Հարցաքննություն 1,5 տարի անց. Որքանո՞վ է քննությունը ողջամիտ. Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննության մասին. «Փաստինֆո»
Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ 1.5 տարի քննություն իրականացնելն ինչքանո՞վ է ողջամիտ։ Հետաքրքիր կլիներ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեսնել պարզաբանում՝ ինչու է այսքան տևում քննությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսումների գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։
«Հետաքրքիր կլիներ ստանալ հարցի պատասխան՝ եթե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, միջամտելու հանցակազմի հատկանիշներով էլ է քննություն իրականացվում, ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվել։ Ամենաշատն այդտեղ հիշատակվում է հենց Ռոբերտ Քոչարյանի անունը, Ռոբերտ Քոչարյանի գործը»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ նկատելով ինչպես է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի տուժողի դատավարական կարգավիճակ, ընդ որում, նման միջնորդություն ներկայացվել է.
«Գործընկերներս նման միջնորդություն ներկայացրել էին և այն մերժվել էր։ Այդ պարագայում ինչ ուղղությամբ է քննությունը գնում, ինչ տրամաբանությամբ է գնում։ Ինձ համար այս հարցերն անհասկանալի են»,-հավելեց Արամ Վարդևանյանը, ում կարծիքով ՔԿ-ի կողմից տարածած հաղորդագրությունը պետք է շատ մանրակրկիտ լիներ, քանի որ գրեթե 2 տարի քննվող քրեական գործ է, այն էլ՝ աղմկահարույց գործ։
«Նույնիսկ այս գործի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով էր ձևավորվել ԱԺ-ում, այսինքն սրա հանրային հնչողությունը շատ բարձր էր։ Ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանի մինչ օրս առկա կալանավորումը հենց այն կալանավորումն է, որն ամենասկզբում տվել է առաջին ատյանի դատարանի դատավորը»,-ասաց սահմանադրագետը։
Արամ Վարդևանյանի համար անհասկանալի է ինչ ծավալով քննչական գործողություններ են իրականացվել և իրականացվում։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չկա այս և այլ հարցերի պատասխաններ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: