2025 թվականին Վրաստանում մահացել է 44.319 մարդ

Վիճակագրության ազգային ծառայության մահացության թվի և մահվան պատճառների մասին նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում մահացել է 44.319 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ (43.971 դեպք) 0.8%-ով (348 մարդ) ավելի է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի փոխանցմամբ՝ երկրում նվազել է սրտանոթային հիվանդություններից առաջացած մահացությունը, սակայն զգալի աճ է գրանցվել ուռուցքային (օնկոլոգիական) հիվանդությունների մասով։

 Սրտանոթային հիվանդություններ

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառը երկրում, սակայն նախորդ տարվա համեմատ այս առումով մահացածների թիվը զգալիորեն նվազել է։

2025 թվականին այս հիվանդության հետևանքով մահացել է 16.711 մարդ (ընդհանուր մահացածների 37.7%-ը), մինչդեռ 2024 թվականին այս ցուցանիշը կազմում էր 18.159։ Համապատասխանաբար, հիվանդությունների այս խմբում մահացությունը նվազել է 8%-ով։

Այս դասի մեջ մտնող հիվանդությունների միտումը ստորև.

  •  Ուղեղանոթային (ցերեբրովասկուլյար) հիվանդություններ. 2025 թվականին գրանցվել է 7411 դեպք, ինչը 12.1%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։
  • Սրտի իշեմիկ հիվանդություն. մահվամբ ավարտվող դեպքերը 4752-ից (2024 թ.) նվազել են մինչև 4357 (2025 թ.)։ Սրտամկանի սուր ինֆարկտի ցուցանիշը նույնպես 2195-ից իջել է 1937-ի։

Օնկոլոգիական հիվանդությունների աճ

Ուշագրավ միտում է արձանագրվում չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության տեսանկյունից։ 2025 թվականին այս պատճառով մահացածների թիվը կազմել է 6877, ինչը 20.2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (5720 դեպք)։

Ըստ ուռուցքների տեսակների՝ ամենաբարձր աճը գրանցվել է հետևյալ հատվածներում.

  •  Թոքի, բրոնխի և շնչափողի չարորակ ուռուցքներ. մահացության դեպքերն աճել են 777-ից մինչև 1057 (+36%),
  • Կրծքագեղձի չարորակ ուռուցք. դեպքերի քանակն աճել է 514-ից մինչև 655 (+27.4%),
  • Հաստ և ուղիղ աղիքի ուռուցքներ. 2024 թվականին գրանցված 357 դեպքից ցուցանիշը 2025 թվականին հասել է 613-ի (+71.7%),
  • Շագանակագեղձի ուռուցք. դեպքերն աճել են 283-ից մինչև 423 (+49.4%):

Դիաբետ, վարակներ և արտաքին պատճառներ

Վիճակագրական զեկույցի համաձայն՝ փոփոխություններ են արձանագրվել նաև այլ կարևոր դասերում.

  •  Շաքարային դիաբետ. այս ախտորոշմամբ մահացածների թիվը 876-ից (2024 թ.) աճել է մինչև 983 (2025 թ.)։
  • Վարակիչ (ինֆեկցիոն) և մակաբուծային հիվանդություններ. գրանցվել է աճ՝ 514-ից հասնելով 719 դեպքի։
  • Մարսողական համակարգի հիվանդություններ. դեպքերն աճել են 1307-ից մինչև 1521։
  • Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառներ. դժբախտ պատահարների և արտաքին այլ գործոնների պատճառով 2025 թվականին մահացել է 1973 մարդ (2024 թվականին՝ 1826)։
  • Շնչառական համակարգի հիվանդություններ. մահացությունը չնչին չափով նվազել է՝ 3641-ից դառնալով 3533։ Այդ թվում՝ թոքաբորբից մահացածների թիվը 2621-ից իջել է 2430-ի։

 Ժողովրդագրական պատկերն ըստ տարիքային խմբերի

Ըստ տարիքային խմբերի տվյալների բաշխվածությունն արտացոլում է երկրում բնակչության ծերացման ընդհանուր ժողովրդագրական միտումը։

Մահացածների ամենամեծ մասը բաժին է ընկնում տարեցներին։ Մասնավորապես՝ 85 և բարձր տարիքային խմբում մահացությունը 11.260 դեպքից (2024 թ.) աճել է մինչև 11.854 դեպք (2025 թ.), ինչը կազմում է ընդհանուր մահացության 26.7%-ը։

Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, 0-ից մինչև 4 տարեկան տարիքային խմբում ցուցանիշները գրեթե անփոփոխ են. 2024 թվականին գրանցվել է 340, իսկ 2025 թվականին՝ 343 դեպք։ Մանկական մահացության հիմնական պատճառ են շարունակում մնալ պերինատալ (շուրջծննդյան) շրջանում զարգացած վիճակները և բնածին անոմալիաները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031