Հայ ժողովուրդը աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է, մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան
«Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը: Ինչի՞ համար ենք մենք պայքարում: Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը հերթական սովորական ժողովուրդը չէ: Մենք համարում ենք, որ աշխարհի 2000 ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն:
Դրա ապացույցը մենք տեսնում ենք կրոնական գրքերի մեջ, առաջինը՝ Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով, երկրորդը՝ այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը, բացի Ստեղծողից, միաստվածությունն ընդունել որպես պետական կրոն»,- այսօր իր հրապարակած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ մեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն ուժեղ հասարակութուն ստեղծելն էր, որն աշխարհի համար օրինակ դառնալու հնարավորություն կտար:
«Մեր պարտությունների պատճառն, ըստ մեր հավատամքի, մեր ճակատագրից խուսափելն ու հեշտ ճանապարհով գնալն է: Աշխարհում կա ևս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրված է և ունի առաքելություն: Սակայն այդ ազգը, ի տարբերություն մեզ, ինքնակազմակերպման միջոցով իր առաքելությունն ընդունել է, չի խուսափել և այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15%-ի տերն ու աշխարհի հզորագույն պետություններից մեկի ներկայացուցիչը: Խոսքը հրեա ազգի մասին է:
Բայց մենք խուսափել ենք մեր այն առաքելությունից, պատասխանատվությունից ու ճակատագրից, որը դրված է ընտրված ազգի առաջ: Մեր պարտքն է մեր ազգին ցույց տալ, որ ունենք առաքելություն, ընտրված ժողովուրդ ենք, ու այդ առաքելությունը վերցնելով՝ մեր ազգին բերել փառք»,- ասաց Նարեկ Կաևրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

