«Եթե հստակ նշված չի, թե որ գործողություններն են պատժելի, ապա անձը որևէ իշխանության փոփոխության ժամանակահատվածում ենթակա չէ քրեական պատասխանատվության». Միհրան Պողոսյան

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նախորդ դատական նիստում միջնորդել էր կարճել իր պաշտպանյալի նկատմամբ Քրեական օրենսգրքի  300.1 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը: Մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդներն առարկել էին միջնորդությանը: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ միջնորդության ներկայացումն ընդհատվել էր:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական նիստում լրացուցիչ հիմնավորումներ ներկայացրեց իր միջնորդության վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացված լրացուցիչ հիմնավորումները համարեց նախորդ նիստում ներկայացված հիմնավորումների կրկնություն:

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կարճելու մասին միջնորդություն ներկայացրեց նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը մեջբերեց իրավական ակտեր և նորմեր, որոնց համաձայն՝ անձի վիճակի վատթարացման տեսանկյունից քրեական օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող:  Պողոսյանը մեջբերեց նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

«Չի կարող այսօր անձն այս խոսափողն այստեղից վերցնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չլինի, վաղն օրենք ընդունվի, որ այս խոսափողը աջ ձեռքով վերցնելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, ու բերեն-ասեն՝ «գիտե՞ք ինչ, դուք այն ժամանակ աջ ձեռքով վերցրել եք»: Մարդ պետք է նաև կանխորոշի իր գործողությունները: Պետք է հնարավորություն ունենա հասկանալ, թե ի՞նչ է նախատեսված Քրեական օրենսգրքով, ո՞ր արարքներն են հանցավոր արարքներ, որպեսզի ձեռնպահ մնա այդ գործողությունները կատարելուց: Եթե հստակ նշված չէ, թե որ գործողություններն են պատժելի, ապա անձը որևէ ժամանակահատվածում, որևէ իշխանության փոփոխության ժամանակահատվածում ենթակա չէ քրեական պատասխանատվության»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Դատական նիստն այսօր սովորականից շուտ ավարտվեց, քանի որ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այլ դատական նիստի պետք է մասնակցեր:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 13:00-ին: Այդ օրը քրեական հետապնդման կարճման մասին միջնորդություն կներկայացնի նաև Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս