Հրաչյան՝ Նիկոլի «живой жучок»
Առօրյա իրականության մեջ բավական ակտիվ է փոփոխվում քաղաքական լրահոսը։ Այն աստիճան արագ, որ չես հասցնում հասկանալ, թե ո՞ր տեղեկատվությունն է նորը, ո՞րը՝ «ժամկետանց»։ Սակայն լինում են այնպիսի տեղեկություններ, որոնք մտացածին ու արհեստական լինելուց բացի՝ մարդկանց շրջանում հերթական «պառաժ» գցելու համար են շրջանառվում որոշ լրատվականների կողմից։
Ասվածի վառ օրինակ է օրերս փաշինյանների ընտանեկան թերթի կողմից հրապարակված հայտնի հոդվածը, որը թեև ավելի շատ հիշեցնում էր Մարտին Սկորսեզեի ֆիլմերի սցենար, սակայն դա չխոչընդոտեց, որ հանրության որոշ շրջանակներ այդ «տեղեկատվության» վերաբերյալ մեկնաբանություններ ու կարծիքներ արտահայտեն։ Հատկանշական է, որ այս գործում հետ չմնացին և իրենց «երկաթյա» կարծիքն ու պարտադրված թեզերը ներկայացրեցին նաև օրվա իշխանության ներկայացուցիչներն ու իշխանական տարբեր քարոզիչները։ Մասնավորապես, իր «քաղաքական» կարծիքը ներկայացնելիս՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (երկրիս թիվ մեկ աներձագը) իր հարցազրույցում հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվում էր պետական հեղաշրջում կատարել ու դրա համար պաշտոնանկ է արվել։
«Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը:
Ըստ էության՝ տվյալ պարագայում մենք գործ ունենք հանցագործության մասին բացահայտ հաղորդում ներկայացնելու փաստի հետ, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան մեղադրական հայտարարություն է ներկայացնում պետության առանցքային նախկին պաշտոնյայի նկատմամբ, և այդ հայտարարությունն ուղղակի վերաբերում է պետության ազգային անվտանգությանը։ Սա՝ միայն առաջին հայացքից, սակայն իրականում ի՞նչ է փորձում կարկամելով ու երկմտելով ներկայացնել աներձագ Հակոբյանը։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա այդ հարցազրույցին ներկայացել էր հայտնի ֆիլմում հնչող՝ «մերոնց խաթր» արտահայտության ժանրի շրջանակներում, և Վանեցյանի հասցեին հնչեցված հայտարարություններն արվում են զուտ ասելու համար, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ Հակոբյան Հրաչը, ըստ էության, իրենից ոչ մի էական քաղաքական կշիռ չի ներկայացնում, հեռու է անգամ շարքային քաղաքական կերպար լինելուց, սակայն նա արժեքավոր տեղեկատվական աղբյուր է, որպեսզի հանրության համար հասկանալի ու պարզ լինի, թե ինչ մոտեցումներ ու հայացքներ ունեն Փաշինյանն ու իր մերձակա շրջապատը։ Հենց նման տեսակի «живой жучок»-ների միջոցով պարզ են դառնում Նիկոլ Փաշինյանի ներքին վախերը, ասել է թե՝ Հրաչոն, իր «քաղաքական բլթոցներով», որոնք հանրության մոտ, տևական ծիծաղից բացի, ուրիշ ոչինչ չեն առաջացնում, իրականում «սլիվ» է տալիս Փաշինյանի ներթիմային քննարկումների իրական պատկերի մասին։
Դեռևս հին ժամանակներում թագավորները պալատներում պահում էին ծաղրածուներ, որոնք արքայի իրական ցանկությունների ու ներքին վախերի մասին բարձրաձայնում էին խնջույքների ու տարբեր միջացառումների ժամանակ՝ այդ կերպ հանրությանը փորձելով ներկայացնել նորին գերազանցության ներքին ցանկությունները, ինչպես նաև նեղ շրջապատում անկեղծացած գաղափարները։ Իրականում այդ հեռակա բանավեճը, որն ընթանում է Փաշինյանի ու Վանեցյանի միջև, մի տեսակ վախի տարրեր է պարունակում, քանի որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ տեղի կունենա, երբ հանկարծ իր արած հայտարարության համաձայն՝ սկսի խոսել գեներալ Վանեցյանը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ այդ դեպքում ինքը կդառնա քաղաքական դիակ, և հանրության առաջ կկանգնի այն սուտ ու կեղծիք տարածող անհատը, որի մասին արդեն երկու տարի պարբերաբար բարձրաձայնում են Փաշինյանի քննադատները։ Ցանկացած քաղաքական գործիչ, ով հայտ է ներկայացրել մասնակցել մեծ քաղաքականությանը, խաղի կանոնների համաձայն՝ պարտավոր է ունենալ իր սեփական տեսակետը, այլ ոչ թե լինել բուտաֆորիկ ճառասաց։
Արմեն Հովասափյան