«ՀՀ ներքին քաղաքական կյանքը կառավարվում է վարչապետի և իր տիկնոջ կողմից». Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանն իր օրենսդրական գործունեությունը ձախողել է. «Խորհրդարանը 1 տարվա ընթացքում չի կարողացել վերահսկողություն սահմանել կառավարության և, հատկապես՝ վարչապետի գործունեության նկատմամբ: Վարչապետի եղբոր տղան, անգլերենի դասատուն, քավորը, սանիկը կարո՞ղ են իրականացնել վերահսկողական ֆունկցիա՝ նրա գործունեության նկատմամբ: Կարո՞ղ են կանգնել-ասել՝ պարոն վարչապետ, դուք Իրանում ասում էիք, թե Հայաստանում կան գործակալներ, ի՞նչ եղան այդ գործակալները, հիմա դուք անպատասխանատու հայտարարությո՞ւն եք անում, թե՞ կոծկում եք հանցագործությունը»:

Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում վարչապետն ինչ ուզել՝ արել է, և խորհրդարանն ընդամենը պահել է վարչապետի թիկունքը. «Վերջերս վարչապետը գաղտնի որոշում կայացրեց, ըստ որի՝ պետք է բարձրանային նախարարների աշխատավարձերը. նորմալ պառլամենտական երկրում սա կլիներ սկանդալ, որովհետև շրջանցելով պառլամենտը՝ ինքն իրեն որոշում է կայացնում»:

Դիտարկմանը՝ խորհրդարանում վարչապետն այդ հարցին պատասխանել է, նա այսպես արձագանքեց. «Վարչապետը ոչ թե պատասխանեց այդ հարցին, այլ ուղղակի «կռուտիտ» եղավ: «Իմ քայլի» պատգամավորները չէին կարող վարչապետին կոշտ հարց ուղղել այդ առումով, որովհետև 10 ամսվա ընթացքում խորհրդարանի պատգամավորները 12 անգամ պարգևավճարներ են ստացել: Այսինքն՝ եթե պատգամավորներն այսօր ուղղակի կոճակ սեղմելու համար մոտավորապես 1 մլն դրամ աշխատավարձ են ստանում, բողոքեին վարչապետի գաղտնի որոշման համար, այդ ժամանակ կարող էին պատգամավորների բերանը շատ հանգիստ փակել»:

Արթուր Համբարձումյանն ընդգծեց՝ այս իշխանությունները բացարձակապես չեն տարբերվում նախկին իշխանություններից. «Այս իշխանությունները նախկին իշխանությունների օրգանական շարունակությունն են, միայն մեկ տարբերությամբ՝ սրանք ավելի տգետ են»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, ՔՊ նախկին անդամ Արթուր Համբարձումյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ տալը բավականին բարդ է. «Ես 2017թ. մի անգամ իրեն ասացի՝ ե՞րբ է վարչությունը վերջին անգամ փորձել քաղաքական որոշում կայացնել, որին դու դեմ ես եղել, և այդ որոշումը կայացվել է: Եվ նա ինձ այնպիսի պատասխան տվեց, որ՝ գիտե՞ք ինչ՝ այո, ես խորհուրդներ չեմ ընդունում և շատ լավ եմ զգում ինձ այդ ամպլուայի մեջ: Դա 2017թ. սեպտեմբերին էր՝ մեր տանը, այդ հանդիպմանը ներկա էին Աղազարյանը, Միրզոյանը, Պապիկյանը և Գյումրիից մի քանի հոգի: 2016թ. և դրանից առաջ նա իրեն երբեք նման ցինիկ պատասխան թույլ չէր տա: Այդ ժամանակ արդեն իշխանություն ուներ՝ «Ելք» խմբակցության ղեկավարն էր, և գիտեր, որ վարչապետ է դառնալու»:

Հետաքրքրվեցինք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այն ժամանակ ի՞նչ դերակատարում ուներ, հանդիպումներին մասնակցո՞ւմ էր: «Այն ժամանակ չեմ նկատել, հիմա, կարծում եմ՝ վարչապետի տիկինը շատ մեծ դերակատարություն ունի պետության կառավարման գործընթացի վրա: Երբ վարչապետի տիկինն արտաքին և ներքին քաղաքական հայտարարություններ է անում և սխալ հայտարարություններ է անում՝ Արցախի հարցով, ներքին հարաբերությունների վերաբերյալ, և Փաշինյանը ոչ թե սաստում է կնոջը, այլ մտնում՝ ժամերով մեկնաբանում է կնոջ խոսքը, դա ինչի՞ դրսևորում է: Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ ներքին քաղաքական կյանքը կառավարվում է վարչապետի և իր տիկնոջ կողմից»:

Արթուր Համբարձումյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ժառանգորդն է եղել: Հարցին՝ հնարավոր չէ՞, որ Ռուսաստանը կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոններ դեմ լինեին Սերժ Սարգսյանին և ուժային կառույցների օգնությամբ իրականացնեին այն, ինչ եղավ, նա պատասխանեց. «Հնարավոր է: Գեորգի Կուտոյանը որտե՞ղ է: Գեորգի Կուտոյանն ԱԱԾ ղեկավար նշանակվեց օրենքի կոպտագույն խախտումով. նա բանակում չի ծառայել, իսկ ԱԱԾ ղեկավարը պետք է բանակում ծառայած լինի, ունենա գնդապետի կոչում: Այն ժամանակ մի պատգամավոր կար՝ Նիկոլ Փաշինյան անունով, որը չխոսեց: Հետաքրքիր է՝ Գեորգի Կուտոյանն ինչպիսի՞ դերակատարում է ունեցել թավշյա, ոչ բռնի կլոունադայի ընթացքում: Ժամանակ կգա՝ իրենք այդ հարցերին ստիպված կլինեն պատասխանել»:

Անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գլխավորող Անդրանիկ Քոչարյանի կենսագրությանը՝ Արթուր Համբարձումյանն ասաց, որ նա եղել է այն անձնավորությունը, որը փլատակների վրա կայանում էր. «Անդրանիկ Քոչարյանը եկել էր փշրված, ավերված Գյումրի և մարդկանց ողբերգության վրա կայանում էր: Անդրանիկ Քոչարյանը Շիրակի մարզում բազմաթիվ այլանդակությունների հեղինակ է, այդ մասին բոլորը գիտեն: Եկեք՝ միասին գնանք Գյումրի, հարցնենք՝ ի՞նչ եք մտածում Անդրանիկ Քոչարյանի, կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «հրեշի» մասին, և իրենք կպատասխանեն, թե ինչ են հիշում այդ մարդու մասին, ում Փաշինյանը տարել է պառլամենտ: Անդրանիկ Քոչարյանի կոլեգաներն ասում են՝ վերադարձ հնին այլևս չի կարող տեղի ունենալ. պատկերացնո՞ւմ եք սրանց ցինիզմի մակարդակը: Ի՞նչ հնի մասին է խոսքը, եթե դուք ուղնուծուծով հին եք»:

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմին, նա ասաց, որ 2016թ. ապրիլի 31-ին կամ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն իր ջոկատով հասնում է Արցախ, իսկ հետագայում տարածում են, թե մասնակցել են Ապրիլյան պատերազմին. «Բազմիցս վարչապետն է ասել այդ մասին, բազմաթիվ պատգամավորներ ու նախարարներ այդ մասին գրել են նաև իրենց CV-ներում: Հիմա խորհուրդ եմ տալիս Քոչարյան Անդրանիկին՝ կանչել Տիգրան Ավինյանին և հարցնել՝ ապրիլ-մայիս ամիսներին պաշտպանական ի՞նչ գործողությունների ես մասնակցել: Խորհուրդ եմ տալիս ՔՊ վարչության ընտրման օրը Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը վերցնել ու հարցնել, թե Փաշինյանն ինչո՞ւ է ստում: ԱԺ-ում 1974 թվականից հետո ծնված 55 արական սեռի իմքայլական պատգամավոր կա, որոնցից 30-ը չի ծառայել բանակում: Հիմա հարց եմ ուղղում Անդրանիկ Քոչարյանին՝ կանչեք այդ 30 հոգուն և հարցրեք՝ այդ ինչպե՞ս է եղել, որ բանակում չեք ծառայել: Որի կենսագրությունը նայում ես՝ կամ դոկտոր է, կամ հիվանդ. հիմա սա Ա՞Ժ է, թե՞ հիվանդանոց»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս