«Սահմռկեցուցիչ բացահայտում է». Նարեկ Սամսոնյանը՝ ապօրինի որդեգրումների մասին
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելը և ավելի վաղ այլ խմբագրություններում արձանագրվածն ինչ-որ տեղ խաչվում են: Գործող իշխանության օրոք մամուլը կարծես շատ ավելի անպաշտպան է, քան նախկինների ժամանակ։
Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ ընդգծելով, որ նախկինում որոշ խմբագրությունների հետ կատարվածի պարագայում եթե ունենայինք պատասխանատվություն կրող անձինք, ապա գուցե այս վերջին դեպքը տեղի չունենար։
Սամսոնյանի համոզմամբ՝ իշխանության կողմից ճնշումներ են լինում ոչ միայն մամուլի, այլ նաև ընդդիմադիր խմբակցությունների վրա, և դրա ապացույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հայտարարությունն է՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հնարավոր հետկանչի վերաբերյալ։
«Դավիթ Խաժակյանին հետ կանչելը կապված է նրա հետ, որ նա բացահայտում էր, թե ո՞վ է իրականում Հայկ Մարությանը, իսկ դա պետք է չլինի, որովհետև Նիկոլ Փաշինյանն Էդմոն Մարուքյանին նրա համար չի վերցրել աշխատանքի, որ նման կիքսեր լինեն»,- ասաց Սամսոնյանը։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն անդրադարձավ նաև վերջին օրերին մեդիադաշտում շատ քննարկված թեմաներից մեկին՝ վարչապետ Փաշինյանի դստեր համար գնված ավտոմեքենայի հարցին ու դրա վերաբերյալ Փաշինյանի պարզաբանումներին։
Ըստ Սամսոնյանի՝ Փաշինյանի համար պետության միջոցներով մեքենայի գնումը դարձավ քննադատությունների առարկա նախևառաջ այն պատճառով, որ Փաշինյանն ամենաշատն է խոսել Հայաստանը «պադավատապետություն» դարձնելու մասին։
«Իհա՛րկե, պետք է վարչապետի ընտանիքը լինի պաշտպանված, բայց հասարակությունն այսօր ըմբոստանում է, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման ցանկացած բան դարձնում էր ընդդիմադիր օրակարգի մի մասը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն անվանում էր «պադավատապետություն», հիմա նա ստանում է բումերանգի էֆեկտը, և նրա հետ վարվում են այնպես, ինչպես ինքն էր ժամանակին վարվում, բայց մի տարբերությամբ՝ հիմա բարոյական գիծը չի հատվում, իսկ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, այդ գիծը հատում էր»,- ասաց Սամսոնյանը։
Դիտարկմանը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում ընտանիքի անդամների մասին փոփոխություն կատարվեց 2018 թվականի մարտի 23-ին, այսինքն՝ կոստյումը կարվել էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հագո՞վ, և ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրել նախկինների կոստյո՞ւմը, Սամսոնյանը պատասխանեց.
«Այո՛, շարունակում է մեծ սիրով կրել և իրեն էլ սազում է, իսկ նոր սահմանադրական փոփոխությունների նախագծերի հետ կապված էլ՝ չեմ կարծում, որ մենք կունենանք ամբողջական բարեփոխված Սահմանադրություն։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի թիմի ինտելեկտուալ բազային հիմքին, ես չեմ հավատում, որ նրանք կարող են գրել այնպիսի Սահմանադրություն, որը վաղը կամ մյուս օրը երկրին փորձանքի չի բերի, բացի այդ, կարծում եմ, որ նրանք նաև ժամանակ չեն ունենա, որովհետև իրենց վարկանիշն անկում է ապրում։ Նիկոլ Փաշինյանը նախկինների ճանապարհով գնալու պարագայում իր գլխին ավելի մեծ սև ամպեր կտեսնի, քան նախկինների դեպքում էր»,- ասաց Սամսոնյանը։
Հարցին՝ իսկ մի՞թե գործող իշխանության վարկանիշն անկում ապրեց այն ժամանակ, երբ այս իշխանության օրոք բացահայտվեց երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր, իսկ այսօր Կառավարության ղեկավարն ասաց, որ մինչ իրենց իշխանությունը զբաղվում է երեխաներին ընտանիք վերադարձնելու հարցով, նախկինների ժամանակ նման բաներ են տեղի ունեցել, Սամսոնյանը պատասխանեց.
«Սահմռկեցուցիչ բացահայտում է, բայց նախ պետք է դա դեռ ապացուցել, իսկ երբ դու դա սկսում ես օգտագործել՝ որպես քաղաքական գործիք, մարդիկ սկսում են մտածել այլ բաներ։ Ժողովուրդը սկսել է տեսնել շատ բաներ, որովհետև իր կյանքում փոփոխություն տեղի չի ունեցել»։
Նարեկ Սամսոնյանը խոսեց նաև այսօր Կառավարության նիստում կայացրած մեկ այլ որոշման մասին, որով Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը։
«Ստյոպա Սաֆարանը բազմիցս հայհոյել է համացանցում և այդ հայհոյանքի սքրինները տարածվեցին։ Նա ոչ միայն անհամադրելի է այդ պաշտոնի հետ. նրա ամեն մի երկրորդ բառը հայհոյանք է»,- ասաց Սամսոնյանը։
Նա նաև նշեց, որ չի հասկանում, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, երբ խոսում է Հանրային խորհրդի նոր կարգավիճակի մասին։
«Ո՞րն է այդ նոր կարգավիճակը, նոր ղեկավարով նոր կարգավիճակ չեն ստանում, իսկ եթե նոր կարգավիճակի մասին են խոսում, ապա այդ նոր ղեկավարով այդ կարգավիճակն ավելի շատ իջել է, քան բարձրացել։ Ինչ վերաբերում է վարչապետի այն խոսքին, որ ՀԽ-ի գործունեությունը շատ ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ ՀՀ-ի և Արցախի և հայ ժողովրդի, ապա Նիկոլ Փաշինյանի որոշ խոսքեր մեկնաբանելու համար այլընտրանքային մտածողություն է պետք»,- ասաց նա։
Նարեկ Սամսոնյանը խոսեց նաև 2018 թվականի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամին արված նվիրատվությունների մասին և նշեց, որ քանի դեռ չեն բացահայտել այդ գումարների ծագումնաբանությունը, ինքը կարող է ենթադրել, որ մի քանի օլիգարխի կողմից են դրանք տրվել։
«Ես պնդում եմ՝ քանի դեռ պարզ չէ, թե ովքեր են այդ 5 միլիոնական դրամներ տվողները, ես ունեմ բոլոր հիմքերը մտածելու, որ դա տվել է Ալիևը, Էրդողանը, Սորոսը կամ Դանիել Իոաննիսյանը, իսկ ով որ տվել է, ներկայում օգտվում է այդ տված գումարի չափին համարժեք արտոնություններից։ Քանի դեռ հիմքերը չեն ներկայացրել, ես կարող եմ ենթադրել, որ դա արվել է պետական ռեկետի, դավաճանության և կոռուպցիոն բավականին ծանր հանցագործության ֆոնին»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում