«Կան բազմաթիվ վարկեր, որոնք բանակցվել են նախկինների կողմից, դրանից մենք չենք խուսափում և չպետք է խուսափենք». Սուրեն Պապիկյան

Մոտ մեկ ամիս առաջ ավարտվել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհի վերանորոգումը։ ՀՀ կառավարության տարածած տեսանյութում նշվում է, որ այդ ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել էր 60-ականներին, իսկ այս տարի 7 ամսվա ընթացքում կարողացել են այն ամբոջովին հիմնանորոգել, որի ֆինանսավորման 20 տոկոսն ապահովել է կառավարությունը, իսկ մնացածը՝ Համաշխարհային բանկի տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսին 168.am-ը նախարար Սուրեն Պապիկյանին հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի 55 մլն դոլար արժողությամբ վերոնշյալ վարկային պայմանագիրը 2013-2015 թվականներին բանակցվել և ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ: Իսկ աշխատանքներն իրականացնում էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Մեր հիշեցմանն ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նախ նշեց, թե դա զբոսաշրջային ծրագիր է, որով ունեն ներգրավված վարկ, սակայն նախնական վարկի մասին չի կարող ոչինչ ասել, այնուհետ խորհուրդ տվեց վարկերի մասով սահմաններ չգծել:

«Այս պահի դրությամբ ունենք չօգտագործված շուրջ 55 միլիոն դոլարի վարկ, որը գտնվում է Զբոսաշրջության կոմիտեի իրավասության տիրույթում, բայց դրա կատարողը հանդիսանում է Տարածքային զարգացման հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն այս պահին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է: Կան բազմաթիվ վարկեր, որոնք բանակցվել են նախկինների կողմից, դրանից մենք չենք խուսափում և չպետք է խուսափենք: Բայց այդ վարկերն արդյունավետ օգտագործելու խնդիր ունենք: Մենք նաև չենք խուսափում որևէ շարունակականություն ապահովելուց, բայց մենք մշտապես միտված ենք այդ վարկային ծրագրի արդյունավետ կիրառմանը: Դենդրոպարկի ծրագիրը հաստատվել և իրացվել է մեր կառավարության օրոք, բայց սա որևէ կերպ կամ այլոց կողմից յուրացնելու խնդիր պիտի չհետապնդի: Մենք խոսում ենք ՀՀ-ի և մեր համայնքների շահի մասին: Ես այդ սահմանը չեմ գծում, և պետք չէ վարկերի մասով այդ սահմանը նաև ձեր կողմից գծվի»,- շեշտեց Պապիկյանը:

Նա նաև հավելեց, որ այս վարկի միջոցով բազմաթիվ այլ զբոսաշրջային կենտրոնների ուղղությամբ աշխատանք են տանելու, որը դեռ չի օգտագործվել, բայց օգտագործվելու է հաջորդ և առաջիկա տարիների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս