«Ժիրայր Սէֆիլյանը մարդասպան է. զոհվածի տղեն մնաց անհեր ու… էստեղ մարդասպանի քրեական հետապնդումը դադարեցնում են». Մադաթյան

2018 թվականից 1,5 տարի անց  էլ հասարակությունը շարունակում է մնալ հեղափոխական վիճակում, թեև պետք է ընթանային հետհեղափոխական զարգացումներ, բայց դրանք այդպես էլ տեղի չունեցան, իսկ պատճառն այն է, որ Կառավարությունը շարունակում է թելադրել հեղափոխություն կամ, ավելի ճիշտ, հեղաշրջում։

Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մադաթյան» Հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը։

«Կրիզիսային առումով գտնվում ենք հեղափոխական իրավիճակում, իսկ զգացմունքային առումով ժողովուրդը պահանջում է հետհեղափոխական գործողություններ։ Սրանք իրար հակադրվում են, և այդ հակադրությունն էլ բերում է այնպիսի ընդհարումների, որոնք այսօր առկա են։ Մարդիկ կան, որոնք գտնվում են այդ էյֆորիկ տրամադրությունների մեջ, և դա իրենց դուր է գալիս, սակայն կան նաև մարդիկ, որոնք բացում են սառնարանը և տեսնում՝ ոչ թե ավելացել է, այլ՝ պակասել։ Հետհեղափոխական երկրներում իրավիճակը նույնն է լինում, բայց քանի որ մեզ մոտ ավելի ճիշտ է ասել՝ տեղի է ունեցել հեղաշրջում, ուստի կարող ենք ասել, որ մեր երկրում ստեղծված իրավիճակով՝ առանձնահատուկ ենք»,- ասաց Մադաթյանը։

Հոգեբանի խոսքով՝առանձահատուկ իրավիճակ է, օրինակ, դատական համակարգում, որտեղ նախքան վերջնական դատավճիռ կայացնելն ու հրապարակումը երկրի ղեկավարն արդեն իսկ հնչեցնում է տարբեր գնահատականներ։  «Մենք ունենք Նիկոլ Փաշինյանի դատավճիռ, որով այս  կամ այն մարդը հանցագործ է համարվում. ինքը նրանց նկատմամբ հնչեցնում է ատելության խոսք, որից հետո նոր դատարանը պետք է այդ գործով զբաղվի, իսկ սա իրավական համակարգի վրա ազդեցություն է՝ ակախ նրանից, թե իմքայլականներն ինչպես են Փաշինյանի խոսքերը մեկնաբանում»,- ասաց  հոգեբանը։

Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հետհեղափոխական երկրներին բնորոշ մի բան, սակայն, մեր երկրում առկա է՝ դա հայտնի «Բաժանիր, որ տիրես» սկզբունքի կիրառումն է, ինչն անում է գործող իշխանությունը՝ սիրո և հանդուրժողականության համատեքստում։

Հոգեբանը պնդում է, որ իշխանությունն է հասարակությանը բաժանել երկու մասի, միևնույն ժամանակ՝ այդ նույն հասարակության մաս կազմելով:

«Փաշինյանը բաժանեց հասարակությանը «Բաժանիր, որ տիրես»  կանոնին համապատասխան։ Սովորաբար բոլոր ընդդիմությունների համար է այս  կանոնը գործում, իսկ իշխանության պարագայում գործում է հակառակը՝ ընդհանրացնելու կանոնը, որը մեր պարագայում չկա»,- ասաց  Մադաթյանը՝ ընդգծելով, որ այդ  բաժանումից հետո մենք կանգնել ենք արժեհամակարգերի լուրջ պայքարի առաջ։

«Մեկի համար արժեհամակարգ է Մելինե Դալուզյանը, տրանսգենդերը, կրթության և լեզվի վերացումը, Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների ստեղծումը կամայական գնով, մյուս կողմից՝ կանգնած են մարդիկ, որոնք ունեն ավանդական արժեքներ, որոնց համար կարևոր է ազգի պատմությունը»,- ասաց  Մադաթյանը՝ նշելով, որ տեսնում է քաղաքացիական հնարավոր բախումների  լուրջ վտանգ, քանի որ գործող իշխանությունը սխալվել է իր մի քանի  հաշվարկում։

«Օրինակ, երբ գործող իշխանությունը կայացրեց որոշում Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին, հաշվարկել էին, որ Քոչարյանը պետք է փախչի, չգա, և իրենք ինչ նյութ ունեին՝ կբարձեին նրա վրա և կդարձնեին սև կետ։ Ինչո՞ւ այդպես մտածեցին, որովհետև իրենք կփախչեին։ Նույնն էր նաև այլ մարդկանց պարագայում։ Իսկ ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործին, ապա հոգեբանական տարրական կանոնների համաձայն՝ կոնֆլիկտը պետք է ունենա երկու կողմ, որոնք պետք է ունենան հավասար պատասխանատվություն։ Հիմա եթե կոնֆլիկտի մի կողմը Ռոբերտ Քոչարյանն է, ապա երկրորդ կողմը պետք է լինեն Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիմա կոնֆլիկտի մի կողմը նստած է վարչապետի աթոռին և վայելում է, և հենց սրա համար է, որ ինքը Մարտի 1-ը փորձում է բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, որ իր վրայից մաքրի։ Որովհետև ինքը, երբ գիշերը պառկում է քնելու, գիտի, որ Մարտի 1-ի մեղավորներն ինքն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են։ Մենք այդ կոնֆլիկտի երկրորդ կողմն ունենք, տեսել ենք, չէ՞, Օպերայի հրապարակում հարբած մարդիկ, նարկոտիկներ, զենքեր, որոնք գիշերները էդտեղ կրակում էին։ Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի կողքը նույն կարգավիճակում պետք է նստած լինեին Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և ժողովրդական դատարանը պետք է որոշեր, թե նրանցից ով է մեղավոր»,- ասաց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավարը։

Հոգեբանի խոսքով՝ հասարակության բևեռացվածությանը նպաստում է՝ ինչպես «Մարտի 1»-ի գործով այս կամ  այն կամայականությունը, այնպես էլ՝ վերջերս դատարանի կայացրած վճիռներից մեկը, որով Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

«Ժիրայր Սէֆիլյանը մարդասպան է։ Ժիրայր Սէֆիլյանը պատասխանատու է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի համար։ Նա պետության մեջ, անկախ նրանից, թե այդ ժամանակ գործող կարգերը լավն էին, թե վատը, կազմավորել է տեռորիստական խմբավորում  և այդ խմբավորումով  կատարել է տեռորիստական ակտ, իսկ  դրա հետևանքով  զոհվել է ոստիկան, որը իշխանության հետ որևէ կապ չուներ և կատարում էր իր ծառայողական պարտականությունը։ Փաստորեն, այդ զոհվածի երեխան մնաց անհեր, ու հասկացավ, որ սա երկիր չէ, հասկացավ, որ էստեղ մարդասպանի քրեական հետապնդումը դադարեցնում  են, որովհետև  էդպես դուրեկան է, իսկ էն մյուսին ուղղակի դատում են, ինչի՞ համար՝ չգիտեն։ Ժիրայր Սեֆիլյանը կլինի, թե հորեղբորս տղեն, մեկ է՝ մարդասպան է, ուրեմն պետք է նստի»,- ասաց  Մադաթյանը։

Վերջում հոգեբանը խորհուրդ տվեց հանրությանը վեր կանգնել էմոցիոնալ որոշումներից, մտածել սկսվող գործընթացի շուրջ և վերլուծություններ անել։

«Երբ մարդիկ սկսեն մտածել, չեն կարող այս իշխանությունների կողմը կանգնել»,- ասաց  Մադաթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս