«Առաջարկում եմ պարոն Հարությունյանին համագործակցել Արդարադատության նախարարության հետ». Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցին, որով վերջինս անդրադարձել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին և չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել Ռուստամ Բադասյանի կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ:
«Խորապես հարգելով նման ձևաչափով մասնագիտական նկատառումներ ներկայացնելու մոտեցումը՝ ներկայացնեմ նաև իմ հակափաստարկները՝ ի պատասխան արդարադատության նախկին նախարարի դիտարկումների:
1. Փաստարկ 1-ում բարձրացված հարցի կապակցությամբ պետք է նշել, որ արդարադատության նախարարությունը երբևէ չի նույնացրել գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի մոդելը առաջարկվող տարբերակի հետ և մի շարք դեպքերում շեշտել է դրանց տարբերությունները:
Գործող վաղ կենսաթոշակի համակարգի վկայակոչումը նպատակ է հետապնդել միայն մատնանշել, որ մեր օրենսդրությամբ արդեն իսկ առկա է վաղ կենսաթոշակի համակարգ, որի առհասարակ գոյության հնարավորությունը մի շարք անձանց կողմից կասկածի տակ էր դրվում: Հատկանշական է, որ հենց պարոն Հարությունյանը իր տեքստում (Փաստարկ 1, երրորդ պարբերություն, երկրորդ նախադասություն) գործող հնարավորությունը անվանում է «վաղ կենսաթոշակ»:
Պարոն Հարությունյանը նշել է, որ տրամաբանական է վաղ կենսաթոշակի իրավունք տալ միայն առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորներին, ինչը «արդարացված է ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է»: Այս դիտարկումը ևս մեկ անգամ հիմնավորում է 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նոր մոդելի կյանքի կոչման անհրաժեշտությունը, քանի որ հենց պարոն Հարությունյանը ինքը գործող վաղ կենսաթոշակի համակարգը հիմնավորում է սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ դատավորի կարգավիճակը միասնակացնելու պահանջով:
Մեր կողմից առաջարկվող հնարավորությունը ևս մեկ գործիք է Սահմանադրական դատարանը դարձնելու այնպիսին, ինչպիսին 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված է՝ հաշվի առնելով ինչպես դատավորների պաշտոնավարման տարիքի տարբերությունները, այնպես էլ ընտրման մեխանիզմը և այլն: Բացի այդ նշվել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն): Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 60-րդ կետի բառացի շարադրանքն է. «Նախ և առաջ Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ունենան միևնույն կարգավիճակը՝ անկախ նրանից՝ նշանակվել են մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները, թե դրանից հետո:
Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականը նշանակված դատավորների վաղ կենսաթոշակի համակարգին, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղաժամկետ կենսաթոշակային համակարգերը, երբ դրանք պարտադիր էին, կամ երբ նրանք ազդում էին մեծ թվով դատավորների վրա: Սակայն, այս քննադատությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ հրաժարականը կապված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման հետ»:
Այսպիսով՝ կարելի է եզրահանգել, որ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների միևնույն կարգավիճակ ունենալը, իսկ վաղ կենսաթոշակի համակարգը ակնհայտորեն քննարկվում է մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները նշանակված դատավորների համատեքստում: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի և առաջարկվող տարբերակի միջև ստացվող գումարների տարբերությունների մասին փաստարկը որևէ կերպ չի հերքվել, ավելին ընդգծվել է իմ կողմից Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս:
2. Փաստարկ 2-ում նշված դրույթները տրամաբանական հակասության մեջ են Փաստարկ 1-ում ներկայացված այն մտքին, որ ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից արդարացված է վաղ կենսաթոշակի գործող համակարգը (առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների համար): Եթե սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, ինչպես պնդում է պարոն Հարությունյանը, և յուրաքանչյուր օրենքի կարգավորում, որը նպաստում է ավելի արագ կյանքի կոչվելուն հակասահմանադրական է և անթույլատրելի, ապա առնվազն նման գնահատականներ պետք է հնչեն նաև գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի նկատմամբ, ինչը, սակայն, որակվել է որպես «տրամաբանական և արդարացված»:
Բացի այդ, անհասկանալի է նաև այն հիմնավորումը, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորները ընտրվում են Հանրապետության նախագահի, Կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկած թեկնածուներից՝ Ազգային ժողովի կողմից:
Առաջադրման այս համակարգը ինքնին ապահովում է թեկնածուների ներկայացումը այնպիսի մարմինների կողմից, որոնք չեն կարող պատկանել մեկ քաղաքական ուժի: 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ այն նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների շարունակում այն դեպքում, երբ մնացած բոլոր դատարանների նախագահների համար նախատեսված է նոր ընտրության կարգ:
3. Միջազգային փորձի առնչությամբ նախ հարկ է նշել, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները, ինչը բազմիցս նշվել է նախագծի հեղինակների կողմից: Հիմնավորումները ներկայացնելիս ներկայացվել է միջազգային պրակտիկայի ամբողջական պատկերը: Այսպես՝ օրինակ Հունգարիայի և Լեհաստանի փորձը առանձնացվել է որպես վաղ կենսաթոշակի հարկադիր կառուցակարգի օրինակ՝ Նախագծի հիմնավորումներում բառացիորեն նշելով հետևյալը. «Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու՝ Հունգարիայի և Լեհաստանի մոդելները ԵՄ և ԵԽ կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից խնդրահարույց են որակվել դատարանների անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և տարիքի հիմքով խտրականության (Եվրոպական հանձնաժողով) տեսանկյունից»:
4. Վկայակոչվել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007 թվականի զեկույցը՝ նշելով, որ դրանում անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց։ Մինչդեռ, հարկ է նշել, որ նշված զեկույցում քննադատության է արժանացել ոչ թե Նախագծի կարգավորումները, այլ այն, որ Նախագծով ամրագրված վաղ կենսաթոշակի կառուցակարգը օգտագործվել է որպես որոշ դատավորներին՝ նրանց լիազորությունները դադարեցնելու և նրանց բոլոր արտոնություններից զրկելու սպառնալու գործիք:
5. Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կողմից վաղ կենսաթոշակի վերաբերյալ եզրակացությանը՝ նշվել է, որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված պայմանները դարձրել է ֆիկցիա, մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ կենսաթոշակի իրացման ժամկետային պայմաններ չի քննարկել և չի անդրադարձել այդ իրավունքի իրացման համար նախատեսված Նախագծի ժամկետին:
Հ.Գ. Անկեղծ մղումներով առաջարկում եմ պարոն Հարությունյանին համագործակցել Արդարադատության նախարարության հետ՝ հատկապես նման կարևոր նախագծերի մշակման աշխատանքների ընթացքում և մասնագիտական առաջարկները ներկայացնել նաև դրանց հանրային քննարկման փուլում: