«Մեր երկրում արդեն 7 տարի է՝ նահանջ տարի է. Իմ ազգին միայն խելք ու կամք եմ մաղթում, պայքարի ու ընդվզելու ունակություն». Աշոտ Ավագյան

Այս տարի Ամանորը «Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանն անսովոր պայմաններում է դիմավորել, քանի որ մարտական ընկերը՝ Աշոտ Մինասյանը, բանտում է, բանտարկված են նաև 4 սրբազաններ, ազգային բարերար ու շատ մարդիկ, որոնք Նոր տարին իրենց ընտանիքներում՝ երեխաների հետ չեն դիմավորել, որովհետև բանտում են։

Քանդակագործի խոսքով՝ սովորաբար այնպես է եղել, որ հունվարի 1-ն իր համար սովորական օրերից է եղել, քանի որ Ամանորը միշտ նշել է դեկտեմբերի 21-ին՝ որպես արևածագի ու արևագալի օր։

«Ինձ համար Ամանորը հենց արևագալն է, որ Նոր տարին, նոր հույսեր, երազանքներ է բերում։ Այդ օրն անպայման ես «պերֆորմանսներ» էի անում, բայց այս տարի չեմ արել, սիրտ չկա։

Մեր երկրում արդեն 7 տարի է՝ նահանջ տարի է, ոչ մի ձեռքբերում, միայն կորուստներ ու կորուստներ, բայց ես մեծ հույս ունեմ, որ այլևս նահանջ տարի չենք ունենալու, որովհետև մեզ նահանջ տարիներ բերած իշխանությունը կհեռացվի։

Կարդացեք նաև

Սիսիանում մի ավանդույթ կա, 7 տարին մեկ է հողը լավ բերք տալիս՝ ցորեն, գարի և այլն, սա ես մեր մեծերից եմ լսել, հետևաբար կարծում եմ՝ այս տարի փոփոխությունների տարի է լինելու։ Քաղաքագետ չեմ, բայց սրտով եմ այդպես զգում, գուցե քաղաքագետներն այլ կանխատեսումներ անեն։  Զգացողությունս շատ սուր է, որ այս ՝ 2026 թվականը մեր բոլորիս համար լուրջ փոփոխությունների տարի է լինելու, ասեմ նաև, որ իմ զգացողությունները երբեք ինձ չեն խաբել»,- 168.am հետ զրույցում ամփոփելով 2025 թվականը և խոսելով այս տարվա սպասելիքների մասին՝ նշեց Աշոտ Ավագյանը։

Նա վստահ է՝ խորհրդարանական ընտրությունները կարևոր գործոն են լինելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրա իշխանությունը հեռացնելու համար։ Այնպես պետք է լինի, որ ՔՊ-ն խորհրդարանում որոշումներ ընդունելու ձայն չունենա, որպեսզի Հայաստանը կարողանա ոտքի կանգնել։

«Չգիտեք՝ ինչու, վստահ եմ, որ ՔՊ-ից խորհրդարան է անցնելու մի քանի հոգի, այսինքն՝ այն քանակով, որ ԱԺ դահլիճում չեն կարողանալու սարքել այն կռիվները, որոնք հիմա սարքում են»,- հավելեց Աշոտ Ավագյանը։

Քանդակագործը նաև ասաց, որ ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Սիսիանում Ամանորը նույն կերպ են նշել՝ մեկ սեղանի շուրջ հավաքվում են  ամբողջ ընտանիքը, ամփոփում անցնող տարին ու տրամադրվում նոր տարուն, որը կարող է բերել՝ ինչպես դժվարություններ, այնպես էլ՝ լավ անակնկալներ։

Շնորհավորելով հայ ազգի Ամանորը, Աշոտ Ավագյանը մաղթեց.

«Իմ ազգին խելք եմ մաղթում, միայն խելք ու կամք, պայքարի ու ընդվզելու ունակություն։ Թե չէ մնացած բաներն անցնող բաներ են»։

Տեսանյութեր

Լրահոս