

Մակրոնը փորձում է կառուցել արևելյան նոր քաղաքականությունը, բայց նրան թույլ չեն տալիս, Ֆրանսիան իր սեփական խնդիրները ևս ունի, Անգլիան դուրս է գալիս, ԵՄ-ն թուլանում է, Արևելյան գործընկերությունը ևս իր տեղում է դոփում, թեև Գերմանիան նշում է, որ ԵՄ-ում նախագահության դեպքում նոր թափ կհաղորդի այս ծրագրին, կզարգացնի այս պրոյեկտը: Բայց կոնկրետ քայլեր, կոնկրետ մշակումներ և քաղաքական կամք, նոր ֆինանսական հնարավորություններ ավելի լայն եվրոպական քաղաքականության համար ես չեմ տեսնում: Շատ են խոստումները, բայց դեռ իրական քայլեր չկան: Չկա տեսլական՝ ինչպես աշխատել բալկանյան երկրների հետ, նախկին Հարավսլավիայի երկրների հետ, ուստի, եթե Փաշինյանը՝ ՀՀ ղեկավարությունը, սթափ, ռացիոնալ հայացք նետի այս ամենին, ապա կհասկանա, որ ԵՄ-ն մնում է ազդեցիկ գործընկեր, բայց՝ ոչ ավելին, ԵՄ-ից սպասել հեղափոխական քայլեր, շարժումներ ակնկալել, ընդլայնում, հետագա խոստումների իրականացում, այդ թվում՝ ֆինանսական, մոտակա 5-10 տարիների ընթացքում հարկավոր չէ: Պատրանքներ չպետք է լինեն:

– Այսինքն, Ձեր կարծիքով՝ այն խնդիրները, որոնք այսօր կան ԵՄ-ում, ետին պլան են մղել թե՛ ԱլԳ ծրագիրը, թե՛ այս երկրների և ԵՄ առանձին երկրների երկկողմ օրակարգերը:

– Այո, կարծում եմ, որ այն երկրները, ինչպիսին Մոլդավան է, պետք է վարեն երկվեկտոր քաղաքականություն, նրանք պետք է տնտեսապես հիմնվեն թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի վրա, փորձեն, նաև Ձեր դեպքում, հայացք նետել դեպի Չինաստան, ԵԱՏՄ: Այս ուղղությունները ԵՄ-ի համեմատ թույլ են թվում, բայց մյուս կողմից՝ ունեն ավելի մեծ զարգացման ներուժ, քան ԵՄ-ն ներկայումս:

– Հայաստանի քաղաքականությունը ԵՄ-ի հետ կարո՞ղ է փոխել կամ ակտիվացնել այդ հարաբերությունները: Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս հայկական կողմի քայլերը եվրոպական ուղղությամբ:

– Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին: Թվում է, որ համարձակ է ինչ-որ փուլերում, Հայաստանը գիտակցում է իր դերը՝ որպես ԵԱՏՄ հիմնադիր երկիր, փորձում է կառուցել անհրաժեշտ հարաբերություններ իր հյուսիսային հարևանների և գործընկերների հետ: Մյուս կողմից՝ Փաշինյանը իշխանության է եկել արևմտյան, արևմտամետ ուժերի աջակցությամբ, որոնք փորձում են Հայաստանի համար ուղիներ բացել դեպի Արևմուտք, բայց ԵՄ-ի քաղաքականության մեջ 1990-ական թթ. եղել են շատ խոստումներ, որոնք վերածվել են գործի, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, ուստի ինձ թվում է, որ հայկական քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ դա եվրոպական քաղաքականության գլխավոր խնդիրը չէ այսօր:

– Ինչո՞ւ եք կարծում, որ սա եղել է հեղափոխություն արևմտյան աջակցությամբ:

– Ինչո՞ւ, որովհետև իշխանության եկավ հեղափոխության ալիքի վրա, այնպիսին, ինչպիսին եղավ Ուկրաինայում, Վրաստանում: Նա խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ, խոստացավ առաջին հերթին պայքարել, որպեսզի լինի իրավունքի եվրոպական համակարգ, խոստումներ իրականացրեց, իհարկե, հույս ուներ, որ ԵՄ-ն ավելի ուշադիր, օբյեկտիվ է դիտարկելու իր քաղաքականությունը՝ ավելի շատ աջակցելով, այդ թվում՝ ՀԸԳԸ-ին, այն վավերացվեց, բայց այսօր արդեն կարող ենք ասել, թե ո՞ւր են այդ արդյունքները, դրանք խորհրդանշական են, որքանո՞վ էր այն ռազմավարական՝ ժամանակը ցույց կտա, բայց ես դեռ արդյունքներ չեմ տեսնում: Լավ է, որ տիկին Մերկելը եղավ Ձեզ մոտ, բայց Մերկելն այսօր արգելակում է ԵՄ զարգացումը, նա ցանկանում է թողնել Գերմանիան լավ վիճակում, Մակրոնն ավելի քան մեկ տարի ճնշումների է ենթարկում նրան, որպեսզի նա աջակցի ԵՄ-ին, արևելյան քաղաքականությանը, բայց ոչ մի կոնկրետ արդյունք մինչ այս պահը չկա, ուստի Փաշինյանի փորձը՝ բացել եվրոպական պատուհանը, չի հաջողվում:

– Ակնարկում եք, որ Արևմուտքը չի՞ կատարել իր տված խոստումները:

– Դուք ևս հասկանում եք քաղաքականությունից և գիտեք՝ ի՞նչ խոստումներ կարող են հնչել, բայց դրանք միանշանակ չեն, եթե նույնիսկ այժմ Փաշինյանը «ուժեղ թակի եվրոպական դռները», ասի, որ՝ Դուք չեք կատարում Ձեր խոստումները, արևմտյան պաշտոնյաներն էլ կասեն՝ «Դուք ևս չեք կատարում, դեռ կոռուպցիա ունեք, դեռ իրավական օրենսդրական բազան չկա», եկեք նաև հաշվի առնենք, որ Արևմուտքում այդ համակարգերը ձևավորվել են 75 տարի, ուստի այս իմաստով մեծ է ժամանակային տարբերությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև:

Այս խնդիրների ֆոնին շատ կարևոր է Մյունխենի կոնֆերանսը. այն աշխարհի գլխավոր կոնֆերանսն է, որն այս տարի անցնում է «Աշխարհն առանց Արևմուտքի» կարգախոսի ներքո, ինչն ինքնին խոսուն է: Սա, իրականում, կատակ չէ: Արևմուտքն ինքն է առաջին անգամ սկսում հասկանալ, որ դադարել է մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում, բայց բոլորը չեն այստեղ, որ դա ցանկանում են տեսնել, աչք են փակում այս իրողությունների վրա, և սա է գլխավոր հարցը՝ Արևմուտքը սկսում է նյարդայնանալ, Անգլիան է հեռանում, ԱՄՆ-ն է մի կողմ քաշվում, ԵՄ-ն ճաքեր է տալիս, անհասկանալի է, թե որ երկիրն է գլխավոր դերակատարություն ստանձնելու ԵՄ-ում, Ֆրանսիան տնտեսապես է թուլանում, ուստի չկա կոշտ և ընդունելի ընկալում, թե ինչպես լուծել այս խնդիրները, լիբերալ համակարգերը թուլանում են, խնդիրներ են հարուցում:

Այս իրավիճակում միամիտ կլիներ, որ ՀՀ ղեկավարությունը ԵՄ-ն դիտարկեր և համարեր այնպիսի կառույց, ինչպիսին այն 1990-ական թթ. Էր, և մտածեր, որ Արևմուտքը կօգնի: Արևմուտքը, որն այսօր խնդիրներ ունի և խնդիրներ է հարուցում, նման Արևմուտքից աջակցություն անհնար է ակնկալել: Հայաստանը ստիպված է շարունակել այն քաղաքականությունը, որը կարող է և որը հնարավոր է, այսինքն՝ այն, ինչ արել է իր ողջ պատմության ընթացքում, պահպանել հարաբերություններ Արևմուտքի հետ, բայց շարունակել և պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս