Չինաստանը կտրուկ կրճատել է ներկրվող աղբի ծավալները
Չինաստանը 2019 թվականին ներկրվող թափոնների ծավալներն անցյալ տարվա համեմատությամբ կրճատել է 40 տոկոսով՝ դրանք հասցնելով 13,5 մլն տոննայի: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լյու Յուբինը: Նա ասել է, որ 2021 թվականին երկիրը մտադիր է լիովին դադարեցնել արտասահմանից աղբի ներկրումը։ «Մենք բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչեւ 2020 թվականի վերջը թափոնների ներկրմման ցուցանիշը հասցնենք զրոյի»,-հայտարարել է Լյու Յուբինը:
2017 թվականից, երբ Չինաստանն օտարերկրյա աղբից լիովին հրաժարվելու ուղեգիծ բռնեց, մեկը մյուսի հետեւից արգելվեցին 56 տեսակի թափոններ: Միաժամանակ երկրում պայքար ծավալվեց «աղբի մաքսանենգության»՝ ՉԺՀ-ի տարածք տարատեսակ հումքի ու ապրանքների անվան տակ թափոնների անօրինական ներկրման փորձերի դեմ: 2019 թվականին ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը համազգային արշավի երրորդ փուլն անցկացրեց արտասահմանյան աղբի վերամշակմամբ զբաղվող ֆիրմաների դեմ: Այդ արշավի ընթացքում բազմաթիվ մանր ձեռնարկություններ սկսեցին զբաղվել «հայրենական« թափոնների վերամշակմամբ: Սկսվեց նաեւ ընկերությունների տեխնիկական վերազինումը:
Թափոնների վերամշակման հեռանկարային ուղղություններից մեկը համարվում է դրանց օգտագործումն էլեկտրաէներգիա արտադրելու համար: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, այդ միջոցառումներն առաջ են բերում տեղի բնակչության դժգոհությունը, որն զգուշանում է այն բանից, որ թափոնների նման օգտահանման ընթացքում վնասակար նյութեր են արտանետվում մթնոլորտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: