«Ինձ համար Արցախի Հանրապետությունում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ չկա, որը պիտի նստի բանակցային սեղանին». Թևան Պողոսյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր սեփական կարծիքը, ամբողջ խնդիրն այն է՝ արդյո՞ք կարող է լինել այնպես, որ Արցախում տիրի մի իրավիճակ, երբ նախընտրական պայքարը ոչ թե ծրագրային լինի, այլ անձերի դաշտում: Եթե ընտրապայքարի շրջանակում քննարկումն ընթանա անձերի դաշտում, պարզ է՝ այստեղ կարող են լինել տարբեր պառակտվածություններ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արտահայտած մտքին, թե Ղարաբաղի էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների ներկա քանակը ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ մասնատվածության դրսևորում:
«Վստահ եմ՝ գլխավոր խնդիրը, թե ինչպես են պատկերացնում Արցախի զարգացումը, արցախյան հիմնահարցին մոտեցումը, բոլորի մոտ լինելու է շատ նման: Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ այդտեղ կարող են ինչ-որ տարանջատումներ լինել: Ինձ թվում է՝ ամբողջ խնդիրը և տարբերությունները լինելու են, թե ով ինչ թիմով է գալիս, ինչ ճանապարհով, սոցիալ-տնտեսական և ժողովրդավարության զարգացման ինչ ծրագրեր են ունենալու: Քննարկման դաշտի մեջ ո՛չ ՀՀ-ի հետ համագործակցության հարցն է լինելու, ո՛չ էլ արցախյան հիմնախնդրին մոտեցումները: Կրկնում եմ՝ դրանք լինելու են շատ նման և մեկ երազանքի միտված»,- նշեց Պողոսյանը:
Ըստ նրա՝ թեպետ սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի են ունենալու Արցախում, թեկնածուներն Արցախից են և պայքարելու են արցախցիների քվեի համար, սակայն ունենք մի իրավիճակ, երբ հայաստանյան լրատվամիջոցները, լրատվությունը փակում են այնտեղի լրատվադաշտը, քանի որ միայն «Արցախպրեսով» և տեղական հեռուստատեսությամբ դժվար է դա անել: Այսինքն՝ բոլորը հետևում են ՀՀ լրատվական դաշտին:
«Այստեղ խնդիրն այսպես եմ պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է հայաստանյան լրատվական դաշտն աշխատի, որ տեղեկատվական իմաստով դիսբալանս չլինի՝ ներկայացնելու թեկնածուների ծրագրերը: ՀՀ-ում պետք է այդ նրբանկատությունը հաշվի առնել, որ չլինի այնպես՝ մեկն ունի ՀՀ գալու հնարավորություններ, կամ հայաստանյան մամուլը միայն իրենց է լուսաբանում՝ անտեսելով մնացածներին կամ չհասցնելով նրանց ևս ձայն տալ: Խնդիր պիտի դրվի, որ հայաստանյան մամուլի ներկայացուցիչները ևս այցելեն Արցախ և բոլորին ձայնի և ներկայանալու հավասար հնարավորություններ տան, այդ թվում՝ հավասար ժամանակով, չպետք է ինչ-որ մեկին նախապատվություն տրվի: Իսկ ընտրության իմաստով՝ ճիշտ է, որ արցախցին որոշի, թե իրեն ինչ նախագահ է պետք: ՀՀ-ից որևէ կերպ չպետք է փորձեն այս խնդրի մեջ ներգրավված լինել»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքն էլ, ինչպես Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, այն կարծիքին է, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ այս կամ այն թեկնածուների մասին «պատվիրված հոդվածներով» պառակտում են մտցնում Արցախում և միջամտում ներքաղաքական պայքարին:
«Ես ասացի, որ կարող է ձևավորվել դիսբալանս: Ես չգիտեմ՝ դա պատվիրվա՞ծ է, թե՞ չպատվիրված, կամ ո՞ւմ կողմից, բայց մի բան պարզ է՝ բոլորին պետք է տրվեն հավասար հնարավորություններ, և թող արցախցին որոշի: Օրինակ՝ մեկ թեկնածու արդեն 3-4 անգամ տարբեր լրատվամիջոցներ գնում է և խոսում, իսկ շատ թեկնածուների անուններ ՀՀ-ում նույնիսկ չեն էլ հիշում: ՀՀ-ում խոսում են հիմնականում միայն երեք թեկնածուի մասին, տպավորություն է, թե միայն այդ երեքն են կամ չորսը: Չպետք է թույլ տալ, որ լինի տեղեկատվական դիսբալանս, հենց դա եղավ, բնական է՝ սկսելու են մեղադրանքներ հնչեցվել, իսկ մեղադրանքների դաշտը բերելու է անձնական մոտեցումներ, և ծրագրերի քննարկման փոխարեն՝ սկսելու ենք անձերին քննարկել: Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն, ինչպես Արցախի անվտանգության երաշխավորն է, այդպես պետք է լինի նաև տեղեկատվական անվտանգության երաշխավորը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման: Մենք, կարող է, որոշենք մի տեղեկություն հրապարակել՝ մտածելով, որ դա կհետաքրքրի ՀՀ քաղաքացիներին, բայց դա լուրջ ներազդեցություն ունենա Արցախում»,- արձագանքեց Թևան Պողոսյանը:
Դիտարկմանը՝ ուզենք թե չուզենք, Արցախի նախագահի թեկնածուների մեջ լրատվադաշտը փնտրում է ՀՀ իշխանությունների թեկնածուին, անգամ՝ նախկին իշխանությունների, և որ, բնականաբար, դերակատարում ունենալու է ՀՀ իշխանությունների հետ նորմալ համագործակցության պատրաստ լինելու փաստը, քաղաքական գործիչը շեշտեց, թե ՀՀ իշխանությունները խոստացել են՝ անելու են ամեն ինչ, որ Արցախի ընտրություններն անցնեն ազատ և թափանցիկ, մրցակցային՝ հորդորելով խոսակցություններ չտանել, թե այս կամ այն թեկնածուն ում թեկնածուն է:
«Արցախի իշխանություններն աշխատելու են ՀՀ-ի իշխանությունների հետ, և հակառակը՝ ովքեր էլ որ լինեն: ՀՀ-ում խոսք են տվել՝ դուք ընտրեք, մենք իրենց հետ աշխատելու ենք: Երկու կողմում էլ այդ խոստումը կա, ինչո՞ւ ենք փորձում քննարկել այն թեման՝ ով է ձեր թեկնածուն: Ինչո՞ւ չենք քննարկում՝ ով է Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի թեկնածուն: Պետք է նրբանկատություն դրսևորել»,- շարունակեց Պողոսյանը:
Հարցին՝ կա՞ն Արցախ-ՀՀ հակասություններ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարթությունում, քանի որ Արցախի հարցը կարևոր դերակատարում ընտրությունների ժամանակ ունենում է, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը հիշեցրեց ՀՀ իշխանությունների պնդումը՝ հակասություններ չկան, և, որ Արցախի գործող նախագահի կողմից հակադարձում կամ այլ տարբերակ չի հնչել ևս:
«Այլ թեկնածուների կողմից կան տարբեր մտքեր, բայց նրանք արցախցու քվեի համար են պայքարում, դա իրենց ներքին պայքարն է: Չպետք է այլ բան այսօր փորձել գտնել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կարգավիճակի բարձրացմանը և բանակցություններում մասնակցություն ապահովելուն, թեպետ օրերս ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ևս ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որևիցե խնդիր չի տեսնում, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, թե՛ իրենց ժառանգները, թե՛ իրենք իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ, Ալիևի հետ գան՝ որպես պատվիրակության անդամ, Թ. Պողոսյանն արձագանքեց. «Երբ ասում են՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք», հասկանում եմ հետևյալը՝ մարդ, որը ժամանակին ծնվել է Ղարաբաղի տարածքում, բայց իրեն համարում է Ադրբեջանի քաղաքացի, նա Արցախի Հանրապետության քաղաքացի չի: Ի՞նչ համայնքի մասին է խոսքը: Ինձ համար Արցախի Հանրապետությունում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ չկա, որը պիտի նստի բանակցային սեղանին: Ինձ համար բանակցություններում կա կոնֆլիկտի երեք կողմ՝ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և ՀՀ-ն՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր»:
Հակադարձմանը, որ անհրաժեշտ է այնպես անել, որ միջազգային հանրությունը և ՄԽ-ն ևս այս ընկալումն ունենան, Թևան Պողոսյանը համաձայնեց. «Լավ հարց տվեցիք՝ արդյո՞ք մենք ունենք «տնային աշխատանք» անելու խնդիր, որ միջազգային հանրությունն այս հասկացողությունն ընկալի, ինչպես մենք ենք ցանկանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ կա մի շատ կարևոր փուլ, երբ պետք է հասկանանք երևույթները, և ցույց տվեց բաժակը՝ ասելով, որ գլխավորը՝ բաժակին նայելով՝ մենք հասկանանք նույն բանը: Ես կավելացնեմ՝ մեր շահերից է բխում, որ աշխարհին երբ ցույց տանք բաժակը, իրենք տեսնեն հայկական բաժակը, ոչ թե ադրբեջանականը»:
Միաժամանակ Պողոսյանն ընդգծեց՝ աշխարհը գիտի, որ հայկական կողմը խաղաղասեր է: