Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանություններն իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։
Ու ժամանակն է հասկանալու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքանով նոր իշխանություններին հաջողվեց իրականացնել բարեփոխումների օրակարգը, որպեսզի այն տեսանելի լինի հասարակ քաղաքացու համար։
Եթե մանրամասն դիտարկենք իրադարձությունների շարքը, ապա կտեսնենք, որ տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, կալանավորումների շքերթով, բռնոցի-բացթողնոցիներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարություններով։
Եվ չնայած մարդիկ միամտորեն ակնկալիքներ ունեին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարների հաշվին իրենց կյանքը կբարելավվի, բնականաբար, դա տեղի չունեցավ։
Քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները միայն նպատակ էին հետապնդում՝ ուղղակի հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դրական փոփոխություններ են սկսվել երկրում, և մինչ ժողովուրդը զբաղված կլիներ այդ շոուն մարսելով՝ իշխանությունները կխուսափեին պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և իրատեսական ծրագրեր կյանքի կոչել։
Իսկ երբ հանրային հետաքրքրությունը ձերբակալությունների նկատմամբ սկսում էր թուլանալ, իշխանությունները սկսում էին մտածել նոր աղմկահարույց գործ հարուցելու մասին, որն իր վրա կգրավեր հասարակության ուշադրությունը։
Նրա մասին, որ իշխանություններն այդ մոտեցմամբ ընդամենը տեղեկատվական հոսքերի միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու խնդիր են լուծում, վկայում է նաև վարչապետ Փաշինյանի գործելաոճը, երբ վերջինս ԱԺ ամբիոնից կամ ուղիղ եթերների ընթացքում անոնսում էր քրեական գործերի հարուցման մասին տեղեկությունները, որի իրավունքը ինքը չունի, և դա միայն իրավապահ մարմինների գործն է։
Ուշագրավ է, որ հենց կոռուպցիայի պայքարի պիտակի ներքո էլ իշխանությունների կողմից թիրախավորվեցին ընդդիմադիր ուժերը և գործիչները՝ որակվելով որպես կոռուպցիոներ կան թալանչի՝ անկախ այն հանգամանքից՝ նման տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ։
Չնայած իշխանափոխությունից հետո ստեղծվել էր շատ պատեհ իրավիճակ հասարակությանը համախմբելու և ռազմավարական ծրագրեր առաջ քաշելու համար, սակայն իշխանությունները ընտրեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհը, և առաջնահերթ համարեցին միայն իրենց քաղաքական շահը, որից պետք է ածանցվեն մնացած հարցերը։
Այս հանգամանքով էին պայմանավորված նաև դատական համակարգի վրա բիրտ ճնշումները։ Եվ հիմա արդեն պատահական չէ, որ հասարակական տրամադրությունների փոփոխություն կա, բնակչության շրջանում իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, որ ունեին էյֆորիկ շրջանում։
Դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։ Այսպես, ԱՄՆ-ում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին:
Այս ցուցանիշն ուշագրավ է այն համատեքստում, որ մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։
Եվ եթե հաշվի ենք առնում, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70,42 %-ը, ապա պատկերը պարզ է դառնում։
Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում, և եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարի բախվելու ենք այնպիսի գլոբալ պրոբլեմների, ինչպիսիք են թանկացումների հարցը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման, ապա կարելի է ենթադրել, որ կարճ ժամանակ անց իշխանությունների վարկանիշից կարող են միայն փշուրներ մնալ։
Այս համատեքստում բավական հետաքրքրական է նաև, որ ըստ IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է իշխանությունների կողմից ճնշումների տակ հայտնված Սահմանադրական դատարանը»: