Բաժիններ՝

Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու Հարրիի և Մեգանի ցանկությունը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու Սասեքսի դքսի եւ դքսուհու ցանկությունը: Ավելի վաղ Հարրին եւ Մեգանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել են իրենց՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունների կատարումից, տեղեկացնում է BBC-ին:

Թագուհին հունվարի 13-ին Սանդրինգհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ քննարկելու արքայազն Հարրիի եւ Մեգանի ապագա դերը, որոնք ավելի վաղ հայտարարել են, թե ցանկանում են ֆինանսապես անկախ դառնալ:

«Չնայած այն բանին, որ մենք կգերադասեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, մենք հարգում եւ հասկանում ենք նրանց ցանկությունն ապրելու ավելի անկախ կյանքով եւ ըստ որում մնալու մեր ընտանիքի կարեւոր մասը»,- ասված է հայտարարության մեջ: Թագուհու խոսքով՝ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել անցումային շրջանի շուրջը, որի ընթացքում Սասեքսի դուքսը եւ դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, իսկ մյուս մասը՝ Բրիտանիայում: Թե որքան կտեւի այդ շրջանը, հայտնի չէ:

«Իմ ընտանիքը պետք է լուծի բարդ հարցեր, առջեւում դեռ շատ աշխատանք կա, սակայն ես խնդրեցի, որ վերջնական որոշումներն ընդունվեն մոտակա օրերի ընթացքում,- ասված է թագուհու հայտարարության եզրափակիչ մասում: Սանդրինգհեմյան պալատում կայացած հանդիպմանը, բացի Եղիսաբեթ Բ թագուհուց եւ նրա թոռ արքայազն Հարրիից, մասնակցել են Հարրիի հայրը՝ Ուելսի արքայազնը, եւ նրա ավագ եղբայր արքայազն Ուիլյամը: Ենթադրվում էր, որ Հարրիի կինը՝ Մեգանը, զրույցին կմասնակցի հեռախոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս