Ինչպես փլուզել երկիրը ներսից

«Առատաձե՛ռն եղեք տեղեկատվություն ու մեղսակիցներ գնելու նպատակով խոստումներ և ընծաներ տրամադրելիս: Ընդհանրապես մի խնայեք ո՛չ գումար, ո՛չ խոստումներ. դրանք հրաշալի արդյունք են տալիս»: Սրանք մ.թ.ա. VI դարի չինացի փիլիսոփա և ռազմական գործիչ Սուն Ցզիի խոսքերն են՝ արտահայտված իր «Պատերազմի արվեստը» աշխատությունում:

Սուն Ցզին մատնանշում է, որ պատերազմը թանկ զբաղմունք է, հետևաբար՝ պետք է ամեն բան ձեռնարկել՝ այն արագ և արդյունավետ դարձնելու համար: Ելնելով այս մտայնությունից, պատերազմ վարելու նրա հայեցակարգում առաջնային տեղ է գրավում հակառակորդի գիտակցության և վարքագծի կառավարումը՝ որպես հաղթանակի ամենաարդյունավետ տարբերակ: «Հակառակորդ երկրում լրտեսների գործունեության ցանկացած ֆինանսավորում ավելի էժան է, քան մի ամբողջ բանակի ապահովումը»,- ասում է Սուն Ցզին: Չին մտածողի մտքերն այսօր ավելի քան արդիական են, քանզի նրա կողմից ներկայացված են հակառակորդի հասարակության մեջ տեղեկատվական, քարոզչական և բարոյական դիվերսիաներ իրականացնելու տեխնոլոգիաներ:

Ժամանակակից աշխարհում միայն հզոր բանակն ու զինտեխնիկան չեն երաշխավորում պետության լիակատար անվտանգությունը և պատերազմում հաջողությունը: Ներկայիս պայմաններում գերտերությունների հիմնական թիրախն է մարդկանց ենթագիտակցությունը, որի կառավարումը դարձել է շատ հասանելի: Դրա մասին են վկայում վերջին տարիներին արաբական աշխարհում և հետխորհրդային երկրներում գրանցված «գունավոր հեղաշրջումները»:

Արևմտյան, հատկապես՝ ամերիկյան, մի շարք հետազոտական կենտրոնների երկարատև ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են զանազան մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ՝ կապված «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման հետ, որոնց կիրառման մեջ, այսպես կոչված, 5-րդ շարասյունն ունի առաջնային դերակատարություն:

Հիշեցնենք, որ «5-րդ շարասյուն» եզրույթը մեջտեղ եկավ Իսպանիայում` ազգայնականների և հանրապետականների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936թ. հոկտեմբերին Մադրիդի վրա հարձակում պատրաստելիս ազգայնականների գեներալ Էմիլիո Մոլան իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ բացի իր ունեցած չորս բանակային շարասյուներից՝ կա նաև հինգերորդը՝ կազմված մայրաքաղաքում գտնվող ներքին գործակալներից:

5-րդ շարասյունը, որպես կանոն, ստեղծվում է դրսի ուժերի ֆինանսավորմամբ և համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ` հիմնվելով տվյալ երկրում առկա օբյեկտիվ խնդիրների վրա: Ժողովրդի մեջ իրականում տիրող դժգոհ տրամադրությունները կենցաղային հարթությունից դուրս են բերվում փողոց՝ քաղաքական անհնազանդության դրսևորումներով: Հարկ է նշել, որ սկզբունքորեն կարևոր չէ, թե հասարակական դժգոհությունն ինչ բնույթ է կրում՝ ազգային, սոցիալական, տնտեսական կամ այլ: Կարևոր է այն, որ, կախված պահից և հանգամանքներից, ընտրվեն առավել արդյունավետ ուղղությունները՝ «գունավոր հեղափոխության» մեկնարկի համար:

Սակայն պետք է նշել, որ «գունավոր հեղափոխության» իրականացման համար միայն 5-րդ շարասյան ներուժը բավարար չէ: Կա ավելի կարևոր օղակ՝ այսպես կոչված, «6-րդ շարասյունը» (սույն եզրույթը շրջանառության մեջ է դրվել համեմատաբար վերջերս՝ մի շարք վերլուծաբանների կողմից):

5-րդ և 6-րդ շարասյուները երկվորյակներ են, քանզի ունեն ընդհանրական ծագում, սակայն տարբերվում են տեղորոշմամբ և գործառութային առանձնահատկություններով: Եթե 5-րդ շարասյունն իրենից ներկայացնում է, այսպես կոչված, «ընդդիմադիրների», ովքեր հանդիսանում են տարատեսակ ակտիվիստներ, բողոքի ակցիաների առաջնորդներ, հրապարակային սադրիչ գործողությունների նախաձեռնողներ, ապա 6-րդ շարասյունը տրոյական ձիու նման՝ գտնվում է տվյալ իշխանության ներսում:

6-րդ շարասյունը՝ 5-րդի հետ ունենալով գաղափարական և ծագումնաբանական ընդհանրություն, անմիջական կապի մեջ է գտնվում ֆինանսավորող և վերահսկող արտաքին ուժերի հետ: Գտնվելով գործող իշխանության ներսում՝ այն գաղտնի զբաղված է գերտերությունների և վերպետական միջազգային կառույցների օգտին տարվող լոբբինգով, պետականակենտրոն որոշումների վիժեցմամբ, տվյալ համակարգի գործառութային խափանմամբ: Այսպիսով, 6-րդ շարասյունն ընդգրկված լինելով բուն իշխանության կազմում, օգտվելով դրա արտոնություններից և կիրառելով իրեն վստահված լծակները՝ հնարավորինս օժանդակում է 5-րդ շարասյանը:

Երևույթը կարելի է նկարագրել՝ որպես ներքին դիվերսիա, որը խարխլում է պետության հիմքերը: Պատահական չէ, որ քաղաքացիների դժգոհությունը և բողոքը առ գործող իշխանություն, հաճախ շարժում են հենց պետական համակարգի տարբեր տրամաչափի կասկածելի ծագման չինովնիկները:

6-րդ շարասյան գործունեության առանձնահատկությունների վրա լավագույնս լույս են սփռում գնդապետ Դանի հայտնի նոթերը: Վերջինս ամերիկացի զինվորական է, հետախույզ, կարևոր աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, վարել է համապատասխան բարձր պաշտոններ:

Հանդիսանալով Սուն Ցզիի «գաղափարական ժառանգորդը», նա իր նոթերում գրում է. «Երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների մտածողությունը: Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը՝ կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխք… Եթե ուզում ես ձևավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները»:

Այսպես. Հայաստանում 2018-ի «գունավոր հեղաշրջմանը» նախորդած ժամանակում համացանցից օգտվողների աճին զուգահեռ՝ արագ տեմպերով ավելացան օտար աղբյուրներից ֆինանսավորվող լրատվական կայքերը, հեռուստա- ռադիոընկերությունները, որոնք աչքի էին ընկնում դեպքերի կողմնակալ լուսաբանմամբ և ընդգծված ուղղվածության քարոզչությամբ: Դրանց հիմնական գործառույթներն էին՝ 5-րդ շարասյան կարկառուն դեմքերի գովազդումը և հասարակության մեջ համապատասխան տրամադրությունների ձևավորումն ու ուղղորդումը:

Դանի նոթերից ևս մեկ մեջբերում. «Ապազգայնացնելով հասարակությանը՝ «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես՝ երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ: Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն»: Դժվար չէ գլխի ընկնել, թե որն է ներկա իշխանության ոգեշնչման աղբյուրը՝ ազգային ու մշակութային արժեքների դեմ նրա անդուլ պայքարում: Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների օտարումը բուհերում, Հայ եկեղեցու պատմության մերժումը հանրակրթությունում, Արցախյան պատերազմի հերոսների շարունակական վարկաբեկումը, պետական այրերի փողոցային բառապաշարը և նմանատիպ շատ բաներ միայն մեկ նպատակ կարող են ունենալ` ներսից փլուզել Հայաստանը:

Շարունակենք ցիտել Դանին. «Ձևավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն: Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով՝ հասարակությանը խոստանալով լուծումներ և բարեկեցիկ, լավ կյանք»:

Այսօր հետադարձ հայացք նետելով, կարելի է վստահաբար պնդել, որ նախկին իշխանության ձախողումն էապես պայմանավորված էր հենց իր ներսում քաղցկեղի պես գոյացած 6-րդ շարասյան գործունեությամբ, որը, 5-րդ շարասյան հետ համատեղ, այսօր արդեն իսկ ստացել է իշխանություն:

2018-ին նախորդող տարիներին, տարաբնույթ արտաքին ուժերի հովանավորությամբ, 6-րդ շարասյան ներկայացուցիչները հայտնվեցին իշխանության տարբեր մանր ու միջին, երբեմն՝ նաև բարձր պաշտոններում` խափանելով հասարակության հետ բնականոն երկխոսությունը, աննպատակահարմար որոշումներ ներշնչելով և անարդյունավետ օրինագծեր հեղինակելով:

Անշուշտ, եղել են և կան գործիչներ, որոնք հասկացել ու հասկանում են այս ամենը: Այդ դեպքում…  Բայց ավելի լավ է պատասխանենք ԿՀՎ տնօրեն հռչակավոր Ալեն Դալեսի խոսքերով. «Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»:

Վահե Հայկունի

 Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «168 ժամի» տեսակետներին:

Տեսանյութեր

Լրահոս