«Իրավական անարխիա. դեպի ավտորիտար կառավարման համակարգ թևակոխման հիմքերն արդեն նշմարելի են». Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ՝ սույն թվականի հունվարի 30–ին, Ազգային ժողովի կայքէջում տեղադրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից նախագծերը:

Ի՞նչ են փորձում անել:

Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը:

Այսպես՝ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշումը:

Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը:

Բացի նրանից, որ նախագծերով հասկանալի պատճառներով հիմքեր են փորձում ստեղծել Սահանադրական դատարանի դրական որոշումը ստանալու իմպերատիվ պահանջը վերացնելու, նաև վերացնում են ընդունված սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը:

Այսինքն՝ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Բնականաբար, վերոնշյալ պահանջները պատահական սահմանված չեն եղել Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով:

Դրանք մի սահմանադրական մարմնի կողմից կամայականությունների իրականացումը զսպող և հակակշռող մեխանիզմներ են, այսինքն՝ սահանադրական փոփոխությունների առանցքային նշանակությունը հաշվի առնելով՝ այդ պրոցեսի իրականացմանը ներգրավված են երեք սահմանադրական մարմիններ:

Ձեռքի հետ էլ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, լուծում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգում իրենց համար հնարավոր այլ խնդիր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա ՀԵՐԹԱԿԱՆ նիստերում, այլ առաջիկա նիստերում:

Ամեն դեպքում նախագծերը հակասահմանանադրական են, քանի որ, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքից այս կարգի վերացումն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին և օրենսդրական բաց է ստեղծվում:

Միաժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, ինչը ևս ակնհայտ իմպերատիվ կարգավորում է:

Ավելին՝ ստեղծվելիք իրավիճակի աբսուրդայնությունից ելնելով՝ կարող եմ ինձ թույլ տալ լրացուցիչ եզրահանգումներ կատարել:

Ենթադրաբար, իշխող ուժի դեմ կանգնած Սահմանադրական դատարանի օրհասական խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից է լինելու Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների իրականացումը, համաձայն որի՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանդրական փոփոխություններից հետո կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարան հարցը:

Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության»:

Տեսանյութեր

Լրահոս