«Եթե քննարկվել է հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման հարցը, ապա Ղարաբաղի ադրբեջանական համայնքը դառնում է գործոն». Մարտիրոսյան

Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված՝ Սահմանադրական դատարանի նախագահի մասին պատմող ռեպորտաժից առաջին տպավորությունս այնպիսին է, որ գործ ունենք շատ քաղաքականացված նյութի մատուցման հետ, սա ուղղակի ինֆորմացիոն պատերազմի մի գործիք է, որը կիրառվում է Սահմանադրական դատարան-Կառավարության ղեկավար շատ վատ բնույթ ունեցող դեբատի մեջ։ Այս մասին այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը։

Հարցին՝ այսինքն՝ Հանրային հեռուստաընկերությունն օգտագործվո՞ւմ է այդ նպատակի համար, Վլադիմիր Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո՛, ինֆորմացիոն պատերազմի տրամաբանության մեջ այդ հեռուստաընկերությունն ունի այնպիսի ծածկույթ, որ կարող է կարծիքը հասցնել ամեն տեղ։ Այսօր կարծիք կազմելու և Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ սնանկացնելու գործում մեծ առաքելություն ունի Կառավարությունը»,- ասաց Մարտիրոսյանը։

Վերջինս գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում որակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, թե՝ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ»։

«Իսկ ո՞վ է որոշել, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ, ո՞վ։ Ինչի՞ հետ մենք գործ ունենք այսօր. գործ ունենք իրավական պետության տրամաբանությա՞ն, թե՞ հեղափոխական ձգտումների հետ, իսկ այդ հեղափոխական ձգտումների հիմքում ի՞նչն է ընկած այդ դեպքում՝ իրավական պետություն կառուցե՞լը, իշխանության թևերի տարանջատման սկզբունքը սրբության նման պահե՞լը, թե՞ բուռն հեղափոխական տրամաբանության շարունակությունը, որի ընթացքում պետությունն այլևս կորցնում է իր իրավական բնույթը,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով,- Սա նոնսենս է, որ երկրի ղեկավարն ու Սահմանադրական դատարանն ու դրա ղեկավարն ունեն այսպիսի դեբատ և այսպիսի դիսկուրս»։

Վլադիմիր Մարտիրոսյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ ասել է՝ հին, և ո՞րն է հին լինելու իրավաքաղաքական բնորոշումը։

«Եթե մենք խոսում ենք հիբրիդային ինֆորմացիոն պատերազմի մասին, ապա պետք է ասեմ, որ դա այսօր տեղ է գտնել Հայաստանում, դրա վտանգները շատ մեծ են, և իրավունքի գերակայությունն ու պատասխանատվությունն այլևս խաթարված են։ Մենք, փաստորեն, առաջնորդվում ենք ոչ թե իրավական տրամաբանությամբ, այլ հեղափոխական աբսոլյուտիզմով, որտեղ հեղափոխականներն իրենց փորձում են հռչակել հեղափոխականների սրբադասված լիգա, որոնք տիրապետում են բոլոր ճշմարտություններին, իսկ դրանից դուրս գտնվողները պիտակավորվում են՝ որպես սև կամ հին, և այլևս տարվող դիսկուրսի մեջ բովանդակային քննարկումը կորչում է։ Սա մեծ դժբախտություն է մեր պետականության համար»,- ասաց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված հանձնաժողովին՝ Վ. Մարտիրոսյանը նկատեց, որ իր համար պարզ չէ, թե այդ հանձնաժողովն ի՞նչ գերխնդիր է դնելու իր գործունեության առաջ։

«Որոշ ժամանակ առաջ էի ասել, որ իշխանությունները ման են գալու և գտնելու են զոհ. եթե նախկինում այդ զոհը բյուրոկրատիան էր և որոշ մարդիկ, հիմա էլ հասել ենք այն բանին, որ հիմա էլ մեղավոր է նշանակում Սահմանադրությունը, որն ինչ-որ բանով չի բավարարում այսօրվա կառավարման համակարգին։

Սուպերլիազորությունների, կառավարման մոդելի փոփոխություն տեղի չի ունենալու, հետևաբար՝ ինձ հետաքրքրում է՝ ո՞րն է լինելու այն քաղաքական առաքելությունը, որով զբաղվելու է նոր ձևավորված հանձնաժողովը, որի հետ կապված էլ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ ներգրավված չեն քաղաքագետներ, հանրային կառավարման մասնագետներ։ Ես այս հարցերի պատասխանները չեմ գտնում, որովհետև, կարծում եմ, որ մենք ձևավորել ենք մի հանձնաժողով, որը նոր է ծանոթանալու իր ֆունկցիայի հետ»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա չբացառեց սահմանադրական փոփոխությունների անցկացման հանձնաժողովի պարագայում վերջնարդյունքի բացակայությունը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ բուռն քննարկումներ ծավալվեցին անցումային արդարադատության և վեթինգի իրականացման շուրջ, սակայն դրանք այդպես էլ տեղի չունեցան:

Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Ժնևում երկու օր շարունակ ընթացող Մնացականյան-Մամեդյարով բանակցություններին և կարևորեց, որ այն, ինչ քննարկվել է, պետք է վերլուծությունների առարկա դառնա քաղաքական շրջանակներում։

«Պատասխանատու հանրույթները՝ Արցախում և Հայաստանում, դրանց մասին պետք է տեղյակ լինեն, որպեսզի հետագայում չհայտնվենք մի իրավիճակում, որը մեր կողմից լինի անվերահսկելի»,- ասաց Մարտիրոսյանը։

Վ. Մարտիրոսյանի խոսքով, եթե այս օրերի բանակցությունների ընթացքում իսկապես քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծման հարցը, ինչպես հայտնում է Դավիթ Շահնազարյանը, ապա դա կնշանակի, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասկացությունն այլևս ստանում է ստատուսի կարգավիճակ։

«Ստանում է նաև գործոնի կարգավիճակ, իսկ թե որքանով այդ գործոնի հետ հաշվի կնստեն և կդարձնեն որոշիչ, առայժմ չեմ կարող ասել։ Կրկնում եմ՝ չեմ ուզենա, որ հայտնվենք այնպիսի իրավիճակում, որ այլևս այդ գործընթացը մեզ համար անվերահսկելի դառնա»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս