«Լավ հասկանում ենք Ձեր բոլոր մտահոգությունները, և կոչ եմ անում լինել համարձակ». Փաստաբան Հայկ Ալումյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մոտ մեկ ժամ ուշացումով շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Արդեն չորրորդ դատական նիստն է, քննվում է քրեական գործով ներգրավված չորս ամբաստանյալի պաշտպանների միջնորդությունները՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերում վերը նշվածի մասին միջնորդություններ էին ներկայացրել ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:

Մեղադրող դատախազները, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները միջնորդությունների վերաբերյալ իրենց տեսակետը նախորդ նիստերում չէին հայտնել՝ պատճառաբանելով, որ բոլոր միջնորդությունները լսելուց հետո միայն կներկայացնեն իրենց տեսակետը, քանի որ դրանք նմանատիպ են:

Միջնորդություններին միանալիս Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը մերժելիս կամ բավարարելիս դատավոր Դանիբեկյանի համար նշանակություն է ունենալու ոչ միայն միջնորդության իրավական հիմնավորումները, այլև այն, թե որքան է տվյալ դատավորի համար վտանգավոր այդ միջնորդությունը բավարարելը:

«Ցավոք, սա այն գործն է, որտեղ  մենք հասկանում ենք, որ ցանկացած դատավոր, ում առջև այս միջնորդությունը ներկայացվեր, ինքը, բացի իրավական վերլուծություններից, նաև պետք է վերլուծի, թե ինչ կարող է իր հետ հանկարծ պատահել,եթե  ինքն այդ միջնորդությունը բավարարի: Էլ ի՞նչ կարող են անել, դատարան կարող են փակել, կարող են այլ եղանակներով հասնել իր պաշտոնանկմանը՝ չխորշելով ոչ մի մեթոդից: Մենք լավ հասկանում ենք նաև Ձեր բոլոր մտահոգությունները, ու այնուամենայնիվ կոչ եմ անում այդ ամենը հաշվի չառնել և լինել համարձակ»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Մեղադրող դատախազների խոսքով՝ քրեական հետախնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ ներկայացված միջնորդություններն ամբողջությամբ անհիմն են և ենթակա են մերժման:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը մեջբերեց Սահմանադրական դատարանի որոշումը, որում դատարանն անդրադարձել էր նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցին, նշել էր, որ կա օրենսդրական բաց, չկա սահմանված ընթացակարգ, որի շրջանակներում պետք է որոշվի՝ արդյո՞ք մեղսագրվող գործողությունները բխում են պաշտոնաթող նախագահի կարգավիճակից, լիազորություններից, թե՞ ոչ:

«Այս անգամ ևս պաշտպանական կողմը սահմանափակվեց այս հատվածի մեջբերմամբ և չշարունակեց այն հատվածը, որում Սահմանադրական դատարանը նշում է, որ՝ հետևաբար այդպիսի իրավակարգավորումների բացակայության պայմաններում գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը կամ բացակայության հարցը պետք է որոշեն քննիչը, դատախազը, իսկ դատական վարույթներում՝ դատարանը»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ վերահաստատելով դիրքորոշումը, որ պաշտպանական կողմի բերած միջնորդությունները ենթակա են մերժման:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր համոզիչ փաստարկները ներկայացնելով՝ ջախջախեց ոչ թե պաշտպանական կողմի, այլ 2009 թվականի դատախազության տեսակետն ու ներկայացրած փաստարկները:

Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու օգտին ելույթ ունեցան նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:

Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 18-ին:

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:

Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Տեսանյութեր

Լրահոս