Բաժիններ՝

Ո՞վ է երեխայի վաճառքով զբաղվող գործակալը․ նոր մանրամասներ որդեգրումների քրգործից

168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել որդեգրումների աղմկահարույց քրեական գործից։ Պարզվում է՝ տասնյակ տարիներով երեխաների վաճառքի մասին ասեկոսեներից հետո խճճված կծիկը բացվել է «որդեգրումների» գործակալին գաղտնազերծելու միջոցով: Նա չի ունեցել պաշտոն, այս անձի ստորագրությունն առկա չէ ուսումնասիրվող նյութերում, բայց նա գործոն է եղել, կատարել է «կուրատորի» գործառույթ։

Առաջինն ԱԱԾ-ն այս գործակալի և ձերբակալվածների հաշվեհամարներին միաժամանակ արված ահռելի չափի փոխանցումներն է ֆիքսել, որը, ըստ մեր աղբյուրների, առանձին դեպքերում հասնում է մինչև 650 հազար դոլարի։

Այնուհետև տևական ժամանակ ուսումնասիրվել են նրանց հետ փոխկապակցված հարաբերություններն ու կոնտակտները։ Շղթայական կապով մի քանի տասնյակը գերազանցող երեխաների ապօրինի որդեգրման կասկածելի հիմքեր են ի հայտ եկել, կեղծված փաստաթղթեր, երեխայի վաժառքի դեպքեր։

Ըստ այդմ, ենթադրվում է, որ գործում ներգրավված անձանց ընդլայնվող շրջանակը ներառում է բժիշկներ, համայնքային ծառայողներ, պետական պաշտոնատար անձինք (այդ թվում՝ գործող) և ոստիկանական համակարգի ներկայացուցիչներ։

Ի դեպ, ԱԱԾ դիտարկումներով՝ նյութերի ծավալն ահռելի է մեծացել, ի հայտ եկած հանգամանքներով օրեր առաջ առգրավել են նաև մինչև 2012թ. իրականացված որդեգրումների փաստաթղթեր, ծննդյան վկայականներ ու համադրվող այլ նյութեր։ Մինչդեռ նախնական փուլում նշանառության տակ էին միայն 2016-18 թվականների թղթապանակներում ամփոփված նյութերը։

Մեր տվյալներով՝ այս պահի դրությամբ կասկած հարուցող դեպքերն առավելապես առնչվում են տեղացի՝ ՀՀ բնակիչների որդեգրումներին, իսկ այլազգի ընտանիքների ուսումնասիրվող շրջանակը ներկայումս 30 դեպքով է սահմանափակվում։

Ընդ որում, այլազգիներով ստուգվող գործերը լրիվ տարբեր երկրների աշխարհագրություն են ընդգրկում։

ՀՀ Քննչական կոմիտեում (ՔԿ) ցուցմունք տված միակ արտասահմանցի որդեգրողը ֆրանսիացի է, մյուս դեպքերը, որոնք դարձյալ առնչվում են արտերկրի հետ, ՔԿ-ն, հնարավոր է, հարցաքննի ավելի օպտիմալ պայմաններում՝ տվյալ երկրների հետ իրավական օգնություն ցուցաբերելու միջազգային համագործակցության շրջանակներում։

Իրավապահներն ընդունում են, որ սա աննախադեպ գործ է՝ ծավալով, ուսումնասիրության նյութերով, ընդլայնվող շրջանակներով, աշխարհագրությամբ․ հետևաբար՝ քննիչների ներգրավում, նաև ծանրաբեռնվածություն ու տեխնիկական լուրջ բարդություններ են ենթադրում։

Չեն բացառում նաև, որ որոշ դեպքերում փակուղային իրավիճակներ կստեղծվեն, ի վերջո, ամեն օտարազգի ընտանիք չէ, որ հակված է ցուցմունք տալ, երեխայի իրավունքի հարցը լուրջ է, կոնֆիդենցիալության խնդիրը կա, մարդն անձնական տվյալների պաշտպանության, սահմանադրական իրավունքի հարց կարող է բարձրացնել, մանավանդ, երբ հնարավոր է՝ երեխայի խնամքից զրկելու բողոքարկման դեպքերով իրավիճակը հանգեցնի ԴՆԹ անալիզների անհրաժեշտության։

Իրավիճակն ավելի կսրվի ու խնդրահարույց կդառնա հատկապես օտարերկրացիների որդեգրումների դեպքերում, մանավանդ, որ աղմուկ բարձրացրած քրեական գործի հոգեբանական ճնշումների ֆոնին բազմաթիվ ընտանիքներ սկսելու են փնտրել իրենց հիվանդ ծնված կամ մահացած երեխաներին։ Ի դեպ, արդեն տեղեկություններ կան, որ ամեն օր ՔԿ են մտնում թվով 5-7 ընտանիքներ՝ հանցագործության մասին հաղորդում տալու համար, նրանց մոտ ԱԱԾ բացահայտումից հետո սկսել են կասկածներ առաջանալ տարիներ առաջ իրենց կորցրած նորածինների մահվան դեպքերով։

ՔԿ-ից հաստատեցին 168.am-ի տեղեկությունները պարբերաբար հաղորդումներ ներկայացնող ընտանիքների վերաբերյալ՝ նշելով, որ գրեթե բոլոր բողոքները ձերբակալված անձի՝ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորած «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանն են առնչվում։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս