«Մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում». ԱԱԽ քարտուղար

«Մեր գնահատմամբ, վիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում, հույս ունենք, որ մոտակա օրերին լինելու է ընդհանուր հանգստություն, իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ Իրանի, և՛ Սիրիայի ճգնաժամի ընթացքում»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմանը և Հայաստանի գործողություններին։

Նրա խոսքով՝ավելացել են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները, քանի որ կարողացել են մշակել և՛ տարհանման, և՛ իրավիճակին արագ արձագանքման պլան, ինչը, նրա գնահատմամբ, մեծ առաջընթաց է կառավարման համակարգի համար։ Ավելին, որոշակի առումով այդ երկու ճգնաժամից Հայաստանի ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և հստակ գիտեն, թե ինչ են կատարելու։

«Այս առումով մենք մեր դիմակայությունը պարբերաբար բարձրացնում ենք և ակնկալում ենք, որ մոտակա շրջանում ավելի շատ կայունություն է լինելու»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանն իր միջնորդությունն առաջարկի ԱՄՆ-ին և Իրանին, քանի որ երկու երկրների հետ էլ ունի բարեկամական հարաբերություններ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նման տարբերակ դեռևս չի քննարկվել։

«Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտն ավելի արագ կկարգավորվի։ Մեր դերակատարությունն ավելի շատ տեսնում ենք, որ երկու կողմերի հետ էլ շարունակենք երկխոսությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա մենք ցանկացած տարբերակի պատրաստ ենք»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս