Բաժիններ՝

ԱՄՆ-ն ռեկորդային հեռահարության ուղղաթիռային զինամթերք է փորձարկել

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը հեռահար նոր զինամթերքի փորձարկում է իրականացրել, որը նախատեսված է հարվածային ուղղաթիռների գործողության շառավիղն էականորեն մեծացնելու համար: Ցածր բարձրությունների վրա փորձարկումն անցկացվել է Ատլանտյան փորձադաշտում:

Փորձարկման ընթացքում AH-1Z Viper ուղղաթիռից արձակված Red Wolf նոր զինամթերքը, որը մշակել է L3Harris Technologies ընկերությունը, հաջողությամբ խոցել է ծովային թիրախը: Սա կարևոր փուլ է LRAM (Long Range Attack Missile) ծրագրի հնարավորությունների ցուցադրման գործում:

LRAM ծրագրի նպատակն է ծովային հետևակի ուղղաթիռային ավիացիային հնարավորություն տալ հարվածներ հասցնել զգալիորեն մեծ հեռավորությունից, քան թույլ են տալիս ներկայիս սպառազինության համակարգերը, հայտնում է Naked Science-ը:

Համեմատության համար նշենք, որ ուղղաթիռային ներկայիս զինամթերքները, ինչպիսիք են AGM-114 Hellfire և Joint Air-to-Ground Missile – Medium Range-ը, ունեն համապատասխանաբար մոտ 34 և 16 կիլոմետր արդյունավետ հեռահարություն: Red Wolf-ը պետք է զգալիորեն գերազանցի այդ ցուցանիշները՝ անձնակազմերին թույլ տալով գործել թշնամու ՀՕՊ խոցման գոտիներից դուրս:

Փորձարկումների ժամանակ Red Wolf-ը նաև նշանառման հանգույցի և ցանցային փոխգործակցության գործառույթներ կատարելու կարողություն է դրսևորել՝ հաստատելով, որ այն պարզապես «արձակել և մոռանալ» տեսակի դասական զենք չէ: Ըստ պաշտոնյաների, զինամթերքն ընդունակ է թռիչքի ժամանակ հավաքել, փոխանցել և փոխանակել թիրախավորման տվյալները՝ աջակցելով այլ հարթակների հետագա հարվածներին:

Բացի այդ, սա առաջին դեպքն էր, երբ ծովային հետևակի ուղղաթիռը կիրառեց պլանշետային ինտերֆեյսով կառավարվող զինատեսակ: Սա ընդգծում է շահագործումը պարզեցնելու և անձնակազմի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ձգտումը:

Red Wolf-ն ունի տուրբոռեակտիվ շարժիչ, մոտ 1,8 մետր երկարություն և ծալովի կայունարարներ: Այն կարող է կրել մինչև 11,4 կիլոգրամ օգտակար բեռ: Red Wolf-ը թռչում է մինչձայնային արագությամբ և ունի մոտ 370 կիլոմետր հեռահարություն:

Սպասվում է, որ Red Wolf-ը մարտական պատրաստության առաջին փուլին պատրաստ կլինի 2026 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս