Բաժիններ՝

Հրապարակվել է Տաղանդի գլոբալ մրցունակության զեկույցը

Հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հրապարակվեց Տաղանդի գլոբալ մրցունակության 2020 թվականի զեկույցը։ Անցած տարվա համեմատ՝ Հայաստանը 1 կետով բարելավել է իր ցուցանիշը։ Եթե 2019 թվականին Հայաստանը 61-րդ տեղում էր, ապա 2020-ին զբաղեցնում է 60-րդ տեղը։ Այս զեկույցը դիտարկում է տաղանդի խնդիրը 6 ցուցիչներով։ Դրանք են՝ տաղանդի համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, տաղանդի համար գրավիչ լինելը, աճը, պահպանումը։ Դիտարկվում են նաև գիտելիքի, մասնագիտական և տեխնիկական հմտությունների մակարդակը։ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը տաղանդի համար բարենպաստ միջավայրի ստեղծման մասով։ Այս ցուցանիշով, որի մեջ մտնում են օրենսդրությունը, բիզնես և աշխատանքային միջավայրը, Հայաստանը 65-րդ տեղից բարձրացել է 61-րդ տեղ։ Շատ ավելի էական բարելավում կա Տաղանդի համար գրավիչ պայմաններ ստեղծելու առումով։ Հայաստանը 72-րդ տեղից տեղափոխվել է 59-րդ տեղ։ Այս ցուցիչի մեջ մտնում են հասարակության բաց լինելը արտաքին աշխարհի և ներքին տարբերությունների վրա՝ ներառականությունը, հանդուրժողականությունը։

Հայաստանը շարունակում է մնալ հետնապահների թվում տաղանդ աճեցնելու ցուցիչով։ Անցած տարի Հայաստանը 101-րդ տեղում էր։ Այս տարի 132 երկրների մեջ զբաղեցրել է 100-րդ տեղը։ Այս ցուցիչի մեջ 3 բաղադրիչ կա՝ բարձրագույն կրթությունը, ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը և աճի հնարավորությունների հասանելիությունը։ Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը նահանջ է արձանագրել՝ 89-րդ տեղից տեղափոխվելով 90-րդ տեղ։ Նահանջի հիմնական պատճառը բուհերի ուսանողների թվի նվազումն է և ֆինանսավորումը։ Բարձրագույն կրթության ֆինանսավորման ցուցանիշով Հայաստանը 101-րդ տեղից տեղափոխվել է 107-րդ տեղը։ Շարունակվում է Հայաստանի նահանջը ամբողջ կյանքի ընթացքում կրթության ցուցանիշով։ Եթե անցած տարի Հայաստանը 115-րդ տեղում էր, ապա այս տարի արդեն 122-րդ տեղում ենք։

Այստեղ միակ մխիթարանքն այն է, որ Հայաստանի ցուցանիշը 2 միավորով բարձրացել է, և Հայաստանի հետնահանջը պայմանավորված է մասնակից երկրների թվի աճով։ Եթե 2019 թվականին ուսումնասիրության մեջ ներգրավված է եղել 125 երկիր, ապա 2020-ին այդ թիվը դարձել է 132։ Այդուհանդերձ, ամբողջ կյանքի ընթացքում կրթության մեր ցուցանիշը շատ մտահոգիչ է, քանի որ այսօր մեծ տարածում է ստացել այն տեսակետը, որ զարգանալու են այն երկրները, որոնց աշխատուժն ունի անընդհատ սովորելու կարողություն։ Իսկ այս զեկույցը վկայում է, որ մեր երկիրն այդ ցուցիչով վերջին տասնյակում է։

Աննշան առաջընթաց կա նաև տաղանդի պահպանման ցուցիչով։ Հայաստանը 65-րդ տեղից տեղափոխվել է 64-րդ տեղ։ Այս ցուցիչի բաղադրիչները ներառում են երկրի սոցիալական պաշտպանության համակարգը, բնապահպանական վիճակը, ապահովությունը, սանիտարական վիճակը։ Մի խոսքով, այն ամենը, ինչը մարդու համար կարևոր է տվյալ երկրում մնալու համար։

Հայաստանն ամենաբարձր ցուցանիշներն ունի մասնագիտական և տեխնիկական  հմտությունների, գլոբալ գիտելիքի ցուցիչներով։ Բայց նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցիչներում Հայաստանը մնացել է նույն տեղում։ Մասնագիտական և տեխնիկական հմտությունների ցուցիչով մենք 49-րդ տեղում ենք, իսկ գլոբալ գիտելիքի ցուցիչով՝ 47-րդ տեղում։ Առաջին մասով Հայաստանի բարձր ցուցանիշն ապահովվում է այն բանի շնորհիվ, որ Հայաստանի բնակչության մեջ շատ բարձր թիվ են կազմում միջնակարգ կրթություն ունեցող մարդիկ։ Հայաստանը աշխարհում 6-րդ տեղում է միջնակարգ կրթությամբ աշխատուժի ցուցանիշով։ Փոխարենը, բարձրագույն կրթություն-աշխատաշուկա համապատասխանություն ցուցանիշով 98-րդ տեղում ենք, իսկ դպրոցական կրթություն-աշխատաշուկա համապատասխանության ցուցանիշով՝ 65-րդ տեղում։

Գլոբալ գիտելիքի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը։ Այս ցուցիչը հիմնականում վերաբերում է բարձրակարգ գիտելիքներին։ Բարձրագույն կրթությամբ աշխատուժով մենք աշխարհում 4-րդ տեղում ենք։ Հետաքրքիր է, որ նորարարական արդյունքով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 48-րդ տեղը, բարձրարժեք արդյունքի արտահանումով՝ 61-րդ տեղը։ Իսկ գիտական հոդվածների ցուցանիշով աշխարհում 60-րդ տեղում ենք։

Նման զեկույցների դեպքում մեզ միշտ հետաքրքիր է, թե որ տեղն են զբաղեցնում Վրաստանը և Ադրբեջանը։ Վրաստանը մեզանից հետ է և զբաղեցնում է 68-րդ տեղը։ Վրաստանը Հայաստանից առաջ է միայն բարենպաստ միջավայրի ցուցիչով։ Ադրբեջանը զբաղեցնում է 45-րդ տեղը։ Բոլոր ցուցիչներով Ադրբեջանն ունի ավելի լավ արդյունք, բացառությամբ գլոբալ գիտելիքի, որը վերաբերում էր բարձրակարգ գիտելիքներին։ Այս ցուցիչով Ադրբեջանը 74-րդ տեղում է, մենք՝ 47-րդ տեղում։

Ըստ զեկույցի՝ առաջին եռյակում են Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Սինգապուրը։ Նախկին խորհրդային երկրներից առաջատար են Էստոնիան (24-րդ տեղ), Լատվիան (33-րդ տեղ) և Լիտվան (35-րդ տեղ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս