Վաղը ժամը 8-ից փակում ենք բոլոր մարզերի ճանապարհները, խափանելու ենք ամեն ինչ». ֆերմերներ
Արդեն մի քանի օր է՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մսագործներն ու ֆերմերները՝ գործադիրից պահանջելով չեղարկել պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու մասին որոշումը։ Ֆերմերները վստահեցնում են՝ եթե պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենք ընդունվի, իրենք կդադարեն անասնապահությամբ զբաղվել, դրանից բացի՝ չեն կարողանա մարել նաև իրենց վարկային պարտավորությունները։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ակցիայի մասնակից, ֆերմեր Փայլակ Սարգսյանը նշեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման դեպքում չի կարողանա մարել իր 12 մլն դրամ վարկային պարտավորությունն ու ընտանիքի հետ կբռնի արտագաղթի ճանապարհը։
«2018 թվականին, երբ սկսեցին խոսել պարտադիր սպանդանոցային մորթի մասին, այն ժամանակ մեզ ասում էին, որ դա վերաբերելու է խոշորներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր ունեն 1000 և ավելի գլուխ անասուն և կարողանում են մսամթերք արտահանել։ Հավատացնում էին, որ դա չի վերաբերելու փոքր բիզնես ունեցողներին, այսինքն՝ մեզ։ Հիմա ստացվում է, եթե դա փոքրերի վրա է տարածվում, և ես մեքենայի համար պետք է վճարեմ, որ անասունը տանեմ, մի հատ էլ պետք է սպանդանոցում մորթի համար վճարեմ, այդ դեպքում ինձ շահույթ չի մնում, և ավելի լավ է՝ անասունները վերացնեմ ու հեռանամ երկրից»,- իր մտահոգությունները հայտնեց ֆերմերը։
Նա նաև հավելեց, որ կառավարությունը նման որոշում կայացնելուց առաջ ֆերմերների և մսագործների հետ որևէ քննարկում չի ունեցել և չի լսել շահագրգիռ կողմերին։
«Այս որոշումը կայացնելիս մեզ հետ հաշվի չեն նստել, գիտեք՝ հանրապետականների կառավարման ժամանակ մեզ հետ որոշակիորեն հաշվի նստում էին, հիմա՝ ոչ։ Էն ժամանակ էլ կար կաշառակերություն, հիմա էլ ա նույնը՝ ի՞նչ տարբերություն»,- ասաց ֆերմերը։
Վերջինս նաև մատնանշեց այլ վտանգների մասին։ Ըստ Փ. Սարգսյանի՝ չկա վստահություն, որ սպանդանոցում սատկած անասունի տերը չի փորձի փող տալ ու ստանալ առաջին կարգի մսի համար փաստաթուղթ, որից հետո կկարողանա շուկայում իրացնել սատկած կենդանու միս։
«Ես ինչո՞վ եմ վստահ, որ սպանդանոցում իմ տարած անասունի մսի համար ճիշտ կարգ կտան. առաջին, որը գնում է խանութներ, երկրորդ կարգ՝ գազանանոցի համար, թե երրորդ կարգ, որը պետք է տարվի հրկիզում։ Էստեղ էլի կոռուպցիա կա. օրինակ՝ ծանոթը կարող է փողը տալ, սատկած անասունի համար առաջին կարգի փաստաթուղթ ստանալ։ Ես ինչո՞վ վստահ լինեմ նաև, որ իմ առաջին կարգի անասունի միսը երկրորդ կարգի չեն համարի։ Անվստահություն կա այս ու այլ հարցերում»,- ասաց Փայլակ Սարգսյանը՝ նշելով, որ Կառավարությունը ճիշտ կգործեր, եթե նախապես բոլոր համայնքներին պարտադրեր ունենալ սպանդանոցներ, որից հետո կարելի էր արդեն հաջողված փորձը ներդնել ամբողջ հանրապետությունում։
«Իսկ այսպես իրենք ցանկանում եմ մեզ վերացնել և գնալ խոշորացման։ Մենք կարծում էինք, որ խելացի որոշում կայացրեցինք՝ կառավարությանը փոխեցինք, բայց սխալվեցինք»,- ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մասնակից մեկ այլ ֆերմեր՝ Թոռն Հասոյանն էլ նշեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու դեպքում արձանագրվելու է նաև մսի գնաճ։
«Մենք չենք ունենալու այլևս գյուղատնտեսություն, չենք ունենալու նաև անասնապահություն, Հայաստանում ընդհանրապես վերանալու է անասնապահությունը։ Անասնապահության կանգն արդեն տրված է: Օրինակ, ամեն շաբաթ Արմավիրի շուկայում վաճառվում է 500-1000 կենդանի անասուն, կիրակի օրը այդ շուկան գործում է Արտաշատում, նույնքան էլ վաճառվում էր այնտեղ, իսկ այս շաբաթ և կիրակի օրերին այդ երկու շուկաներում ոչ մի անասուն չի վաճառվել, իսկ դա նշանակում է, որ մարդիկ անասուն գնելուց ու պահելուց խուսափում են։ Այսպես որ գնա՝ երկու կամ երեք տարի հետո խանութներում կտեսնեք՝ տեղական միս՝ 5000 դրամ, ներկրված միս՝ 1000 դրամ»,- ասաց Հասոյանը։
Ֆերմերը հերքեց նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի այն պնդումը, թե չեն ցանկանում անցնել սպանդանոցային մորթի, որպեսզի չբացահայտվեն այդ գործով զբաղվողների գերշահույթները։
«Ի՞նչ գերշահույթի մասին է խոսքը, մենք գերշահույթ չենք ստանում, իսկ պարոն Ավետիսյանին պետք է ասեմ, որ, եթե այսօր Հայաստանը չունի մսի խնդիր, դրանից բացի՝ կարողանում է նաև 10-15 տոկոսով մսամթերք արտահանել, ապա դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք մսագործներին»,- ասաց Հասոյանը՝ շեշտելով, որ, եթե կառավարությունը չանի գործուն քայլեր՝ նպաստելու է արտագաղթի տեմպերի աճին։
«Ռուսաստանում անասնապահության համար մարդկանց առանց տոկոս վարկեր են տրամադրում, պետությունն իր կողմից նաև այլ աջակցություն է տալիս, նրանք էլ անցել են սպանդանոցային մորթի, տեսել են, որ դա վերացնում է անասնապահությունը, նորից նախորդ տարբերակին են անցել։ Այնտեղ պետությունն ամեն տարբերակով աջակցում էր անասնապահությամբ զբաղվողին, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- ասաց Հասոյանը։
Ֆերմերների համոզմամբ՝ այն, որ արդեն մի քանի օր է՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում, և իրենց լսող չկա, վկայում է այն մասին, որ Կառավարությունը պատասխան չունի ժողովրդին տալու, և մարդիկ շարունակում են զրկված մնալ իրենց ապրանքն իրացնելու միակ հնարավորությունից։
«Վաղը առավոտյան ժամը 8-ից փակելու ենք բոլոր մարզերի ճանապարհները, խափանելու ենք ամեն ինչ, եթե իրենք մեզ ջարդում են, մենք էլ կգնանք դրան ու մեր դժգոհությունն այսպես կարտահայտենք»,- ասաց Փայլակ Սարգսյանը։
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ գուցե իշխանությունն ուժի կիրառմամբ բացի ճանապարհները, Սարգսյանը պատասխանեց. «Կորցնելու բան էլ չունենք, ինչ ունեինք, կորցրինք, կգնամ՝ ինչքան հասնում է, կնստեմ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում