Չինաստանը կարգելի չքայքայվող տոպրակների օգտագործումը
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Մինչեւ 2020 թվականի վերջը խոշոր քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները, բոլոր քաղաքներում եւ բնակավայրերում դրանք կարգելեն մինչեւ 2022 թվականը:
Երկրի ամբողջ տարածքում գործող լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին. մինչ այդ պահը խանութները դեռ կարող են օգտագործել այդպիսի տոպրակներ թարմ մթերքների փաթեթավորման համար: Չինական հասարակությունում մինչեւ 2020 թվականի վերջը չեն մնա միանգամյա ձողիկներ:
Բացի դրանից, ամբողջ ռեստորանային ինդուստրիան պետք է 30 տոկոսով կրճատի միանգամյա պլաստիկե առարկաների օգտագործումը: Հյուրանոցները մինչեւ 2025 թվականը պարտավոր են հրաժարվել կենվորներին միանգամյա պլաստիկե իրերի տրամադրումից: Արգելքի տակ է նաեւ 0,025 միլիմետր հաստությամբ տոպրակների արտադրությունն ու վաճառքը: Ինչպես հիշեցնում է BBC-ն, Չինաստանը պլաստիկի խոշորագույն սպառողներից մեկն է աշխարհում, երկրի իշխանությունները տարիներով փորձում են լուծել տոննաներով չքայքայվող թափոնների խնդիրը, որոնք արտադրում է 1,4-միլիարդանոց բնակչությամբ երկիրը: ՉԺՀ-ում ամենամեծ աղբակույտն զբաղեցնում է մոտավորապես 100 ֆուտբոլային դաշտ, եւ այն իր ռեսուրսները 25 տարի ավելի շուտ է սպառել, քան պլանավորված էր: Օքսֆորդցի հետազոտողների տվյալներով՝ 2010 թվականին Չինաստանում արտադրվել է 60 միլիոն տոննա պլաստիկե աղբ, նրան հաջորդող ԱՄՆ-ում՝ 38 միլիոն տոննա, հաղորդել է «Ինտերֆաքսը»: