Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ․ Հաջիև
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
The Washington Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցուցաբերել է «խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն» և ակտիվորեն աջակցել է ադրբեջանա-հայաստանյան կարգավորմանը։
«Դոնալդ Թրամփի արագ արձագանքը և գործընթացին նրա լիարժեք ներգրավվածությունը արժանի են բարձր գովասանքի»,-հավելել է նա։
Հաջիևը նշել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացին։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ լուրջ ջանքեր են գործադրում խաղաղությունն ամրապնդելու համար, սակայն ԱՄՆ Կոնգրեսում որոշակի նախաձեռնություններ ավելորդ են և բաժանարար։ Նա նաև ընդգծել է, որ Բայդենի և պետքարտուղար Բլինկենի վարչակազմերի օրոք երկու կողմերի միջև առաջացել են բազմաթիվ թյուրըմբռնումներ, որոնք զգալիորեն վնասել են հարաբերությունները։
Հաջիևը նաև նշել է, որ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկախվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայկական շուկա։ «Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց այն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ», – ընդգծել է նա։
Նախագահի օգնականը նաև նշել է, որ Ադրբեջանի կրոնական բազմակարծության մոդելը երկիրը դարձնում է Արևմուտքի բնական գործընկեր անկայուն տարածաշրջանում: «Հրեական և քրիստոնեական համայնքները դարեր շարունակ ապրել են այստեղ մուսուլմանների հետ կողք կողքի: Սա մեր ավանդույթն ու ինքնությունն է: Մենք վճռականորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին և զգում ենք Թրամփի վարչակազմի լիակատար աջակցությունը», – հայտարարել է Հաջիևը:
