Նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, գործող էներգաբլոկի կյանքը կերկարացվի մինչև 2026թ.
Հայաստանն այս պահին նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում, գործող էներգաբլոկի կյանքն էլ արդիականացման աշխատանքների ավարտից հետո կերկարացվի մինչև 2026 թվական, սակայն թույլատրելի է նաև մինչև 2036-ը: Այս մասին ՀԱԷԿ-ում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է նոր ատոմակայանի կառուցում:
«Ներկայումս Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների ծրագրեր ունեն, սակայն դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ երբ ինչ-որ փուլում գործարկվեն, Հայաստանը կարող է նման խնդիր դնել իր առաջ: Սակայն այս պահին այս էներգաբլոկը կարող է իր կյանքը երկարացնել նախ մինչև 2026 թվականը, սակայն թույլատրելի է մինչև 2036 թվականը»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ մնացածն արդեն ապագայի ու քննարկումների հարց է:
Նախարարը նշեց՝ չի ուզում ժամանակից առաջ ընկել, սակայն հնարավորությունները թույլ են տալիս աշխատել մինչև 2036 թվական: Հարցին, թե 2021-ին նախատեսվող արդիականացման աշխատանքներից ավարտից հետո արդյոք նախատեսվում է ևս մեկ արդիականացում, որպեսզի ԱԷԿ-ը շահագործվի մինչև 2036-ը, Պապիկյանը պատասխանեց՝ արդիականացումը միշտ անհրաժեշտ է, անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է, որ ամեն տարի որոշակի փոփոխություններ, արդիականացումներ տեղի ունենան:
Անդրադառնալով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետին՝ Պապիկյանը նշեց, որ ատոմակայանի շահագործումն ու լիցենզավորումը միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում է տեղի ունենում: «Մի բան փաստ է, որ Հայաստանի համար ատոմակայանն ունի ստրատեգիական նշանակություն: Հայաստանը խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաև՝ արտահանող երկիր: ԱԷԿ-ը ապահովում է ՀՀ-ի էներգիայի՝ այս պահին 40 տոկոսը, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոսի»,-եզրափակեց Պապիկյանը:
Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրել է Ռուսաստանը: Ռուսաստանը համաձայնել է վարկի օգտագործման ժամկետը երկարացնել մինչև 2021 թվական: