Երևան-Անկարա. «ջրային» գործընկերությունը նոր թափ է հավաքում

Ախուրյան և Արաքս գետերի ջրի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի նիստն անցած 10 տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել մայիսի վերջին Երևանում, հայտնել են Հայաստանի Ջրային կոմիտեից` որևէ մանրամասն չներկայացնելով:

Նշվում է, որ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման մշտական գործող «Սարդարապատի կարգավորիչի շահագործում» և «Ախուրյանի ջրամբարի շահագործում» համատեղ հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել նախ երկու երկրների սահմանին (ք.Ախուրյան), ապա շարունակվել «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում (Երևան):

«Ջրառ»-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը հակիրճ նշել է, որ ստորագրված փաստաթղթերը «կազմվել են փոխշահավետ պայմաններով»: Հաղորդվում է որոշ կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։ Թեև մանրամասները չեն հրապարակվում, սակայն ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախ, հայկական կողմին թույլատրվել է մինչև ս.թ. օգոստոսը ներառյալ 12%-ով ավել ջրառ իրականացնել: Երկրորդ` կողմերը պայմանավորվել են համատեղ միջոցառումներ ձեռնարկել Ախուրյանում (ներառյալ` աշխատանքով պայմանավորված ջրամբարները) և Արաքսում վարարումների կանխարգելման, չորային ժամանակահատվածներում այստեղ ջրի լիցքավորման բարձրացման և ձկնային ռեսուրսների համատեղ վերարտադրության ուղղությամբ։ Ս. թ. երրորդ եռամսյակի ավարտին նախատեսվում է համաձայնեցնել անդրսահմանային ջրային օբյեկտների էկոլոգիական համալիր մոնիթորինգի ծրագիրը:

Կարդացեք նաև

Ախուրյան գետի երկարությունը 186 կմ է, որի մոտ 2/3-ն անցնում է հայ-թուրքական սահմանով: Ախուրյանի խոշոր վտակներն են (երկու կողմից) արևելաթուրքական Կարսը (ամենամեծը), Կարախանը, Կարսը, Չարյունը, Անին, Տեկորը և Կարանգումը։

Ջրհավաք ավազանի ընդհանուր մակերեսը 9670 քկմ է (գրեթե նույնական է Կիպրոսի տարածքին)։  Գետի վրա կառուցված են Կարնուտի (փոքր) և Ախուրյանի ջրամբարները, որոնք հիմնականում օգտագործվում են ագրոմելիորացիայի/ոռոգման համար: Գյումրու մոտակայքում` Ախուրյանի վրա է գտնվում դեռևս 1920-ականների վերջին կառուցված միջին հզորությամբ Գյումրիի ՀԷԿ-ը, որը Հայաստանի հնագույններից մեկն է:

1973թ. ԽՍՀՄ և Թուրքիայի կառավարությունների միջև կնքվել է «Ախուրյան սահմանային գետի վրա ամբարտակի և ջրամբարի կառուցման և համագործակցության մասին» ոչ սահմանափակ ժամկետով համաձայնագիր: Ըստ այդմ, Հայաստանը, այս համաձայնագրի 1973-1975 թվականների լրացուցիչ փաստաթղթերի համաձայն, օժտված է երկու անդրսահմանային գետերի՝ Արաքսի և Ախուրյանի հոսքի ծավալի կեսն օգտագործելու իրավունքով, ինչը հանրապետության ջրային ռեսուրսների հաշվեկշիռը լրացուցիչ ավելացնում է տարեկան 0,945 խորանարդ կիլոմետրով։

Այս ավազանում ջրօգտագործման պարիտետային սկզբունքը (ինչպես մի կողմից՝ Վրացական ԽՍՀ-ի, Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև) առաջին անգամ ամրագրվել է «սահմանային գետերում ջրօգտագործման մասին» 1927 թվականի խորհրդա-թուրքական կոնվենցիայով, որը նույնպես չի սահմանափակվում գործողության ժամկետով:

Ախուրյանի ջրամբարը, որը գտնվում է Հայկական ԽՍՀ-ի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին, կառուցվել է երկու երկրների կողմից 1974-1982 թվականներին և շահագործման է հանձնվել 1982-83 թվականներին։ Դրա մակերեսի  62.5%-ը գտնվում է Թուրքիայի տարածքում (Երևանն առաջարկել էր ստեղծել ջրամբարի տարածքի 55-58.5%-ը Հայկական ԽՍՀ-ում, սակայն այս տարբերակը չիրականացվեց)։ Ջրամբարի միջին սեզոնային հզորությունը կազմում է մոտավորապես 521.5-525 միլիոն խորանարդ մետր, որը հաճախ հասնում է 545-550 միլիոն խորանարդ մետրի ջրի ավելցուկի ժամանակահատվածներում։

Այս ջրային ռեսուրսները բաշխվում են օգտագործման համար խիստ հավասարության հիմունքով՝ 50%/50% գյուղատնտեսական ոռոգման և հողերի վերականգնման համար երկու կողմերում (ջրամբարի անհավասար լցվելու պատճառով նվազագույն շեղումներով)։ Ընդհանուր ջրամատակարարման առավելագույնը 13-14.5%-ը (սովորաբար 10-11%) օգտագործվում է տեղական քաղաքային և կենցաղային կարիքների համար։ Ախուրյանի ամբարտակը 45 մետր բարձրություն ունի։

Անկարայի և Երևանի համագործակցությունը նշված հիմնախնդրի շուրջ պահպանվել է նաև 1991 թվականից հետո՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, թեև համատեղ ջրատնտեսական հանձնաժողովի հանդիպումների հաճախականությունը ցածր է մնացել մինչև մոտավորապես 2010-ական թվականների երկրորդ կեսը։ 2017 թվականի վերջին Հայաստանի ջրային կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Արսեն Հարությունյանը նշել է. «…Բացի Արաքս գետից, հայերն ու թուրքերը համատեղ մաքրում են Ախուրյան գետի հունը։ Ամենից հաճախ հենց Ախուրյանի ջրամբարի ափին են անցկացվում հայ-թուրքական աշխատանքային հանդիպումները (ջրատնտեսական հանձնաժողովի շրջանակներում)։

Եթե չորային սեզոն է, ապա հանդիպում ենք ավելի հաճախ։ Քննարկում ենք, կարգավորում ջրառը, համակարգում աշխատանքը. որոշումները միշտ ընդունվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա։ 2017 թվականին անցկացվել է ավելի քան 10 այդպիսի հանդիպում։ Հարցերն ավելի հաճախ բարձրացնում է հայկական կողմը, քանի որ սահմանի հայկական կողմում գյուղատնտեսական ոռոգման հարցն ավելի սուր է դրված։ Ինչ վերաբերում է թուրքերին, նրանք հիմնականում տրամադրված են զիջումների»։

Վերջին տարիներին գործնական փոխգործակցությունը լրացուցիչ խթան է ձեռք բերել, ինչը միանգամայն տրամաբանական է հանրապետության արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացման համատեքստում` շեշտը դնելով թյուրքական հարևանների հետ երկխոսության վրա։

Ալեքսեյ Բալիև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031