Բաժիններ՝

Խոզերի անկման պատճառը կարելի է պարզել միայն փորձաքննության ավարտից հետո. ՍԱՏՄ-ի արձագանքը՝ հնչող մեղադրանքներին

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հունվարի 27-ին  հայտնել էին, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ, և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ,  «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար  Գրիգոր Գրիգորյանը հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ բազմիցս են ահազանգել խոզերի աֆրիկյան ժանտախտի վտանգի վերաբերյալ:

«Գյուղացիներն ասում են, որ մինչև 14 օր կենդանիները  հրաժարվում են կերից, դա դասական և աֆրիկյան ժանտախտի կլինիկան է, բայց հաշվի առնելով, որ դասականի դեմ պատվաստված են կենդանիները, սա մեզ համար արդեն ցուցիչ է, որ աֆրիկյան ժանտախտ է: Համաշխարհային կենդանիների առողջության կազմակերպությունն այս ամսվա ընթացքում 10-ից ավելի տեղեկատվություն է ստացել, որ ՌԴ-ում աֆրիկյան ժանտախտ է գրանցվել: Ինչո՞ւ չեն կասեցրել: Դեպքեր գրանցվել են նաև Ուկրաինայում, Լեհաստանում, Մոլդովայում»,- նշել էր Գրիգոր Գրիգորյանը

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկումներին, որ աֆրիկյան ժանտախտի դեպքը կոծկվում է, պատասխանեց.

«Ոչ ոք չի ասում, թե ինչից է: Ասում են, որ հնարավոր է՝ լինի կերից, պահման պայմաններից, և այլն: Իրեն հարգող որևէ մասնագետ մինչև փորձաքննության արդյունքների պատասխանը չլինի՝ իրեն թույլ չի տա ասելու, թե դա ինչ հիվանդություն է: Բոլոր անասնաբույժները, փորձաքննություն անցկացնողները  գիտեն, որ անկման պատճառը կարելի է պարզել միայն փորձաքննության ավարտից հետո: Դեպքն արձանագրվել է հունվարի 27-ին,  հենց նույն օրը նմուշները վերցվել են, կատարվել են ախտահանման աշխատանքներ: Անկած կենդանիները, որոնք 22-ն են եղել, թաղվել են: Իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները պարզ են լինում 7-10 օրվա ընթացքում: Հենց պարզ կլինի՝ մենք հայտարարություն կանենք»:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե ՌԴ-ում և այլ երկրներում աֆրիկյան ժանտախտ է գրանցվել, ինչո՞ւ չեն կասեցրել, ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց.

«Ընդհանրապես կա, այսպես ասած, զոնավորում: Եթե կարողանում են փակել տվյալ տարածաշրջանը, ուրեմն կոնկրետ տվյալ շրջանից է արտահանումն արգելվում: Եթե արդեն տարածումը լինում է այնպիսին, որ ախտահարված են լինում ավելի շատ կենդանիներ, ամբողջ երկիրն է  փակվում»:

Հարցին՝ արդյո՞ք մասսայական անկման դեպքեր գրանցվել են Հայաստանում, Անուշ Հարությունյանը բացասական արձագանքեց. «Ինչպե՞ս կարող է մասսայական անկման դեպք լինի, և դրանով  չզբաղվենք»:

Խոսելով գյուղացիների՝ տեղեկացված լինելու մասին, ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նկատեց. «Ընդհանրապես, երբ գյուղացին տեսնում է, որ իր կենդանու հետ խնդիր կա, պարտավոր է այդ մասին զգուշացնել անասնաբույժին, նա էլ՝ մեզ: Նրանք տեղյակ են այն բոլոր միջոցառումների մասին, որոնք պետք է ձեռնարկեն, եթե կենդանին հիվանդ է լինում: Շատ դեպքերում կենդանիներին թաքցնում են, հուսանք՝ այս տարի համարակալումը կմեկնարկի, և այս իմաստով արդեն վերահսկելի կլինի, հաճախ առանց հետևանքների մասին մտածելու՝ սկսում են մորթել, որպեսզի արագ վաճառեն միսը, ինչն արգելվում է: Մենք իրավաբանական անձանց վերահսկող կազմակերպություն ենք, և թե գյուղացին իր տանն ի՞նչ է անում իր կենդանու հետ, դա վերահսկել չենք կարող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս