«Իրավապահները պետք է աչալուրջ լինեն` Արսեն Թորոսյանն ընտանիքի հետ ԱՄՆ չտեղափոխվի, երբ իրենք սկսեն այդ գործով զբաղվել». Գևորգ Գրիգորյան
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատան ֆինանսավորման դադարեցման մասին որոշումն ընդունվել էր դեռևս Լևոն Ալթունյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, երբ օպտիմալացվում էին այն կենտրոնները, որոնք, ըստ նրանց, արդյունավետ չէին աշխատում, սակայն խնդիրն այն է, որ այդ բուժկենտրոնների աշխատանքի գնահատման չափանիշերն արդարացված չեն, որովհետև, օրինակ, Մարալիկ քաղաքի համար 104-106 ծնունդն էլ բավականին լավ ցուցանիշ է։
Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ նշելով.
«Եթե նախարարությունն ասում է, որ Մարալիկի ծննդատունը տարեկան չի ունենում 150 ծնունդ, ուրեմն պետք է փակել, ապա այդ դեպքում գործող բուժկենտրոնների կեսն էլ պետք է փակել, քանի որ Առողջապահության նախարարությունը շատ անարդար ֆինանսավորում է վարում մարզային բուժկենտրոններում և ֆինանսներն ուղղում է Երևան քաղաքին։ Գյումրիում ավելի վաղ փակվեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը, թոհուբոհ է սկսվել թիվ 1 պոլիկլինիկայի փակման ուղղությամբ՝ ի դեպ, նախորդ կառավարության ժամանակներից, հիմա էլ ուզում են փակել Գյումրու ծննդատունը, որի ֆինանսավորումը կամաց-կամաց նվազեցնում են։ Իմ կարծիքով՝ Գյումրիում այսօրվա ղեկավարությունը կամ այսօրվա գործիչներից մեկն ունի բիզնես շահ»։
Խոսելով Առողջապահության նախարարության գործունեության մասին՝ Գրիգորյանն ասաց, որ իր համար անհասկանալի է բժշկական համայնքում առկա բազմաթիվ դժգոհությունների համատեքստում՝ նախարարությունում տրված պարգևավճարների աճը։
Դիտարկմանը, որ ըստ Արսեն Թորոսյանի՝ 500 հազար դրամով լավ նախարար ունենալ հնարավոր չէ, Գևորգ Գրիգորյանն արձագանքեց. «Իսկ այդ դեպքում նրա մտքով չի՞ անցել, որ նախորդ իշխանությունն այդ աշխատավարձով աշխատել է, կամ չե՞ն մտածել՝ եթե նման աշխատավարձեր և պարգևավճարներ լինեին, որևէ պաշտոնյայի մտքով կոռուպցիան չէր անցնի։ Եթե 500 հազար դրամով նորմալ նախարար հնարավոր չէր պահել, այդ դեպքում ինչո՞ւ գնացիք աշխատելու»։
Խոսելով նախարար Արսեն Թորոսյանի գործունեությունն ամփոփող տեսանյութի և նախարարի արձագանքի մասին՝ Գրիգորյանը նկատեց, որ, եթե նախարարն ունենար հակափաստարկներ, ապա դրանց կանդրադառնար և ոչ թե ինքնապաշտպանական մանիպուլյացիային տրվելով՝ կպիտակավորեր տեսանյութը հեռարձակած հեռուստաընկերությանը։
«Արսեն Թորոսյանը նպատակ ուներ ժողովրդի ուշադրությունը շեղել այդ տեսանյութից և կենտրոնացնել Մինասյան ընտանիքի վրա, սակայն ժողովուրդն արդեն սթափ է դատում, տեսավ, որ Արա Մինասյանի վրա կեղտ գտնել չհաջողվեց, ժողովուրդը հասկանում է, որ Թորոսյան Արսենն Արա Միասյանին դատը պարտվեց և պետք է ներողություն խնդրի, ժողովուրդը հասկանում է նաև, որ այդ ինչ-որ բաներ գրողներն էլ նախարարական ֆեյքեր են, իսկ Թորոսյանը հասկանում է, որ բժշկական-մասնագիտական հանրությանը խաբել երկար հնարավոր չէ. այս ամենը պետք է ունենա վերջ»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով առողջապահական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու մասին խոստումներին՝ Գրիգորյանը նկատեց, որ այդ համակարգում այժմ էլ առկա է կոռուպցիա։
«Օրինակ, երբ Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնը ձեռք էր բերում ավտոմեքենա, որից հետո նախարարն ասում էր, թե այդ ձեռքբերումն ապօրինի է և գերածախս, որից հետո այդ հիմնարկի տնօրենը նվիրատվություն է անում այդ նույն մեքենան նախարարությանը, իսկ ինքն էլ դառնում է փոխնախարար, իսկ մեքենան հայտնվում է նախարարի ենթակայության տակ, արդյո՞ք սա կոռուպցիա չէ։ Իմ խորին համոզմամբ՝ այստեղ անելիք ունի Դատախազությունը, Պետական վերահսկողական ծառայությունն ու երկրի վարչապետը։ Այլ դեպք՝ փոխնախարարի՝ առձեռն 3000 դոլար վերցնելը։ Մեկ այլ դեպք ևս՝ երբ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկին հատկացված պետպատվերի գումարը չորս անգամ ավելի է մեծանում, արդյո՞ք սա կոռուպցիա չէ»,- ասաց Գրիգորյանը։
«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ թեև 4 անգամ պետպատվերի համար տրված գումարը նախարարի կնոջ ղեկավարած բուժկենտրոնում ավելացել է, սակայն դրան զուգահեռ՝ չի ավելացել աշխատողների քանակը, ուստի հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր առանց աշխատանքային օրենսգրքի խախտումների՝ 4 անգամ շատ գործն անել նույն աշխատակիցների քանակով։
Ըստ Գրիգորյանի՝ այստեղ ևս իրավապահ համակարգը լուրջ անելիք ունի, սակայն կա մի կարևոր հանգամանք։
«Միակ խնդիրն այն է, որ, երբ իրավապահները սկսեն զբաղվել, պետք է շատ աչալուրջ լինեն, որ նախարարն իր ընտանիքով ԱՄՆ չտեղափոխվի»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում