«Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ». Ռուստամ Բադասյան

Դեկտեմբերի 7-ին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը: Ֆորումում   քաղհասարակության ներկայացուցիչները բարձրացրել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և, իրենց բնորոշմամբ, դատարանում առկա ճգնաժամի հարցը: Կոչ են արել Հայաստանի իշխանությանը՝ շուտափույթ ջանքեր կիրառել խնդիրը հանգուցալուծելու և նոր Սահմանադրական դատարան կազմավորելու ուղղությամբ, ինչն ամրագրել են հռչակագրում:  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց՝ քանի որ նման հայտարարություն արել է քաղհասարակությունը, և իրենք այնտեղ ներկայացրել են միայն բարեփոխումների իրենց ծրագիրը, ուստի  այդ հատվածին չեն մասնակցել:

«Մենք այս հայտարարությունն ընդունել ենք՝ ի գիտություն»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին և հարցին՝ եթե ՍԴ դատավորները չցանկանան գնալ վաղաժամ թոշակի, ապա իրենց նշած ճգնաժամն ինչպե՞ս է լուծվելու, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ, խնդիրն այն է, որ, եթե հիմա ասեմ, որ մենք նախատեսել ենք սա, ապա դա կարող է դիտվել, որ, եթե ասում ենք, որ սա չի աշխատում, ապա միևնույն է՝ մենք ձեր հետևից գալու ենք: Սա չէ մեր նպատակը: Մեր նպատակն է՝ ամբողջ դատական համակարգում  ապահովել  բարեվարքության ստուգման մեխանիզմներ, մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, որ նախկին իշխանություններն օգտագործում են իրենց լծակները դատավորների վրա ազդեցություն ունենալու համար, Ռուստամ Բադասյանն ասաց, որ, բնականաբար, նման մտահոգություններ ու կարծիքներ կարող են լինել, քանի որ այն ազդեցությունը, որը նախկինում ունեցել է գործադիր իշխանությունը դատական համակարգի ձևավորման վրա, բազմաթիվ նման պնդումներ անելու տեղիք է տալիս:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս