Ոչ միայն համատարած վերահսկողության տակ կվերցնեն, այլև նոր ֆինանսական բեռ կդնեն քաղաքացիների վրա

Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի ու ամեն անհեթեթ պատճառաբանությամբ այս ու այն տեղ ավելացնում է հարկային բեռը։ Ստվերի դեմ պայքարելու անվան տակ՝ հիմա էլ որոշել են ոչ միայն քաղաքացիների բջջային հեռախոսները վերցնել համատարած հսկողության տակ, տիրապետել բոլորի անձնական տվյալներին ու շարժերին, այլև գումարներ գանձել։ Պատրաստվում են անգամ անձնական օգտագործման նպատակով քաղաքացիների կողմից ներմուծված հեռախոսների վրա տուրք դնել։

Եթե հաջողացնեն անել այն, ինչ մտքներին դրել են, ապա քաղաքացին դրսից անձնական հեռախոս բերելու ժամանակ պարտադրված է լինելու տուրք վճարել՝ նույնականացման ու կոդերի միասնական շտեմարանում գրանցելու համար։ Հակառակ դեպքում՝ բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի  ծառայության մատուցումը։

Խոսում են բջջային հեռախոսների «սև շուկայի» դեմ պայքարելու մասին, բայց քաղաքացու հարկային բեռն են ավելացնում՝ 3 հազար դրամ առաջին հեռախոսի համար։

Նույն տարում մեկից ավելի բջջային հեռախոս բերելու դեպքում, ասենք՝ ընտանիքի անդամների համար, քաղաքացին պարտադրված կլինի վճարել ընդհուպ մինչև 100 հազար դրամ՝ յուրաքանչյուր հեռախոսի համար։

Կարդացեք նաև

Բիզնես նպատակով հեռախոսներ ներմուծելու պարագայում էլ, 3 հազար դրամից բացի՝ կգանձեն ևս 250 հազար դրամի տուրք։ Այդ գումարն էլ, բնականաբար, գների բարձրացման միջոցով՝ վերջում վճարելու է քաղաքացին, գումարները դուրս են գալու քաղաքացու գրպանից։

Հայտարարում են, թե սա անում են բջջային հեռախոսների շուկայում ստվերի դեմ պայքարելու համար։ Բայց հարկային բեռի ավելացումն ի՞նչ կապ ունի ստվերի դեմ պայքարի հետ։ Պետտուրք գանձելով՝ ոչ թե ստվերի դեմ են պայքարում, այլ քաղաքացիների հաշվին բյուջեն լցնելու խնդիր են լուծում։ Եթե նպատակը ստվերի դեմ պայքարը լիներ, դա կարող էին անել նաև առանց լրացուցիչ պետտուրք դնելու։ Բայց առիթը ձեռքից բաց չեն թողնում, որպեսզի քաղաքացիների վրա նոր ֆինանսական բեռ ավելացնեն։

Ինչքան էլ փորձեն քաղաքացիներին համոզել, թե հարկադրված են գնում այդ քայլին, այն, ինչ անում են՝ ստվերի դեմ պայքարելու համար են անում, դա ստվերի դեմ պաքարելու հետ կապ չունի։ Այնպիսի մի հուզախառն տոնով էլ խոսում են բջջային հեռախոսների շուկայում առկա ստվերի մասին, կարծես իրենք դրա հետ կապ չունեն։ Իրենք մեղք չունեն, որ բջջային շուկայում, իրենց ասելով՝ առհելի ստվերային շրջանառություն կա։

Իններորդ տարին է, իշխանության եք, պայքարեիք, թույլ չտայիք, որ այդպես լիներ։ Պայքարելու, գործ անելու փոխարեն, ինչպես միշտ՝ արդարանում են։

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է: Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է և շարունակում իր գործը:

Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ ավարտվում է բջջային հեռախոսների «սև շուկայի» դարաշրջանը, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, ՀՀ-ի տարածքում չի աշխատելու»,- բջջային հեռախոսների շուկայում հերթական նորամուծությունը, որը քաղաքացիների շրջանում համատարած դժգոհությունների ու մտահոգությունների առիթ է տվել՝ փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը, բայց խուսափում է ասել, թե դրա համար ինչո՞ւ պիտի քաղաքացին տուրք վճարի։

Էլի պայքարեք ստվերի դեմ, բայց ոչ քաղաքացու գրպանի հաշվին։ ՊԵԿ նախագահն այնպիսի մի հպարտությամբ է հայտարարում, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում ստվերայնության ամենաբարձր մակարդակ ունեցող շուկաներից է, կարծես ինքը չէ ստվերի դեմ պայքարի պատասխանատուն։

«Տարբեր մասնագիտական գնահատականների համաձայն՝ այս շուկայում ստվերի մակարդակը կազմում է 30-40 տոկոս, ինչը զգալիորեն բարձր է տնտեսությունում առկա ստվերի միջին գնահատականից»,- ասում է ՊԵԿ նախագահը։

Ավելի վատ, որ այդպես է։ Բա հարկայինի բան ու գործն ինչո՞ւմն է, որ բջջային հեռախոսների շուկայում ընդհուպ 40 տոկոսանոց ստվեր կա։ Սա նշանակում է, որ ՊԵԿ-ը տարիներով անգործության է մատնված, գիտի, որ 30-40 տոկոս ստվեր կա բջջային հեռախոսների շուկայում, բայց հանգիստ նայում է, թե ինչպես են որոշ մարդիկ գողանում բյուջեի փողերը։

Թե՞ կարծում եք՝ ձեր խնդիրը միայն քաղաքական նպատակներով ընդդիմադիրների բիզնեսների հետ հաշվեհարդար տեսնելն է, տեղի-անտեղի մեղադրանքներ ներկայացնելն է։ Երբ հարկայինը վերածվում է քաղաքական գործիքի իշխանության ձեռքում, ստվերի դեմ պայքարի արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։

Ստվերի դեմ պայքարին, բնականաբար, ոչ մեկը դեմ չէ, բայց ինչո՞ւ են ստվերի դեմ պայքարում՝ քաղաքացիների ու բիզնեսի վրա նոր հարկային բեռ դնելով։ Ստվերի դեմ կարող էին պայքարել նաև այլ ձևերով ու միջոցներով, և ոչ թե՝ քաղաքացիների շարժը, շփումներն ու կապերը, փոխհարաբերությունները բջջային հեռախոսների միջոցով համատարած ու մշտական հսկողության տակ դնելով։

Տպավորություն են ստեղծում, թե այլ տարբերակ չունեն՝ բջջային հեռախոսների շուկայի ստվերի դեմ պայքարելու համար։ Բայց այդպես չէ, ցանկության դեպքում՝ առանց նման ավելորդությունների էլ կարող են պայքարել։ Իրենց պետք է մի կողմից՝ քաղաքացիների բջջային հեռախոսները պահել համատարած հսկողության տակ, մյուս կողմից էլ՝ փող աշխատել։ Ու դրա համար պատրաստ են ցանկացած անհեթեթություն հորինել՝ իրենց արարքներին արդարացում տալու համար։

Մասնագետները սրա տակ բազմաթիվ վտանգներ ու խնդիրներ են տեսնում։

«Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք՝ ի՞նչ է նախատեսվում իրականում. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։

Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,- արձագանքելով կառավարության այս նորամուծությանը՝ իր մտահոգություններով է կիսվել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031