«Նույնիսկ եթե ես դրան գնամ, ապա բելառուսներն ինձ կուտեն նման որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի կարող որեւէ երկրի մի մասը լինել, նույնիսկ «մեր եղբայրական Ռուսաստանի»։
«Մենք ունենք մեր երկիրը: Մենք ինքնիշխան ենք ու անկախ: Եվ մենք չենք կարող որեւիցե երկրի մի մասը լինել: Ես չեմ կարող ձեզ դավաճանել եւ Բելառուսը ձուլել, թեկուզ նույնիսկ մեր եղբայրական Ռուսաստանին»,-ասել է Լուկաշենկոն՝ հունվարի 24-ին այցելելով Շկլով բելառուսական քաղաք: Նախագահի խոսքը մեջբերում է «ԲելՏԱ» պետական գործակալությունը: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ինքը «մեկուկես-երկու տարի առաջ պարզորոշ ու միանշանակ ասել է՝ դա Բելառուսում ոչ ոք չի կարող անել»:
«Նույնիսկ եթե ես դրան (Բելառուսի մտնելը ՌԴ-ի կազմ) գնամ, ապա բելառուսներն ինձ կուտեն նման որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում»,-նշել է Լուկաշենկոն: «Ես չեմ ցանկանում լինել Բելառուսի վերջին նախագահը: Պատվավոր է լինել առաջինը, բայց վերջինը լինել չեմ ցանկանում: Ես ցանկանում եմ, որ մեր երեխաներն աշխարհի այս հողակտորի վրա ապրեն հաշտ ու համերաշխ, ռուս մարդու, ռուսաստանցիների հետ գրկախառնված: Նրանք մեզ օտար չեն: Ռուսաստանցիները մեր մարդիկ են: Նրանցից, ճիշտ է, այժմ քիչ բան է կախված»,-ասել է նախագահը: Լուկաշենկոն Շկլովում նաեւ Մոսկվայի եւ Մինսկի հարաբերությունների նորմալացման հույս է հայտնել:
«Դուք պետք է իմանաք՝ մենք ոչ մի խաղ չենք խաղում: Մենք չենք ցանկանում անհարկի լարել մեր գլխավոր դաշնակցին: Նա իսկապես մեր գլխավոր դաշնակիցն է: (Ռուսաստանի իշխանությունները) կարող է խելքի գան ու վերադառնան նորմալ հարաբերությունների: Մենք ցանկանում ենք նրանց հետ աշխատել հավասար պայմաններում: Մարդիկ, ձեռնարկությունները պետք է լինեն հավասար պայմաններում, եւ երկրները պետք է լինեն հավասար պայմաններում»,-ընդգծել է Բելառուսի ղեկավարը: Հունվարի 24-ին ավելի վաղ, ելույթ ունենալով Շկլովում, Բելառուսի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Բելառուսի վրա ճնշում գործադրելու նպատակով հարկային մանյովր կիրառելու եւ իր երկիրն անկախությունից զրկելու ձգտման մեջ: Ինչպես տեղեկացվել է, 2020 թվականի սկզբից գործնականում բացակայում են ռուսական նավթի մատակարարումները Բելառուսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: