Նոր մղձավանջ

Քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։ ՀՀ գործող իշխանությունները՝ հասկանալով, որ այլևս սպառվել է իրենց ողջ քաղաքական ներուժը և մեկ տարի առաջ գոյություն ունեցող էյֆորիկ «համահայկական» աջակցությունը, սկսել են դիմել հերթական դեմոնիզացիային։ Նախօրեին ՀՀ լրատվականներից մեկին բավականին ծավալուն հարցազրույց էր տվել անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակի սեփական գնահատականները։

Քոչարյանն անդրադարձ էր կատարել ընդդիմության գործունեությանն ու հետագա անելիքներին՝ առանց որոշակի անուններ ու դեպքեր մատնանշելու։ Այսքանը բավական էր, որպեզի իշխանության տեղեկատվական «գիգանտները» լծվեին Ռոբերտ Քոչարյանին քննադատելու գործին:

Այս անգամ նրանք փորձում էին թեման զարգացնել հետևյալ տրամաբանության մեջ.  «Քոչարյանն իր գլխավոր մրցակից է շարունակում տեսնել Սերժ Սարգսյանին, որին Երկրորդ նախագահը համառորեն հրավիրում է «մենամարտի», դեռևս նրա նախագահության տասնամյակից, բայց Սարգսյանը համառորեն խուսափում է դրանից»: Իշխանությունները, թերևս հասկանալով, որ Ռոբերտ Քոչարյանին մեկ տարի առաջ ձերբակալելուց հետո այլևս չեն կարողանում ժողովրդի քիմքին հաճելի որևէ քայլ կատարել, այժմ էլ առաջ են քաշում հերթական միֆը, թե Քոչարյանն ու Սարգսյանը պայքարում են ընդդիմությունն «իրենցով» անելու համար։

Ակնհայտ է, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում կան որոշակի համագործակցության եզրեր, նկատվում է, որ տարբեր առումներով ընդդիմադիր այս կամ այն թևը փորձում է որևէ աջակցություն դրսևորել (ցույցերի, երթերի մասնակցություն, հայտարարություններ և այլն)։ Սա տեսանելի է նաև իշխանություններին: Ասվածի վկայությունը բոլորովին վերջերս Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի մասնակցությունն էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ցույցին, որը զուգահեռ ընթանում էր Թավադյանի կալանքից ազատելու հարցի քննարկման ժամանակ։

Բացի դրանից, ՀՀԿ-ն քանիցս բարձրացրել է Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու հարցը, այդ թվում՝ միջազգային մակարդակում, ակնհայտ է, որ այս առումով առկա է աշխատանքային փոխգործակցություն, այդ ամենը տեսանելի է, և, բնական է, որ այս ամենը չի կարող Փաշինյանին ու նրա քարոզչական բլոկին չանհանգստացնել։ Եվ նմանօրինակ էժանագին մանիպուլյացիաների ու ապատեղեկատվությունների միջոցով փորձ է արվում հասարակության շրջանում ստեղծել հերթական իմիտացիան և նոր թիրախ ուրվագծել։ Այլ բնորոշմամբ՝ ներկա պահին իշխանությունը մտածում է հերթական ֆեյք օրակարգի ներդրմամբ հերթական անգամ նախկին «կոռումպացվածների» վրա ցեխ շպրտել՝ մտածելով, թե դա կօգնի իր վարկանիշի աճին։

Ներկայումս իշխանական դաշտից հնարավոր ամեն առիթի դեպքում, երբ նախկին նախագահներից որևէ մեկը հարցազրույց կամ որևէ կերպ քաղաքական գնահատական է տալիս ու ներկայացնում իր մոտեցումները քաղաքական գործընթացների վերաբերյալ, փորձում են միանգամից սեպ խրել ու տարբեր տիպի դավադրապաշտական սխեմաների մասին պնդումներ շրջանառել։ Իրականում պետք է փաստել, որ դեռևս վաղ է խոսել Քոչարյանի ու Սարգսյանի, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժերի ընդհանուր քաղաքական օրակարգի գոյության մասին, բայց ակնհայտ է, որ ընդդիմադիր հատվածում առկա է փոխհամագործակցության մթնոլորտ։

Բնականաբար, այդ հնարավոր կոնսոլիդացիան չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին։

Արթուր Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս