Բաժիններ՝

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան այցելելուց, հայտնում է Fox News-ը։

Պետդեպը վկայակոչել է «ահաբեկչության, անօրինական ձերբակալությունների և տեղական օրենքների կամայական կիրառման հետ կապված բազմաթիվ բարձր ռիսկերը»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնյաների հնարավորությունները՝ օգնելու ամերիկացիներին, սահմանափակ են այն բանից հետո, երբ Մոսկվայում դեսպանատունը կրճատել է հաստիքները, իսկ Ռուսաստանում հյուպատոսությունները դադարեցրել են իրենց աշխատանքը։

«Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Ռուսաստանցի պաշտոնյաները հաճախ առանց որևէ պատճառի հարցաքննում և սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին»,- ասվում է փաստաթղթում։ Նախազգուշացման մեջ նշվում է, որ կան նախադեպեր, երբ ռուսաստանյան հատուկ ծառայությունները շինծու մեղադրանքներով ձերբակալել են ամերիկացիների։

Ճանապարհորդներին նաև խորհուրդ են տվել վերանայել երկիր էլեկտրոնային սարքեր ներկրելու նպատակահարմարությունը։ Պետք է հիմնվել այն կանխավարկածի վրա, որ կապի բոլոր էլեկտրոնային միջոցներն ու սարքերը վերահսկվում են։

Պատժամիջոցների պատճառով ամերիկյան դեբետային և վարկային քարտերը Ռուսաստանում այլևս չեն գործում, և «ԱՄՆ-ից Ռուսաստան էլեկտրոնային դրամական փոխանցումների իրականացումը գրեթե անհնար է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախազգուշացման համաձայն, զբոսաշրջիկները, որոնք որոշել են մեկնել Ռուսաստան, պետք է «պատրաստ լինեն անորոշ ժամկետով ձերբակալվելու հնարավորությանը»։

«Դուրս եկեք սոցիալական ցանցերի ձեր բոլոր հաշիվներից և մի օգտագործեք դրանք Ռուսաստանում գտնվելու ընթացքում»,- ասվում է հանձնարարականում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս