«Հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, որով խաչ է քաշվում մարդու վրա». Նիկոլ Փաշինյանը՝ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի նախագծի մասին
Կառավարության հունիսի 30-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծ։
Ըստ նախարարի՝ առաջարկվող փոփոխություններով սահմանվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները, սահմանվելու են հոգեբուժական կազմակերպություններում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների սահմանափակման դեպքերն ու կարգը, որոնք պետք է իրականացվեն միայն հոգեբուժական հանձնաժողովի կողմից, բացի այդ՝ նախագծով սահմանվում են նաև ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական ծառայություն մատուցելու արտոնությունները։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախագծի հետ կապված հիշեցրեց, որ հոգեբուժարաններ կան, որտեղ մարդանց հարկադրաբար են բուժում, բացի այդ, կան խնդիրներ նաև՝ կապված անչափահաս և անգործունակ անձանց հարկադիր բուժման տանելու հարցերի հետ։
Թաթոյանն ասաց, որ այս հարցերով ՄԻՊ աշխատակազմը դիմել է Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով անգործունակ և անչափահաս անձանց հարկադիր բուժման տանելու հետ կապված խնդիրները:
«Մենք դեպք ունենք, երբ մարդը 11 ամիս սպասում է դատական ակտիմ և այդ ընթացքում մարդու նկատմամբ իրականացվում են միջամտություններ: Կարգավորումը հետևյալն է. մարդը մուտք գործեց հոգեբուժական կազմակերպություն, եթե համաձայնություն չի տալիս բուժման, հոգեբուժարանը 72 ժամ ունի, որ դիմի դատարան: Դատարանն ունի մեկ օր՝ վարույթ ընդունելու, 5 օր՝ նիստ նշանակելու համար: Բայց թե հետագայում երբ դատարանը որոշում կկայացնի, ոչ մի կարգավորում չկա: Ստացվում է, որ մարդը, առանց դատարանի որոշման, ամիսներով գտնվում է հոգեբուժական կազմակերպությունում: Ունենք դեպքեր, երբ առանց մարդու համաձայնության՝ նրան նաև հոգեմետ դեղեր են ներարկում»,- ասաց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի այս դիտարկմանն արձագանքեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Թաթոյանը բժիշկներին մեղադրում է «զոռով դեղեր խմեցնելու մեջ»։
Այս երկխոսությանը միջամտեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե լավ չի հասկանում գերատեսչական համերաշխության կուլտուրան։
«Վայ, հանկարծ բժիշկներին բան չասեք։ Բայց գիտենք, չէ՞, որ այդ դեպքերն էլ են եղել, մենք բոլորս գիտենք, որ էդ կուլտուրան կա, ավանդաբար եկող իրավիճակ է»,- ասաց վարչապետը։
Արսեն Թորոսյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ իրավիճակը գնում է դեպի բարելավում, և թող տպավորություն չստեղծվի, որ մարդկանց, իրենց կամքին հակառակ, իրենց առողջությունը վնասելով՝ դեղեր են խմեցնում։
«Ընդամենը տպավորության մասին եմ ուզում խոսել, հանրությունը մեզ լսում է, ասում է՝ փաստորեն կար մի հոգեբուժական համակարգ, որտեղ մարդկանց խարանի ու խտրականության են ենթարկում, ոչ թե բուժում են։ Ուզում եմ ասել՝ դա այդպես չէ, և գնալով բարելավվում է»,- ասաց նախարարը։
Ն. Փաշինյանը նաև հետաքրքրվեց, իսկ ի՞նչ պետք է անել այն դեպքերում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին և ագրեսիվ է.
«Մյուս մարդկանց դեպքում դատում ենք, տանում ՔԿՀ, իսկ եթե անձը ենթադրաբար անմեղսունակ է, այդ կարգավորումը չկա, մնում է նրան թողնել ազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ»:
Ըստ Փաշինյանի՝ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, որով խաչ է քաշվում մարդու վրա, իսկ, օրինակ, խորհրդային բռնաճնշումների ժամանակ էլ դա ամենալեգիտիմ ձևն է եղել մարդուն մեկուսացնելու համար, և չկա նաև տեղեկատվություն, թե ինչ է փոխվել այդ հաստատություններում վերջին 30 տարիների ընթացքում։
Ի պատասխան վարչապետի դիտարկմանն էլ՝ Արսեն Թորոսյանը նկատեց, որ հոգեբուժարանները հեռու են 5-աստղանի հյուրանոց լինելուց, բայց պայմանները շարունակաբար բարելավվում են: