«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է քաղաքական շարժառիթներով». պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել Ռ. Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական հետապնդումը և գործը կարճել:
«Մի շարք դատական և նյութական նորմերին հղում կատարելով՝ մենք գտնում ենք, որ այս գործի քննությունը չի կարող շարունակվել, գտնում ենք, որ այն չէր էլ կարող սկսվել»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ ներկայացվող միջնորդության մեջ առանձնացված կետերով պատրաստվում են անդրադառնալ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի իրավական մեկնաբանություններին, ներկայացնելու են նյութաիրավական նորմի կիրառելիության խնդիրները, որոնք վերաբերում են նորմի որոշակիությանը/անորոշությանը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խտրական վերաբերմունքի էությունն է այն հիմնական փաստը, որ ողջ գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական հետապնդում է:
Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքն իր տարրերով խաթարում է ՀՀ-ում քրեական արդարադատության ոլորտում իրավական որոշակիությունը: Պաշտպանը նման եզրահանգման է եկել՝ հիմք ընդունելով այն, որ մեղադրանքի հիմքում դրված փաստական տվյալները, իրենց գնահատմամբ, ներկայացվում են՝ ի հեճուկս միևնույն դեպքերի առնչությամբ հակառակ փաստերը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի:
Հովհաննես Խուդոյանը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայտնի «յոթի գործին»: Տվյալ գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1 հոդվածի համաձայն:
Փաստաբանը հիշեցրեց, որ այդ ժամանակ հաստատվել են մի շարք փաստեր, օրինակ՝ որ ցույցերի ժամանակ եղել են մարդիկ, որոնք խաղաղ չեն եղել, կիրառել են սառը զենք, «Մոլոտովի» կոկտեյլներ, անկարգություններ են հրահրել։ «Եթե 10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,- ասաց փաստաբանը:
Խուդոյանը անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը՝ նշելով, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պնդմամբ՝ դատարանը նպատակ չունի ամբողջական ու օբյեկտիվ քննություն իրականացնել այս գործով։ Ըստ Խուդոյանի՝ սույն գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով, որն ընդունվել է 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ անձը կարող է հետապնդվել արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի նորմերով:
«ՀՀ գործադիր իշխանության քաղաքական ղեկավարը՝ վարչապետը և պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկու առանցքային ղեկավար պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ նախկին տնօրենն ու ՀՔԾ պետը, ուղղորդել և ճնշում են գործադրել դատարանների վրա, որ դատարանները նրա նկատմամբ կայացնեն խափանման միջոց կալանավորման նշանակման և կալանավորման ժամկետների երկարաձգման մասին որոշումներ՝ նույնիսկ, երբ բացակայել են փաստեր, որ առկա է իրական վտանգ, որ Քոչարյանը կդիմի փախուստի կամ կխոչընդոտի գործի քննությանը»,- միջնորդությունը ներկայացնելով՝ ասաց Հովհաննես Խուդոյանը՝ պնդման հիմքում դնելով բոլորին քաջ հայտնի ձայնագրությունները, որոնց վերաբերյալ իրավապահ մարմինները դեռ որևէ որոշում չեն կայացրել:
Պաշտպանի խոսքով՝ սա վկայությունն է այն հանգամանքի, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն արվել է ոչ թե հանցագործության կատարման հիմնավոր կասկածի հիմքով, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի18 հոդվածով սահմանված երաշխիքների խախտում է:
Սա հիմք է տալիս պնդելու, որ քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելն և քրեական հետապնդումը պայմանավորված է իշխանությունների քողարկված քաղաքական օրակարգով:
«Մեր խնդիրը չի կայանում նրանում, որ դուք գնահատական տաք կամ ինչ-որ ձևով փորձեք ներկայացնել այն խախտումները, որոնք մենք պնդում ենք, որ տեղի են ունեցել: Դրան կանդրադառնա ՄԻԵԴ-ը կամ այլ դատական ատյաններ: Մի՛ թողեք, որ խախտումները շարունակվեն, մի՛ թողեք, որ շարունակվեն մարդու իրավունքների խախտումները: Ֆեմիդան աչքերը փակ է, կշեռքով: Այսինքն, դիտարկեք շատ աբստրակտ, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների խախտում թույլ չտալու մասին, ինչը երաշխիք կլինի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները լինեն ապահովության զգացումով և գտնեն, որ իրենց իրավունքները կպաշտպանվեն դատարանի կողմից»,- միջնորդության ժամանակ ասաց Արամ Օրբելյանը:
Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում՝ փետրվարի 11-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:
Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում