Կոռուպցիայի երկիր, իմ Հայաստան

Լրահոսում և ողջ մեդիատիրույթում ամենից շատ անդրադարձվող թեմաներից մեկը կոռուպցիան է, որի մասին խոսում են բոլորը՝ վարչապետից մինչև բանվոր։ Հասարակության կողմից այդքան չարչրկված կոռուպցիա հասկացությունը բառացի նշանակում է՝ բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում:

Հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական իմաստ՝ «որևէ բանի քայքայում կամ փչացում, հատկապես՝ մասնատման կամ տարրերի քայքայման ճանապարհով, որն ուղեկցվում է փտումով», կամ՝ բարոյական իմաստ, ինչպես «փչացում կամ բարոյական անկում, հանրային պարտականությունների կատարման ամբողջականության խեղաթյուրում` կաշառառության կամ լավ վերաբերմունքի միջոցով»: Կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն զսպում է տնտեսական աճը, հակազդում իրավունքի գերակայությանը:

Իշխանափոխությունից հետո կոռուպցիան դարձավ Նիկոլ Փաշինյանի մարտավարության թիվ մեկ մեխը, որի մասին նա բազմիցս խոսել է՝ հայտարարելով, թե՝ «կոռուպցիան չարիք է, և այն պետք է արմատախիլ անել»։ Սակայն այն կոռուպցիոն դեպքերը, որոնց ականատեսը դարձանք բոլորս վերջին շրջանում, բոլորովին այլ բան մասին է վկայում։ Վերջին և բավական ցցուն դեմքը ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալության դեպքն էր։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 29-ի կառավարության նիստում կառավարությունը 523 մլն 400.000 դրամ հատկացրեց ՀՀ հանրակրթական ու մարզական դպրոցներին մարզագույք տրամադրելու համար: Նախատեսվում էր 110 անուն մարզագույք տրամադրել 54 մարզական կազմակերպությունների, և 7 անուն մարզագույք՝ 330 հանրակրթական դպրոցների: Նույն նիստին Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, թե «ըստ երևույթին՝ նախարարությունները միացնելն արդարացված է, քանի որ այսպես տարբեր ոլորտների միջև հաղորդակցությունն ավելի արդյունավետ է, և առաջնահերթություններն ավելի տեսանելի են»:

Այս գործարքում՝ որպես պատասխանատու, նշանակված էր նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նիստից 4 ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Լոռեցյանին, իր վարորդին ու ֆուտբոլային ակումբներից մեկի սեփականատիրոջը։ Հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարը կասկածվում է կաշառք ստանալու մեջ:

Նա նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ՝ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Նշանակում է, երբ կառավարության նիստի ժամանակ խոսվում էր աննախադեպ չափի մարզակայն գույք ձեռք բերելու մասին՝ նկատի էր առնվում աննախադեպ գումարների շորթումը։ Փաշինյանի «լյուբիմչիկ» Արայիկ Հարությունյանը, ով անմեղ դեմքով խոսում է «նախկին ռեժիմի կոռուպցիոն սկանդալներից» և հրապարակավ սպառնում, թե պատրաստվում է ՀՅԴ երիտասարդների կողմից բերված արկղերը լցնել քրեական գործերով և ուղարկել դատախազություն, մեկ անձից գնման գործընթացում հետաքրքիր գործարք է կատարել՝ 28 մլն 243,500 հազար դրամի դասագիրք գնելով «Սպիկա» ՍՊԸ-ից։

Որևէ մեկը, իհարկե, չի պնդում, որ այս դեպքերում առկա է կոռուպցիա. ըստ էության, այս գերատեսչությունը միլիոններ է տալիս փաստացի մեկ ընկերության՝ վերջինիցս ծառայություն գնելով. այս պարագայում չկա մրցակցություն և տնտեսվարողների մոտ էլ չկա առավել ցածր գումարով այդ ծառայությունն առաջարկելու հնարավորություն: Բացի այդ, չի բացառվում, որ տվյալ դեպքում գործի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, և այդ մեկ անձը շատ «պատահական» կերպով ինչ-ինչ կապեր ունենա այս կամ այն չինովնիկի հետ։

Տարեվերջյան ամփոփումների շարքում իշխանությունները հերթական անգամ հանրությանը որպես աղանդեր՝ կմատուցեն 400 կմ-անոց ասֆալտի մասին հայտնի թեզը, որտեղ ակնհայտ է, որ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ տեղեկություններ կան, որ 400 կմ ասֆալտապատման աշխատանքների 70-80 կմ-անոց մրցույթները շահել են մեկական ընկերություններ, ու ամենակարևորը՝ դա տեղի է ունեցել առանց մրցույթի։ Սա խոսում է հերթական «թավշյա կոռուպցիոն» օպերացիայի մասին, որը ներկայիս իշխանությունները խորամանկորեն շրջանցում են։

Բավականին մեծ կոռուպցիոն ռիսկեր կապված էին նաև Երևանի քաղաքապետարանում ընթացող գործընթացներին։ Դեռ թարմ է այն դեպքը, երբ ռուսաստանյան «Կամազ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք բերվեցին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Առաջնային հանգամանքն այն էր, որ 9 մեքենաների՝ 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ: Նույնը տեղի ունեցավ անցած տարի, երբ մեկ անձից գնում կատարելու ճանապարհով քաղաքապետարանը գնել էր 75 միլիոնանոց տոնածառը:

Վերջին շրջանում շատ է խոսվել ՀՀ քաղավիացիայի խնդիրների մասին՝ նշելով այն խնդիրները, որոնք գնալով խորանում են այս ոլորտում իշխանափոխությունից հետո։ Վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ այս ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքին։ Տեղեկություններ կան, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Քաղավիացիայի կոմիտեն լքել են ոլորտի մի շարք լուրջ գիտակներ: Իսկ արդեն օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: Պատճառը, ըստ հանձնաժողովի, անվտանգության վերահսկման նվազման նախանշաններն են։ Հետաքրքիրն այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ քանիցս խոսվել է Քաղավիացիայում տիրող «բարդակի» և քմահաճ բարքերի մասին։

Ըստ էության, խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Taron Avia, Atlantis European Airways և «Ավիակոմպանիա Արմենիան» ցանկացել են չվերթեր իրականացնել դեպի Եվրոպա. փորձել են թույլտվություն ստանալ, այնինչ կառավարությունը տեղեկատվական հնարավոր բոլոր հարթակներում փառաբանում էր Ryanair-ի մուտքով․ սա ընդամենը հերթական շոուն ու տեսարանն էր, որ մատուցվում էր Պողոսին։

Եթե նշված փաստերին հավելենք նաև «հեղափոխության սիմվոլ», ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի հայտնի կոռուպցիոն սկանդալները, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, կոռուպցիա, այնուամենայնիվ, կա, և դրանով զբաղված են հենց իր ձևավորած կառավարության անդամները։

Այնպես որ, նշված դեպքերն ապացուցում են, որ Հայաստանում փաստացի առկա է կոռուպցիա, և այն, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթարկներից հայտարարում էր, թե «Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված», ընդամենը նրա հերթական սուտ հայտարարությունների շարքից էր, ոչ ավելին։

Արմեն Հովասափյան

Հ.Գ. Յուրի Ֆեդոտով. «Կոռուպցիան կողոպտիչ է, որն արգելակում է տնտեսական և սոցիալական զարգացումը՝ շարքային մարդկանցից գողանալով զարգանալու և բարգավաճելու հնարավորությունները»:

Տեսանյութեր

Լրահոս