Ղազախստանը մտադիր է ՌԴ-ն շրջանցող երթուղու փաստաթուղթ ստորագրել. նախագծում ներառված է նաև Հայաստանը
Ղազախստանը պատրաստվում է ստորագրել TRACECA-ի՝ Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղու, միասնական տարանցիկ թույլտվության մասին համաձայնագիրը, հայտնում է КазТАГ գործակալությունը:
«Սույն համաձայնագրի դրույթները կարգավորում են կողմ պետությունների տարածքներով ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային տարանցիկ փոխադրումները՝ միասնական տարանցիկ թույլտվության կիրառմամբ, սահմանում են դրա տրամադրման, կիրառման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ՄՏԹ-ի (միասնական տարանցիկ թույլտվություն) հետ անմիջականորեն կապված այլ դրույթներ»,- ասված է կառավարության որոշման նախագծի նկարագրության մեջ:
Ըստ փաստաթղթի, համաձայնագիրը նախատեսում է տարանցիկ թույլտվությունների միասնական մեխանիզմի ստեղծում՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումները պարզեցնելու և արագացնելու, ընթացակարգերի թափանցիկությունն ու թվայնացումը բարձրացնելու, ինչպես նաև TRACECA-ի երթուղիներով տարանցիկ հոսքերն ավելացնելու համար:
«Առաջին գործնական արդյունքներն ակնկալվում են փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո (չորրորդ ծանուցումը ստանալուց 30 օր անց), իսկ ՄՏԹ-ի կիրառման տարեկան ցիկլը՝ հունվարի 1-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, թույլ կտա ապահովել փոխադրումների կայուն պլանավորում և կանխատեսելիություն։ Համաձայնագրի դրույթների իրականացումը պետք է հանգեցնի իրավասու մարմինների միջև համակարգման բարելավմանը, սահմանների հատման ժամանակի կրճատմանը և տարանցիկ փոխադրումների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը»,- նշված է փաստաթղթում:
TRACECA-ն (Transport Corridor Europe-Caucasus-Asia) համագործակցության միջազգային ծրագիր է, որը նախաձեռնել է Եվրոպական միությունը 1993 թվականին՝ Բրյուսելի համաժողովում: Այն ուղղված է «Եվրոպա – Կովկաս – Ասիա» տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ու զարգացմանը:
Այն միավորում է 13 երկիր, այդ թվում՝ Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքիան, Իրանը և այլն։ Նպատակն է արդիականացնել երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և օդային երթուղիները Սև ծովի, Կովկասի և Կասպից ծովի միջոցով՝ բեռների և ուղևորների մուլտիմոդալ փոխադրումների համար՝ միասնական տրանսպորտային փաստաթղթով:
Ծրագիրը նախատեսված է որպես տարածաշրջանների տնտեսական ինտեգրմանը, առևտրին, ներդրումներին նպաստող միջոց և այլընտրանք ավանդական երթուղիներին, ինչպիսին է Տրանսսիբը։ Այն համակարգվում է Միջկառավարական հանձնաժողովի միջոցով:
